«Հրապարակ»․ Եթե անգամ Անկախության հռչակագիրը եվ Սահմանադրությունը ջնջեք, պատմությունը չեք կարող ջնջել

«Հրապարակ»․ Եթե անգամ Անկախության հռչակագիրը եվ Սահմանադրությունը ջնջեք, պատմությունը չեք կարող ջնջել

«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության, որը Հայաստանն ավելի մրցունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»,- հունվարի 18-ին արդարադատության նախարարություն այցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ չմեկնաբանելով, թե ինչով մրցունակ չէ գործող Սահմանադրությունը։

Ճիշտ հակառակը՝ գովեստի խոսքեր է ասել կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ, այն պարագայում, երբ ինքն ու թիմը մինչ հեղափոխությունը հայտարարում էին, որ այն «կարվել» է Սերժ Սարգսյանի «հագով»։ Ավելին՝ 2015 թվականին ծաղրում էին ընդդիմադիր գործընկերներին, որոնք փորձում էին կանխել նոր Սահմանադրության ընդունումը, ասում էին՝ դա կեղծ օրակարգ է։ Հիմա պարզվում է՝ ուզում են փոխել Սահմանադրությունը, բայց ոչ թե սուպերվարչապետական համակարգը, այլ ինչ-որ ուրիշ բաներ։

«Հասկանալիորեն եւ ակնհայտորեն, մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ եւ անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, եւ շատ կարեւոր է, ի վերջո, պատասխանել հետեւյալ հարցին․ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը եւ բանաձեւը: ․․․ Մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն եւ սոցիալական պետություն»,- ասել է Փաշինյանը եւ անհասկանալի  ձեւակերպում տվել՝ որն է ՀՀ տարածքը․ «Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը․․․ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք եւ սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել՝ քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է ՀՀ հողային հաշվեկշռով»։

Այս հայտարարության քննարկումների մեջ գերիշխող կարծիքն այն է, որ նոր  Սահմանադրությունը Փաշինյանին պետք է Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու», նոր «կադաստրի վկայականով» սահմաններ գծելու համար։ Հիշեցնենք․ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը, Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ի դեպ,  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առիթով իր ուղերձում Փաշինյանը բաց տեքստով էր խոսել այն խմբագրելու անհրաժեշտության մասին՝ հռչակագրի վրա բարդելով ՀՀ դժբախտությունները։ Նա հայտարարել էր, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը «փակել է Խորհրդային Միությունից» հեռանալու մեր ճանապարհները։

Փաստաբան Արամ Օրբելյանին հարցրինք՝ ինչո՞վ է գործող Սահմանադրությունը ոչ մրցունակ, եւ ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը։ «Իրականում այդ ձեւակերպումը՝ «Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում», որեւէ իմաստային նշանակություն չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ տրամաբանական, ո՛չ լեզվական, ուստի իմաստ չունի մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, այն որոշ խնդիրներ ունենալով, բավականին լավ մշակված եւ հաջողված փաստաթուղթ է եւ կարող է կարգավորել հանրային կյանքը, եթե դրանով առաջնորդվենք։ Եթե Սահմանադրությունը գրվելու է, բայց նույնկերպ խախտվելու՝ հայտարարելով, որ «ես ընտրվել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ», կարելի է ընդհանրապես Սահմանադրությունն ուժը կորցրած ճանաչել եւ գրել ընդամենը մեկ պարբերություն՝ ասելով, որ ով ընտրություններում հռչակվում է հաղթած (այլ հարց՝ ընտրվել է, թե ոչ), ինչ ուզում է, կարող է անել։ Մնացած քննարկումներն արհեստական են»,- կարծում է Օրբելյանը։

Նա նաեւ ընդգծում է, որ սահմանադրական բարեփոխումների մի քանի խորհուրդներն այդպես էլ մինչ օրս չեն հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ Սահմանադրությունը փոխել․ «Ի վերջո՝ ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել։ Խելոք բառերի կույտ արտաբերելով՝ մարդը խելոք չի դառնում։ Չենք ասում, թե Սահմանադրությունը բարելավելու  կարիք չկա, բայց իրականում սկզբում պետք է սովորենք փաստաթուղթը կիրառել, հասկանալ, ընդունել, դրա համար պայքարել, արժեքներն ընկալել, նոր դրանք ինչ-որ ձեւով փոխել․․․ Օրինակ, սահմանադրական տարբեր ինստիտուտներ պետք է պահպանվեին։ Մենք ունեինք Սահմանադրական դատարան, որի դատավորները նշանակվել էին՝ սկսած առաջին նախագահի պաշտոնավարման շրջանից, բայց բոլորի լիազորությունները դադարեցրին, եւ գործող իշխանության պաշտոնավարման ժամանակ 5-6 դատավոր նշանակվեց։ Մենք ունեինք դատական համակարգի աննախադեպ անկախ վիճակ՝ 2017-2019-ին, բայց ԲԴԽ-ում փոփոխություններով՝ սկանդալներով եւ ակնհայտ ձեւակերպումներով, հստակ  հանցագործություն պարունակող տեղեկություններով դրեցինք մի կողմ։ Ազգային ժողովը գլխավոր դատախազի պաշտոնում նստեցրեց անձի, որն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին՝ առնվազն այն դրվագով, որ ինքն ընդունել էր, թե միջամտել է արդարադատության իրականացմանը՝ չունենալով դրա գործառույթը, ստացել էր բանկային գաղտնիք համարվող տեղեկություն, որի իրավունքը չուներ։ Կամ՝ Գլխավոր շտաբի պետի հետ առաջացավ կոնֆլիկտ,  հեռացրին նրան ոչ թե որ խախտում էր թույլ տվել, այլ որովհետեւ օրենքում փոփոխություն էին արել՝ գրելով․ «երբ ուզենանք, կարող ենք հեռացնել»։ Արդյունքում այդ պաշտոնը դարձրին քաղաքական։ Ընտրություններում որ համայնքներում իշխող ուժը չհաղթեց, ընտրված ղեկավարներին  ձերբակալեցին։ Քանի՜ բարձրաստիճան նախկին-ներկա պաշտոնյա կալանավորվեց՝ ԱԺ երկու պատգամավոր, ՀՀ նախկին նախագահ եւ այլք, որից հետո այդ հոդվածները ճանաչվեցին հակասահմանադրական։ Թող մեկ անգամ վեր կենար եւ ներողություն խնդրեր։ Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք ցույց են տալիս, որ սահմանադրական  համակարգում ոչ թե ինչ-որ բան պետք է բարեփոխել, այլ դրանք պարզապես կատարել։ Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն պարզապես չկա, դրանց հաճախակի փոխելը անգամ վնասակար է»։

Սահմանադրության նախաբանը փոխելու, Անկախության հռչակագրից «հրաժարվելու» փաշինյանական մարմաջի  մասին հարցին էլ Օրբելյանը պատասխանեց․ «Նախ՝ Անկախության հռչակագիրն ինքնուրույն փաստաթուղթ է եւ, իմ գնահատմամբ,  ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան ՀՀ ցանկացած այլ փաստաթուղթ, որովհետեւ այն Հայաստանի Հանրապետության սկիզբը հիմնադրող փաստաթուղթն է, եւ չնայած մենք այլ օրենքով չենք գրել, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն այդ հռչակագրին, բայց փաստաթուղթը, որի հիման վրա ստեղծվել է ՀՀ-ն, ինքն է ասում, որ «Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:

Երկրորդ․ Հռչակագիրը եթե անգամ ջնջենք, Սահմանադրությունը՝ եւս, օբյեկտիվ պատմությունը չենք կարող, չէ՞, ջնջել։ Կա պատմություն, անկախության գործընթաց, փաստաթղթեր, եւ այն փաստը, որ ՀՀ-ն առնվազն անկախացել է Արցախի հետ միասին (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի), կամ այն փաստը, որ Մինսկի կոնֆերանս պետք է կանչվեր, որի շրջանակներում պետք է քննարկվեր այս կոնֆլիկտի ամբողջական լուծումը, լինելու է, ինչքան էլ ուզում ես փոխիր։ Այն փաստը, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Օսմանյան կայսրության ցեղասպանության համար եւ նաեւ հետո՝ հանրապետական Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունների համար, որովհետեւ 1915 թ․ երիտթուրքերի ժամանակաշրջանին հաջորդել է քեմալական ռասիստական շրջանը, որտեղ քրիստոնյաների հարկերը եղել են ավելի բարձր, երբ հայերի եւ մյուս քրիստոնյաների համար ստեղծվել են պայմաններ, որ լքեն այդ տարածքները կամ դավանափոխ լինեն, սրանց համար պետք է պատասխանատվության ենթարկվի՞, իհարկե՝ այո, որովհետեւ անպատասխանատվությունը բերում է նոր հանցանքի։ Բայց այստեղ մի կարեւոր նյուանս կա․ այս ամենը չի նշանակում, որ Հայաստանը պետք է պատերազմ հրահրի, սա նշանակում է, որ ՀՀ-ն շատ հստակ դիրքորոշում պետք է ձեւավորի․ «Ես ունեմ պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որը խախտել է միջազգային իրավունքը բազմաթիվ անգամ, ու պատասխանատվության հարց եմ դնում, միեւնույն ժամանակ, ես դա իրականացնելու եմ խաղաղ եղանակով, որքանով կարողանամ»»։