«Հրապարակ». Քանի դեռ չեն բավարարվել Ադրբեջանի քաղաքական պահանջները, գերիներն ազատ չեն արձակվելու

«Հրապարակ». Քանի դեռ չեն բավարարվել Ադրբեջանի քաղաքական պահանջները, գերիներն ազատ չեն արձակվելու

Հարցազրույց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ

- Օրերս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու որոշում կայացրեց, սակայն հայ ռազմագերիներին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական էլիտային չանդրադարձավ:

- Այո, հայտարարության մեջ հայ ռազմագերիների մասին ոչ մի խոսք չկա, խոսվում է տեղահանված հայերի մասին, Արցախում այս պահին ապրող հայերի մասին:

- Ինչո՞վ է պայմանավորված դա: Ինչո՞ւ գոնե այս կարեւոր հարցին չեն անդրադարձել։

- Ռազմագերիների խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի դատարանում, բայց նրանք այս հարցը քննարկում են ռասիստական խտրականության դրսեւորումների կոնտեքստում եւ իրավասու չեն այդ կոնվենցիայի շրջանակներից դուրս այլ պարտավորությունների մասին քննարկել: ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է նաեւ հայ ռազմագերիների խնդիրը՝ խնդրելով անհապաղ ազատ արձակել, սակայն ՄԱԿ-ի դատարանը պատճառահետեւանքային կապ չի տեսել ռազմագերիների խնդրի եւ ռասիստական քաղաքականության միջեւ: Այսինքն` դատարանն ընդունում է, որ հայ ռազմագերիների առնչությամբ կա չլուծված խնդիր, բայց որ ռազմագերիների գոյությունը կամ նրանց՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը կապված է ռասիստական խտրականության կամ դրա դրսեւորման որեւէ ձեւի հետ, դատարանը չի տեսել բավարար ապացույցներ եւ չի բավարարել խնդրանքը: Զուգահեռներ անցկացնելով ասեմ, որ Ադրբեջանն էլ ականապատ դաշտերի քարտեզների խնդիրն էր բարձրաձայնել: Նրանք գտնում են, որ ականապատումը ռասիստական խտրականության դրսեւորում է, մինչդեռ դատարանն այստեղ որեւէ կապ չէր տեսել քարտեզի ու ռասիզմի միջեւ ու չէր բավարարել այդ պահանջը: Ձեզ հետաքրքրում է 8 բարձրաստիճան անձանց հարցը, որոնք Ադրբեջանում են․ Հայաստանի կառավարությունն այս մասով փաստարկներ էր ներկայացրել՝ պնդելով, որ Ադրբեջանն իրականացնում է պատժիչ քաղաքականություն Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ, ինչի առթիվ դատարանը պետք է միջոցներ ներկայացնի՝ այդ քաղաքականությունը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Սակայն սրան դատարանը չի արձագանքել եւ հատուկ միջոց չի կիրառել, բայց դատարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դատարանը կաշկանդված չէ՝ պետությունների խնդրանքով եւ նրանց պահանջներով ձեւակերպել հայցի ապահովման այնպիսի միջոցներ, որոնք թելադրված են իրավիճակով: 

- Վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Լեւոն Մնացականյանին Ադրբեջանում սպանել են, տեղեկություններ կան, որ նախկին ղեկավարներից ոմանք խոշտանգվում են Ադրբեջանում: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

- Լեւոն Մնացականյանի սպանվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա չեմ կարծում, թե այդ հարցն այս փուլում ամբողջությամբ հնարավոր է մեկնաբանել, քանի որ նման տեղեկությունները խիստ սահմանափակ են: Արձանագրենք, որ խոշտանգումներն Ադրբեջանում կրում են սիստեմատիկ բնույթ, եւ դրանք կիրառվում են նաեւ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ, առանձնակի դաժանությամբ կիրառվել են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող անձանց նկատմամբ, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ: Կարճ ասած` տեղի իշխանություններին բոլոր քննադատող անձանց նկատմամբ: Խոշտանգումների զոհ են փաստացի դարձել նաեւ հայ ռազմագերիները, եւ այս պայմաններում բացառել, որ Արցախի նախկին ղեկավարները խոշտանգվում են, չենք կարող: Խոշտանգումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները ենթակա են հետաքննման, ուսումնասիրման: Հոգեբանական խոշտանգումը եւս խոշտանգման մի տեսակ է, որը եւս պետք է ուսումնասիրության ենթարկվի: Միջազգային կոնվենցիաներն անձին հավասարապես պաշտպանում են նաեւ հոգեբանական խոշտանգումից: Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է մեկուսացման պայմաններում, եւ միակ ատյանը, որն ադրբեջանական չէ եւ ունի հայ ռազմագերիներին տեսակցելու հնարավորություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, բայց անգամ խոշտանգումներ փաստաթղթավորելու պարագայում Կարմիր խաչն այդ մասին ոչինչ չի հրապարակայնացնում, այսինքն` Կարմիր խաչը չի համարվում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ: 

- Քանի որ հայ ռազմագերիների մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանը բառ չասաց, այլ հարթակներում եւս ոչինչ չի ասվում, կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում անիրատեսական է գերիների խնդրի լուծում ակնկալելը:

- Գերիները պարզապես գերիներ չեն, քաղբանտարկյալներ են նաեւ, ես նրանց շարքերում ներառում եմ Արցախի 8 բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք պատանդներ են: Նրանց ձերբակալելու, գերեվարելու միջոցով Ադրբեջանը գործադրում է դիվանագիտական, քաղաքական լծակներ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Այդ լծակների ազդեցությունը հատկապես կիրառելի է քաղաքական օրակարգի համատեքստում: Քանի դեռ Հայաստանը չի բավարարել Ադրբեջանի քաղաքական պահանջները, գերիների ազատ արձակման հարցն առկախվելու է: Ադրբեջանը մարդասիրական մոտեցումներ ցուցաբերելու է գործարքի տեսքով, այն ժամանակ, երբ իրականացնի առեւտուր` քաղաքական պահանջների տեսքով: Եթե Հայաստանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգում առաջընթաց ապահովի, որպես ժեստ՝ Ադրբեջանն ազատ կարձակի հայ ռազմագերիներին: Տեղաշարժի հնարավորություններ այս առումով տեսնում եմ, պարզապես դրանք խիստ անկանխատեսելի են, որովհետեւ կապված են քաղաքական գործընթացների հետ:

- 2020-ից գերության մեջ գտնվող հայ զինվորներ եւս կան: 

- Ադրբեջանը մաս-մաս է ազատ արձակում նրանց, հակված չէ բոլոր ռազմագերիներին միանգամից ազատ արձակել: Սա եւս վերահաստատում է, որ ռազմագերիների գործոնը լծակ է: Մենք գործ ունենք պատանդառության հետ: