Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է․ Կապառոս

Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է․ Կապառոս

Խաղը բաղկացած է 90 րոպեներից։ Առաջին կեսի որոշ դրվագներում նրանք տիրում էին գնդակին, բայց երկրորդ կեսում, կարծում եմ, մենք լավ պրեսինգի էինք դիմում։ Գոլից հետո թիմն ավելի մոտիվացվեց։Շատ ուրախ եմ, շատ գոհ եմ։ Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է․ նախագահից սկսած, ամբողջ տնօրինությունն ու ֆուտբոլիստները, որոնք սիրում են իրենց երկիրն ու երկրի գույները։ Գիտենք՝ ինչ վատ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստներն էլ ունեին այդ զգացողությունը, բայց մտովի էլ շատ ուժեղ էին պատրաստված։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ այնպես ենք անում, որ հայկական ֆուտբոլը զարգանա։ Այս մասին ասել է  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո։

«Ունենք մեր խաղաոճը, որը պիտի պահպանենք ու զարգացնենք։ Կանչում ենք նոր երիտասարդ ֆուտբոլիստների, որն օգնում է մրցակցություն ստեղծել։ Քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, վստահորեն, այս ֆուտբոլիստների թիվն ավելանալու է։

Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր։ Տեսանք, որ ֆուտբոլիստները պատմություն կերտեցին։ Երեկ իմացանք մեր կորուստների մասին, ինչը, բնականաբար, ազդեց թիմի վրա։ Բայց խոսում էինք պատմություն կերտելու հնարավորություն ունենալու մասին, այն մասին, որ հավաքականում խաղալն ու ակումբում խաղալը նույնը չէ, որ այստեղ հաղթում է մի ամբողջ երկիր․ այսօր հաղթեց Հայաստանը։ Եվ հենց նրանք էին գլխավոր դերերում։ Պատմություն կերտողները հենց նրանք էին։ Դրա համար էլ նրանք իրենց վերցրեցին բռունցքների մեջ, հիանալի աշխատանք կատարեցին ու շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը փոխհատուցվեց», ասել է մեր ընտրանու մարզիչը։

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որին «Ռոման», Իտալիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական կանոններից ելնելով, թույլ չէր տվել միանալ Հայաստանի հավաքականին, անդրադարձել է ընտրանու նվաճմանը:

«Անսահման հպարտ եմ իմ ազգային հավաքականով: Շնորհավորում եմ Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիր նվաճելու համար, տղաներ»,- գրել է Մխիթարյանը: