Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է կործանվի

Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է կործանվի

Կատոն Ավագ, Հռոմ, մ.թ.ա. 80-ական թթ.

Այսպիսով, հասանք վերջին արարին.  Թուրքիայի խորհրդարանը հաստատեց թուրքական զորքերն Ադրբեջան ուղարկելու մանդատը: Էրդողանի հրամանագրում, որն ուղարկվել էր Թուրքիայի խորհրդարան, ասված է, որ «պայքարը բարեկամ եւ եղբայր պետություն Ադրբեջանի հետ մի գործընթաց է, որը շարունակվում է տա­րիներով»: 

Հրամանագրի այդ հիմնավորման մեջ, գուցե միտումնավոր, ձեռնպահ են մնացել որոշա­կիությունից: Ավելի որոշակի կլիներ, եթե նշված լիներ… «որը շարունակվում է Արեւելյան Թուրքիայի՝ Ադրբեջանի ստեղծման պահից»: Ինչպե՞ս չհարգես թուրքերին՝ իրենց նպատակասլացության ու հետեւողականության համար. 100 տարվա ընթացքում ոչ մի միլիմետրի շեղում՝ ընտրված ուղուց: 
Հավանաբար, թուրքերն իրենց զորքերը պատ­րաստվում են փոխադրել Ադրբեջան Հայաստանի Հանրապետության հարավով կամ, իրենց ընկալ­մամբ՝ проходной двор-ով: Միայն պատ­­կերացնել կարելի է, թե ինչ թեժ է լինելու Հարավային Կովկասի կյանքն առա­ջիկայում:

Ինչեւէ, հռոմեացի զորահրամանատար եւ պետական գործիչ Մարկոս Պորկիոս Ավագը, ով Կարթագենի եդվյալ թշնամին էր,  հռոմեական սենատում իր բոլոր ճառերը (անկախ թեմայից) ավարտում էր հետեւյալ խոսքով. «Բացի այդ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի» (Ceterum censeo Carthaginem esse delendam):

Թուրքը, իհարկե, չի հայտարարում, որ Հայաստանը պետք է կործանվի, սա­կայն հետեւողականորեն իրագործում է այդ ծրագիրը. ցեղասպանություն, հայ­կական տարածքների չդադարող անեքսիա: Նրա մոտ դա ստացվում է, որովհետեւ մշտապես աշխարհաքաղաքական mainstream-ի՝ հիմնական հոսանքի մեջ է: Ու դա անում է սադիստորեն: Ասենք, Թուրքիայի ինչի՞ն էր պետք Արարատ սարը, բայց թուրքերը մեզնից ոչ պակաս լավ գիտեն, որ Արարատը երբեւէ եղել է Հայոց պետականության կենտ­րո­նում: Թե ինչ է Արարատը հայերիս համար, բավական պատկերավոր նկարագրել է հունական դիմադրության սերնդի ներկայացուցիչ Միցոս Ալեքսանդրուպլոսը («Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում, 1982 թ.). «…վերցնենք քարտեզը եւ հունական սահմաններն անցկացնենք ինչ-որ տեղ Ակրոպոլիսի ստորոտում, բայց այնպես, որ Աթենքը դառնա ամֆիթատրոն՝ ուղղված Պարթենոնին, իսկ տաճարը, արձանները եւ այլն, …անցնեն օտարերկրա­ցիներին: …ամֆի­թատ­րոնից դիտում ենք այդ պատկերը; Այն կողմում ամեն ինչն ուրիշինն է: Մոտավորապես այդպես է այստեղ. բացելով տան դուռը՝ հայն իր առջեւում տեսնում է Արարատը, եւ նույն պահին նրա աչքերի առաջ հառնում է իր բազմաչարչար ժողովրդի պատմությունը…»։

Ինչպես հայտնի դարձավ, Շուշիի հարցը բարձրացվել է պատերազմական գործողությունների ընթացքում: Ինչու, որովհետեւ Թուրքիան պաշտոնապես ազդարարեց Ադրբեջանի՝ որպես Թուրքիայի օրգանական մաս կազմելու մասին: Թուրքական զորքերից չէ, որ մենք պետք է վախենանք: Ավելի դաժանը հոգե­բա­նական ճնշումն է, որն Արցախում արվելու է Շուշիի միջոցով: Ստացվել է այն նույն պատկերը, ինչը նկարագրել է Ալեքսանդրուպլոսը. արցախահայերն ամեն պահի Շուշիին նայելիս մեծ ցավ են ապրելու: Սա, անշուշտ, Թուրքիայի կողմից ավե­լացրած նրբագիծն է: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է չասել՝ Թուրքիան պետք է կործանվի, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի փոխհատուցել: Միայն դա կարող է կանգնեցնել նրան: 
Հետեւաբար, քանի որ ժամանակին Հայաստանը եղել է հռոմեական կայսրութ­յան տիրապետության տակ, հայերս մի բան էլ պետք է ընդօրինակած լինենք հռոմեացիներից, եւ, Մարկոս Պորկիոս Ավագի նման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորներն իրենց ելույթները պետք է ավարտեն հետեւյալ խոսքերով. «Բացի այդ, ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է կործանվի, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի փոխհատուցել»:

ՀԳ. Հասկանալի է, որ դա բավարար չէ «Կարթագենը» ջախջախելու համար: Պատմությունից, հատկապես՝ նորագույն, վերջապես պետք է դասեր քաղել ու սեղմ ժամկետում դառնալ զարգացած երկիր, որտեղ ապրելն ու աշխատելը կլինեն հաճելի ու անվտանգ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ