Երգչախմբի 9 աշխատակիցներ դատի են տվել քաղաքապետին

Երգչախմբի 9 աշխատակիցներ դատի են տվել քաղաքապետին

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն տեւական ժամանակ է դատական գործընթացների մեջ է։ Մի կողմից քննվում է երգչախմբին պատկանող Արամի 23 պատմամշակութային շենքը մասամբ քանդելու վերաբերյալ քրեական գործը, մյուս կողմից իբր պետության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ շենքը շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սերմաքեշին փոխանցելու գործն է, երրորդ կողմից՝ քաղաքապետի կողմից կրճատված երգչախմբի 14 հաստիքների դատական գործերը։

Արամի 23 պատմամշակութային շենքը քանդելու կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն 6-րդ տարին է՝ չի հանգուցալուծվում, եւ պետությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, ոչ միայն չի կարողանում հիմնական մեղավորներին «Օլդ Սիթի ընկերությանը» մեղադրանք առաջադրել, այլեւ փորձում է գլխավոր մեղավորներին ազատել պատասխանատվությունից:

Պետության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ դատական գործընթացն ընթանում է արդեն 5-րդ տարին: Այստեղ նույնպես «Հայ փոքրիկ երգիչներ» ընկերակցության դիրքերը օրենքի տեսանկյունից ուժեղ են: Վճռաբեկ դատարանը կասկածի տակ դրեց գերակա շահ ճանաչելու որոշման գործընթացի օրինականությունը եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության: 

Հետաքրքրական է, որ 2023 թվ. հունվարին Երեւանի քաղաքապետարանը հանկարծ որոշում կայացրեց կրճատել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի 14 հաստիք, ու արդեն մեկ տարի է կրճատված աշխատակիցները դատական գործընթացների մեջ են, քանի որ քաղաքապետի որոշումը վիճարկում են դատական կարգով։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասում է՝ կատարվածի մասին չեն բարձրաձայնել այս ընթացքում, որովհետեւ զբաղված են եղել գործով. «Սրանք արդեն արժեքներին են հարվածում: Կրճատված 14 հոգու մեջ են նաեւ 2 գլխավոր խմբավարները, որոնք հիմնական գործն էին անում։ Խմբավարների հաստիքները դարձրեցին կես դրույք, հաշվի չառնելով, որ խմբավարը հիմնական գործն անողն է։ Ավելին՝ այդ հարցը գրեթե մեզ հետ չեն քննարկել: Կրճատելուց մի քանի օր առաջ հայտնեցին իրենց անհիմն մտադրության մասին, ասեցի՝ հանկարծ չփորձեք նման բան անել, բայց արեցին, ու այսքան տարվա մեր փորձառու աշխատողները, որոնց ես փոքրուց աճեցրել էի, ազատվեցին՝ երգչախումբը թողնելով «անձեռք ու անոտք»»։

Խմբավարներից բացի, կրճատվել են նաեւ տնտեսվարի, դաշնակահարի հաստիքները. «Դաշնակահարի դեպքում եւս կես դրույք են սարքել, ցավն այն է, որ փողն էլ փող չէ, մաքուր 70 հազար աշխատավարձ էին ստանում ու հիմա՝ կես դրույք դարձնելուց հետո ստանալու են 35 հազար: Չես գտնի բարձրակարգ դաշնակահար, ով կկարողանա գոհացնել նման երգչախմբին եւ կհամաձայնի աշխատել 35 հազարով։ Դաշնակահարը կատակեց, քանի որ կես դրույք են սարքել, ասաց՝ սրանից հետո մի ձեռքով եմ նվագելու։ Տնտեսվարի հաստիքն են նաեւ կրճատել, որը թե՛ տնտեսվար էր, թե՛ պահեստապետ, թե գույքի պատասխանատու, սա էլ կես դրույք են սարքել, 35 հազարով ո՞ր տղամարդը կգա կաշխատի»։ Մյուս հաստիքների կրճատումը նույնպես լուրջ վնաս է հասցրել կազմակերպության գործունեությանը:

Թե ի՞նչ հիմնավորում է տվել քաղաքապետարանը, որ գնացել է այդ քայլին, Տ. Հեքեքյանն ասում է՝ այս որոշումը հիմնավորում չունի, բայց ունի՝ պատճառ, Երեւանի քաղաքապետարանի մի բարձրաստիճան պաշտոնյա ինքնիրավչություն է թույլ տվել եւ խառնվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի գործերին (որի տնօրենն է հանդիսանում Տիգրան Հեքեքյանը)։ Դպրոցի տնօրեն Տ. Հեքեքյանն ազատել էր աշխատակիցներից մեկին, ով մշտապես թերանում էր իր գործում եւ ուղղակի չէր համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Վերջինիս աշխատանքում պահելու պահանջով է հանդես եկել վերոհիշյալ պաշտոնյան, բայց մերժում ստացել Տ. Հեքեքյանից։ Այս մերժումը պաշտոնյան ըստ երեւույթին «ծանր է տարել» եւ որոշել համապատասխան դժվարություններ ստեղծել Հեքեքյանի համար հնարավոր բոլոր միջոցներով։ 

Ի դեպ, ազատված աշխատակիցը 4 դատական հայց է ներկայացրել դպրոցի դեմ, սակայն քանի որ ամեն ինչ արվել էր արդարացի եւ օրենքի սահմաններում, 7 իրարից անկախ դատավորներ արդարացի որոշում են կայացրել ի օգուտ դպրոցի: «Ուրախալի է այն փաստը, որ այսօր Հայաստանում կան եւ քիչ չեն արդար ու սկզբունքային դատավորներ, ովքեր վճիռներ են կայացնում ոչ միայն իրավական գիտելիքներին, այլեւ մարդկային բարոյական նորմերին եւ խղճին համապատասխան»,-ասում է Տ. Հեքեքյանը։ Քաղաքապետարանի հետ հասունացած լարումը դրսեւորվեց նաեւ 4 հաստիք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից կրճատելու, միաժամանակ՝ ուսուցիչներին պարգեւավճարներից զրկելու եւ մի շարք այլ անհիմն եւ վնասաբեր գործողություններով։ Դե, իսկ այնուհետեւ հաջորդեց 14 հաստիք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից կրճատելու քայլը։

14 աշխատակիցներից 9-ն են բողոքարկել քաղաքապետի որոշումը, քանի որ դատական գործընթացները գումար են պահանջում, եւ դրանով էր պայմանավորված մյուսների դատական գործընթացների մեջ չներգրավելու հանգամանքը։ Քաղաքապետարանը այստեղ էլ է փորձել միջամտել: Զանգահարել են երաժշտական դպրոցներ, որտեղ զուգահեռաբար աշխատում են կրճատված աշխատակիցներից մի քանիսը եւ այդ դպրոցների տնօրենների միջոցով աշխատակիցներին հորդորել հետ վերցնել իրենց հայցերը դատարանից:

Այս հարցով հաջորդ դատական նիստը նախատեսված է փետրվարի 23-ին. «Բողոքարկվում է 14 աշխատողներին կրճատելու քաղաքապետի որոշումը, որն ըստ մեզ, անօրինական է եւ մեծ վնաս է հասցնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին»,-ասում է Տ. Հեքեքյանն ու հավելում՝ փաստաբանները վստահեցնում են, եթե արդար դատական պրոցես ընթանա, իրենք շահելու են։