Թմրակախվածության դեմ պայքարող դեղամիջոցը օգնում է քաղցկեղի բուժմանը

Թմրակախվածության դեմ պայքարող դեղամիջոցը օգնում է քաղցկեղի բուժմանը

Կանադայի Օտտավայի համալսարանի գիտնականները նկատել են, որ «Վանոկսերին» դեղամիջոցը, որը նախապես մշակված է թմրակախվածության, այն է՝ կոկաինային կախվածության դեմ պայքարելու համար, կարող է դրական ազդել քաղցկեղի որոշ տեսակների բուժման մեջ։ Մասնավորապես, այս դեղամիջոցը ուժգին ճնշում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը։

Հետազոտությունները պարզել են, որ այս պրեպարատը ճնշում է մի ֆերմենտի, որը կարեւոր դերակատարություն ունի քաղցկեղի որոշ տեսակների զարգացման համար։ Փորձարկումները կատարվել են մարդու եւ մկների հյուսվածքների վրա։ «Վանոկսերինով» մշակված հյուսվածքները ավելի ընկալունակ են դառնում իմունային համակարգի հարձակմանը։

Գիտնականները նշում են, որ թերապիայի այս մեթոդը հիմնված է կրիտիկական գենային ցանցերի վերակառուցման վրա, ինչի արդյունքում նորմալ ցողունային բջիջները չեն վնասվում եւ մարդու առողջությանը հավելյալ վնաս չի հասցվում։ Մասնագետները նշում են, որ այս մեթոդը օնկոլոգիայում լայն կիրառության ներդնելու համար անհրաժեշտ են դեռ հավելյալ հետազոտություններ։