Հայկական «Նյու Վասյուկին»

Հայկական «Նյու Վասյուկին»

2018-ի ապրիլ-մայիսին մեր կողմից իշխանության բերված Փաշինյան Նիկոլն ու իր կամակատարները, չբավարարվելով Արցախի մեծ մասը թուրքին հանձնելուց, փորձում են ընդհանրապես թուրքի առաջ բացել մեր տան դուռը: Նիկոլին թվում է, որ Մեղրիով թուրքին միջանցք տրամադրելը (Նիկոլն, իհարկե, չի օգտագործում հենց միջանցք բառը) կլինի այն կախարդական փայտիկը, որի մասին խոսում էր 2018-ի գարնանային իրադարձությունների օրերին: Եվ Հայաստանը կծաղկի ու կզարգանա, և իր կողմից զոմբիացված կենսազանգվածը, ի տարբերություն երբեմնի «Սերգոների», կսկսի լավ ապրել: Հիշում եք, չէ՞, թուրքերի հետ խաղաղ ապրելու կողմնակից, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի՝ «Լավ չես ապրի, Սերգո ջան» արտահայտությունը: Պատկերացնում եք, չէ՞, հայկական ապրանքներով լի վագոններն Ադրբեջանի տարածքով անվնաս հասնում են Ռուսաստան, ինչի շնորհիվ մեր երկրում բացվում են նոր աշխատատեղեր: «Թան էլ չէ, փրթած մածուն»՝ կասեր ժողովուրդը, եթե, իհարկե, հասկանար փաշինյանական մտահղացման անիմաստությունը՝ էլ չասած այն վտանգի մասին, որ բերելու է այդ միջացքը մեր գլխին:  

Թե ինչպիսի ներդրողներ կլինեն թուրքերը՝ ներկայացնեմ մեր հարևանների փորձից: Վրաստանի ծովափնյա Բաթումիի քաղաքային խորհուրդը (Սակրեբուլոն), ըստ վրացական ռուսալեզու «Грузия Online» լրատվական կայքի, օրակարգից հանել է Բաթումիի բուլվարի տարածքին հարակից լողափի մի մասը թուրքական ընկերությանը 15 տարով վարձակալության տալու հարցը: Տարածքի տրամադրման մերժումը հիմնավորվել է բուլվարի զարգացման ծրագիրը մինչ այդ հաստատելու անհրաժեշտությամբ: Ասեմ, որ Բաթումին, եթե «Հրապարակի» ընթերցողները չգիտեն, վերջին 10-15 տարում հիմնականում կառուցապատվել է թուրքական կապիտալի շնորհիվ: Եվ այնպես չէ, որ Բաթումիի ծովափնյա բուլվարի հարակից լողափում մասնավոր տարածքներ չկան: Ի դեպ, թուրքական ներդրումների հետ մեկտեղ քաղաքում հաստատվել են նաև բազմաթիվ մանր ու միջին թուրք գործարարներ: Շուրջ 10 տարի թուրքերը փորձում են նաև նոր մզկիթ կառուցել քաղաքում, ինչը հանդիպում է քրիստոնյա վրացի բնակչության դիմադրությանը: Եվ չնայած մզկիթի կառուցման տարածքը վաղուց է ձեռք բերվել մահմեդական ինչ-որ հիմնադրամի կողմից, վրացական իշխանությունների կողմից կառուցման թույլտվություն տալն անընդհատ հետաձգվում է: Ինչևէ, մեր հարևաները դանդաղորեն գլխի են ընկնում, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել և առանց որևէ սահմանափակման գործունեություն թույլատրել: 

Վերադառնանք մեր երկիրը. չբավարարվելով թուրքական ներդրումների թեմայով՝ մեծն մանիպուլյատորը մի քանի օր առաջ խոսել է պղնձաձուլարանի կառուցման ծրագրի, իսկ այնուհետև բուհերի շենքերը վաճառելու և դրանից գոյացած գումարով ակադեմիական քաղաքի հիմնադրման վերաբերյալ: Առաջինի առումով  պատասխանը՝ «օրվա իշխանության բացարձակ անգրագիտություն» բնորոշմամբ, ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանից: Երկրորդի մասին խոսել են բազմաթիվ մտավորականներ և ընդհանարպես գրագետ անձնավորություններ, քանի որ այսօրվա պայմաններում դրա անիրականալի լինելը գնահատելը մեծ մասնագիտական կարողություններ չի պահանջում: Երևանյան բուհերի շենքերն, իհարկե, ինքը կարող է ծախել թուրքերին, հետո այդ գումարները վատնել պարգևավճարների և նոր ինքնաթիռ գնելու վրա. հիշում եք, չէ՞, որ նման մի գաղափար կար, որից հրաժարվեց կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով: Բայց այնպես չէ, որ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է խոսում: Ինքը գիտակցում է, թե ում ինչ է ասում, իսկ այդ մտահղացումները բարձրաձայնվել են գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում: Իսկ գյուղացիները, թող ներեն նրանք ինձ, կարող են և չընկալել ասվածի բովանդակային անգրագիտությունը, և ընդամենը ազդվեն գաղափարների «մեծությունից»:    

Որքան հասկանում եմ, պատերազմում պարտությունից հետո մեզ սպասում է հայկական «նյու վասյուկիի» պատմությունը: Դրանից և ընդհանրապես փաշինյանական մտահղացումներից խուսափելու համար կա ընդամենը մեկ միջոց՝ իշխանությունից նրան հեռացնելը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ