Բյուջեն եւ ստի ապառնին

Բյուջեն եւ ստի ապառնին

Երեւի արդեն 1 ամսից ավելի է, ինչ կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովների ու մասնագետների հետ քննարկում է 2022թ. բյուջեի նախագիծը: Ճիշտն ասած՝ դա քննարկում էլ չէ: Կառավարության անդամները գալիս են խորհրդարան, ու ամեն մեկն իր հերթին արդարացնում է վերմակն իր վրա քաշելու, այն է՝ բյուջեից որոշակի գումար պոկելու, ներողություն, լափելու իրավունքը: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք Նիկոլի առաջ պայման են դրել՝ կա՛մ մենք, կա՛մ սովից սատկող ժողովուրդը՝ թոշակառուները, նպաստառուները եւ սոցիալական աջակցային ծրագրերի շահառուները: Թվում է՝ Նիկոլը հիմա երկու քարի արանքում է. մի կողմից յուրայիններն են, մյուս կողմից՝ ահռելի գումարներ խժռող աղքատ խավը, որը գնալով ավելանում է եւ խորանում: Եվ նրա ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կանգ է առել յուրայինների վրա: Չէի ասի, թե միտումնավոր, բայցեւ չէի բացառի, որ Նիկոլը ճարահատ է գնացել այդ քայլին:

Որպեսզի ընթերցողի ուղեղը թվերով չբռնաբարեմ, տամ միայն ընդհանուր պատկերն այդ բյուջեի: Եվ ուրեմն՝ փողը, որ պետք է հավաքագրվի որպես բյուջետային մուտք, բաշխվելու է բացառապես հարուստներին, իսկ ինչ մնաց տակը, կփորձեն կարկատել սոցիալական ծակերը: Հենց այս ռազմավարությամբ են այսօր գործում իշխանությունները, որ չեն խորշել անգամ նոր պարտքեր վերցնել՝ հին պարտքերը սպասարկելու եւ նոր վերցրածի մի մասը փակելու համար: Ֆիննախը, կարծում եմ, նոր պարտքի մասով թույլ չի տա ստել:

Սոցիալական ծրագրերի համար նախատեսված գումարների կրճատումը հայրենի կառավարության առանձին պայծառ գլուխներ բացատրում են պատերազմով ու կորոնավիրուսի դեմ պայքարով: Եվ սա, պատկերացրեք, մեր կառավարության թերեւս ամենաանհավատալի փաստարկն է: 

«Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարեւորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով՝ այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ»,- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարց է ուղղել տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ Նախարարն ի՞նչ ասի, որ լավ լինի.
- Այո, կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների, զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման եւ մի շարք այլ կարեւոր ծրագրերին հատկացվող գումարները։ Բայց բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է եւ անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի եւ կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական եւ ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաեւ մեր ոլորտի վրա:

Իր ոլորտով մտահոգ նախարարը, երեւի, կառավարության դուռը պետք է շրխկացներ Նիկոլի երեսին ու դուրս գար, որովհետեւ այդ կառավարությունում, մոռացած, որ երկիրն անցել է եւ անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի եւ կորոնավիրուսի միջով, ինքնամոռաց կերպով բարձրացնում են սեփական աշխատավարձերն ու հավելավճարները, մի բան, որ համատարած աղքատության ֆոնին առնվազն շանտղություն է: Չէ, Նարեկ Մկրտչյանն էն տղեն չի, որ Նիկոլի երեսին դուռ շրխկացնի մի քանի հարյուր հազար աղքատների պատճառով: Աղքատները չարքաշ կյանքին սովոր են, կդիմանան, իսկ ինքն ի՞նչ անի, եթե հանկարծ Նիկոլը զայրանա ու նախարարական հավելավճարը չտա կամ ավտոյի բենզինը կրճատի:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ, Նիկոլից առաջ ընկած, պահանջել է, որ ՀՀ գլխավոր դատախազին ու նրա տեղակալներին աշխատավարձի համեմատ 100-120 տոկոս հավելավճարներ տան ամեն ամիս: Նիկոլ, գոնե դու զայրացիր, այ մարդ, ասա՝ հո չե՞ք գժվել, այ անասուններ, երկիրն այս ծանր վիճակում՝ դուք այդ ի՞նչ հավելավճարների բազար եք անում: Բայց, ավաղ, Նիկոլը չի բարկանա Կարեն Անդրեասյանի վրա, որովհետեւ ինքն է այդ միտքը հուշել նրան: Այլապես Կարեն Անդրեասյանի ուշքը չի գնում Արթուր Դավթյանի համար, այդպես չէ: Եվ ապա՝ գլխավոր դատախազը շատ կարեւոր մարդ է Նիկոլի համար: Վաղը, մյուս օրը Նիկոլը լիքը գործ է ունենալու Արթուր Դավթյանի հետ, եթե հանկարծ անհերքելի փաստերի ճնշման տակ դատախազությունը գործ հարուցի իր դեմ: Բա Գլխավոր դատախազությունում մի մարդ չունենա՞, որ իրեն քաղցր աչքով նայի…

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է հայերենում նոր ժամանակաձեւ որդեգրելու՝ «ստի ապառնի» պայմանական անունով: Հիշենք «հաղթելու ենք»-ը: Սա կատարյալ սուտ էր՝ դրված սահմանական եղանակի կատարելի ներկա ժամանակաձեւով, որ ինքնին ապառնի է եւ ենթադրում է ապագայում՝ վաղը, մյուս օրը կատարվելիք բան: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է ստում ՀՀ սոցապ բաշին, որին իրենց հիմնարկում գուցեեւ նախարար են ասում. «2022 թ. նախատեսում ենք մի շարք բարձրացումներ` նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների եւ մի շարք այլ ոլորտների մասով։ Կառավարության հնգամյա ծրագրում ներառված է նվազագույն աշխատավարձի բարձրացում, եւ մենք մինչեւ 2026 թվականը փորձելու ենք հասնել այդ ցուցանիշներին»։

Հարցնում եք՝ այստեղ ի՞նչն է սուտ: Նախ՝ ուշադրություն դարձրեք, այսպես կոչված, նախարարի մատնանշած ժամանակին: Երբ խոսքը վերաբերում է աշխատավարձերի, թոշակների եւ սոցիալական նպաստների բարձրացմանը, սրանց մոտ կա՛մ «նախատեսվում են», կա՛մ ներառվում են ինչ-որ հնգամյա ծրագրերում, որոնց մասին սովորաբար մոռանում են բյուջեի քննարկումներից հետո: Ասել է թե՝ ստի ապառնի, ապագա, որի ժամանակ չեն իրականանալու այսօր, այս պահին, այս կառավարության դուրս տված ստերը:

Այնպես ստացվեց, որ մենք շատ կենտրոնացանք ՀՀ սոցապ բաշի Նարեկ Մկրտչյանի վրա: Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀ կառավարության մյուս անդամները չեն տիրապետում կամ վատ են տիրապետում ստի ապառնիին: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կառավարության մի ողջ նիստ կարող է վարել այդ ժամանակաձեւով, մանավանդ, եթե իրեն պետք է այդ նիստը վերածել ՏԻՄ ընտրությունների իշխանական քարոզչության: Ստի ապառնիի վրա են կառուցված ՊԵԿ «քինդեր սյուրպրիզի» բոլոր հայտարարությունները, մեր թիվ 1 «բժշկուհու» բոլոր տվայտանքները, պետության գլխի՝ էս տարիքում տիեզերական զբոսաշրջիկ դառնալու խեղկատակությունները:

Եվ ավարտեմ ստի ապառնիի մի ցայտուն օրինակով: Ազատականներն ու «Հանրապետությունը» որոշել են Մեղրիում կիսել իշխանությունը՝ 2,5 տարի համայնքապետ կաշխատի Բաբայան Սամոյի մարդը, իսկ 2,5 տարի՝ Արամ Զավենիչի մարդը: Հիմա ես չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ սրանց լացացնող բարեկամության վրա: Ձեր հոր տան խալիչեն է, հա՞, Մեղրիի համայնքապետի պաշտոնը, որ մեկդ նստի, հետո տա ուրիշի: Ժողովուրդն է ընտրել, չէ՞, համայնքապետին: Բա դուք էդ ո՞ւմ հետույքով եք ժողովրդի ընտրությունն իրար մեջ կիսում: Սրանց ձայնը կլսենք 2,5 տարի հետո, իսկ առայժմ արձանագրենք, որ գործ ունենք ստի ապառնիի հետագա դրսեւորման հետ: