Պոպուլիզմը որպես նիկոլական «ժողովրդավարության» բնորոշ գիծ

Պոպուլիզմը որպես նիկոլական «ժողովրդավարության» բնորոշ գիծ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կարծիքով 2018 թվականի մայիսից Հայաստանում հաստատվել է ժողովրդի իշխանություն կամ ժողովրդավարություն: Մասնավորապես, ըստ նրա, «Հայաստանում մամուլի և արտահայտվելու ազատությունը երբեք չի եղել այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին է 2018 թվականից հետո և հիմա»: Թե ինչպիսի ժողովրդավարություն է տիրում մեր երկրում և հատկապես արտահայտվելու ազատության առումով՝ հայաստանցիներն ամեն օր զգում են իրենց մաշկի վրա: Բայց զարմանալիորեն Նիկոլի հետ համակարծիք են Երևանում գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը: Վերջինս նույնիսկ հայտարարել է, որ մեր երկիրը «տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»: 
Այդպիսին է, թե ոչ մեր երկիրը՝ մենք ավելի լավ գիտենք:

Գիտեն իրականությունն օբյեկտիվորեն արտացոլող լրատվամիջոցների խմբագրակազմերը, որոնց անընդհատ դատի են տալիս չինովնիկները ֆինանսապես սնանկացնելու նպատակով: Գիտեն ընդդիմադիր քաղաքացիները, ովքեր փողոցում Նիկոլի հասցեին ասված խոսքի համար համարյա գետնատարած տարվում են դեպի ոստիկանական մեքենաներ: Կարծում եմ, որ դրանք ժողովրդավարության դրսևորումներ չեն՝ որքան էլ եվրոպացիները գովերգեն մեր իրականությունը: Իսկ ընդհանրապես, ժողովրդավարության էությունը բացահայտված է ԱՄՆ 16-րդ նախագահ, ամերիկյան ժողովրդի ազգային հերոս Աբրահամ Լինքոլնի (1809-1865) հետևյալ աֆորիզմում՝ «Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է՝ ժողովրդի միջոցով և հանուն ժողովրդի»: Մեզանում հաստատվածը մեկ անձի իշխանություն է՝ ոստիկանության միջոցով և հանուն սեփական իշխանության: 

Նույնիսկ այն, ինչ արևմտյան երկրներում դարերի ընթացքում ձևավորվել է անտիկ հունական պոլիսային դեմոկրատիայի անվան ներքո, կառավարման հեչ լավագույն տարբերակը չէ: Խնդրեմ անգլիացի պետական և քաղաքական գործիչ, գրող և նկարիչ, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլի (1874-1965) խոսքը. «Ժողովրդավարությունը կառավարման սարսափելի ձև է՝ չհաշված մնացած բոլորը»: Դե, եթե ժողովրդավարությունն ինքնին կառավարման սարսափելի համակարգ է, ապա ինչպիսի՞ն կլինի այն այսօրվա Հայաստանում: Հատկապես եթե որպես այն բնորոշող բնորոշ գծեր հանդես են գալիս իշխանական կեղծիքը, իմիտացիան և պոպուլիզմը: Ի տարբերություն առաջին երկուսի և բազմաթիվ այլ երևույթների, որոնք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ժառանգություն է ստացել նախկիններից, վերջինը զուտ նիկոլական երևույթ է՝ ծնված 2018 թվականի գարնանային օրերին: Հիշենք կարմիր գծեր ու արագաչափեր փակելը, բանկային տոկոսները չեղարկելու, նախկիններին կուլակաթափ անելու ու փողերը ժողովրդին բաժանելու հեղափոխական խոստումները:  

Իշխանություն կամ իշխանավոր մերժելու ժամանակահատվածում՝ երբ դրվում է իշխանափոխության խնդիրը, պոպուլիզմը համընդհանուր երևույթ է՝ ազգ ու ժամանակ չճանաչող: Եվ ըստ այդմ՝ բնական երևույթ: Սակայն եռամյա վարչապետությունից հետո այն վերածվում է անբնական երևույթի. Չես կարող երեք տարի իշխանություն վայելելուց հետո քո սխալների մեջ մեղադրես նախկիններին: Սակայն այդ բնական կանոնը մեր երկրում չի գործում: Եթե գործեր, ապա ս. թ. հունիսի 21-ին մենք կունենայինք այլ իշխանություն: Բայց բնական երևույթ է, երբ իշխանությունն է մեղադրում ընդդիմությանը պոպուլիստ լինելու մեջ: Օրինակ, Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի բյուջեն քննարկելիս փոխնախարարներից Աննա Ժամկոչյանը մեղադրել է ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանին պոպուլիստական հարցադրումներ անելու մեջ: Բայց քանի որ պոպուլիզմն իրենց մենաշնորհն է, տիկին փոխնախարարը շփոթել է հասցեատիրոջը: «Ոչինչ, բալա ջան, կպատահի»՝ նման դեպքերում կասեին մեր մեծերը: Ու չէին սխալվի:

Հ. Գ. Ի դեպ, Ուինսթոն Չերչիլի գրչին է պատկանում նաև հետևյալ աֆորիզմը. «Ոչ թե խորհրդարանը պետք է կառավարի, այլ ժողովուրդը խորհրդարանի միջոցով»: Մեզանում ևս խորհրդարանը ներկայացուցչական առաջնային մանդատով օժտված պատգամավորների հավաքատեղի է: Սակայն ոչ միայն ժողովուրդը չի կառավարում խորհրդարանի միջոցով, այլև չի կառավարում նույնիսկ խորհրդարանը: Խորհրդարանական ուսապարկերի միջոցով երկիրը կառավարում է ընդամենը մեկ անձ՝ Փաշինյան Նիկոլը: Եվ դրա հետևանքը 2020 թվականի խայտառակ պարտությունն էր և այն անդունդը, որում գտնվում ենք մենք այսօր: