Իսկ ո՞ւր մնաց բարոյականությունը՝ կհարցնեք դուք

Իսկ ո՞ւր մնաց բարոյականությունը՝ կհարցնեք դուք

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մանիպուլյացիայի վարպետ է, եւ դա օրինաչափ է: Ողջ գիտակից կյանքում նման ուղի բռնած մարդը (բացառությամբ երեւի ուսանողական եւ հետուսանողական մի քանի տարին) չի կարող չհասնել պրոֆեսիոնալիզմի: Հատկապես եթե որոշ չափով նաեւ գրագետ է: Ինչը նշանակում է, որ քաղաքական կսմիթների դաշտում նրան խեղճացնելու համար պետք է առնվազն լինել արեւմտահայ գրող Հակոբ Պարոնյանի (1843-1891, Օսմանյան կայսրություն) մակարդակին:

Բայց քանի որ այդպիսի մեկը կարծես թե չի հայտնվում ընդդիմության շրջանում, կա՛մ պետք է դադարեցնել այդ պրակտիկան եւ կա՛մ խմբակցությունում փորձեր կատարել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է գիտակցել՝ շատ բարդ է հարցերով խեղճացնել նիկոլանման մեկին, եթե նման փորձ անողը չունի անընդհատ հարցեր տալու հնարավորություն: Ճիշտ այնպես, ինչպես անում էր հին հույներից Սոկրատեսը: Ու պետք է հիշել՝ դա կատարվում է ոչ թե միավոր շահելու, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հեղինակությունը գցելու համար: Դրանք, ի դեպ, նույն երեւույթը չեն եւ ենթադրում են խոսքի կառուցման տարբեր մեթոդներ: Ճիշտ այնպես, ինչպես ՀՀ երրորդ նախագահն էր տարանջատում իշխանության գալու եւ Նիկոլին իշխանությունից հեռացնելու գործընթացները:

Մեկ-երկու խոսք՝ Նիկոլի հեղինակությունը գցելու առնչությամբ. դա, ասեմ առանց խնդալու, լուրջ, ծանր եւ բարդ խնդիր է: Ինձ համար եւ կամ ինձ նման անձանց համար Նիկոլը վաղուց զրկված է այն հեղինակությունից, որ ուներ նախքան իշխանափոխությունը եւ դրանից անմիջապես հետո: Այո, ժամանակին ես նրան հարգել եմ որպես ակտիվ ընդդիմադիր անձի՝ հենց ինքս լինելով այդպիսին: Վարչապետ կարգվելուց կարճ ժամանակ անց նա ցույց տվեց, որ դա իր տեղը չէ: Հիշո՞ւմ եք՝ վերջերս պարզվեց, որ նման բան էր ասել նրա մասին իր հարազատ հայրը: Բայց ողջ խնդիրն այն է, որ շատ քչերը հասկացան, որ վարչապետ լինելը Նիկոլի բանը չէ, ու արդյունքում 2020 թվականի պատերազմում ստացանք խայտառակ պարտություն: Հիմա այդ մասին շատերը գիտեն, սակայն նիկոլական մանիպուլյացիայի շնորհիվ զոմբիացված որոշակի զանգվածին դա դեռեւս հասանելի չէ: Եվ այդ զանգվածի համար Նիկոլը մնում է հեղինակություն, էլ չասեմ՝ «փրկիչ»:   

Ասվածը նշանակում է, որ Նիկոլին խոսքով խեղճացնելու անհաջող փորձերը բարձրացնում են նրա հեղինակությունը վերը նշված զանգվածի մոտ: Նրանք, բնականաբար, չեն գիտակցում, որ Նիկոլը «կռուտիտներ» է անում, որ հարցին ուղղակի չի պատասխանում, որ պատասխան խոսքում նախկիններին հիշում է ոչ թե տեղը տեղին, այլ լրիվ անիմաստ, որ հարցուպատասխանի երկար շարունակվելու դեպքում կերեւար իր բոբիկ լինելը եւ այլն, եւ այլն: Նրանք չեն գիտակցում, որ Նիկոլի պաշտոնը թույլատրում է նրան անցնել չափը, որ եթե վարչապետ լիներ Նիկոլի ընդդիմախոսը, ապա Նիկոլը «տասը թուման» կտար մկան ծակ գտնելու եւ նրանում թաքնվելու համար: Նրանք միայն տեսնում են, որ Նիկոլը «դուխով» պատասխան է տալիս ընդդիմադիր նախկիններին, որ ոչ միայն չի խեղճանում, այլեւ, իրենց միամիտ կարծիքով, ինքն է խեղճացնում իր ընդդիմախոսներին: Եվ այդ ամենի արդյունքում նրանց մոտ բարձրանում է Նիկոլի հեղինակությունը: Արդյունքում ընդդիմադիր քաղաքական կսմիթները ոչ միայն չեն հասնում իրենց նպատակին, այլեւ հակառակ արդյունք են ապահովում:

Եվ մի կարեւոր դիտարկում եւս. նիկոլական իշխանության նախկին ներկայացուցիչ ընդդիմադիրներն իրենց խոսքում, երբ այն վերաբերում է իշխանության մեջ եղած ժամանակաշրջանին, հիմնականում չեն բացում փակագծերը: Ասենք, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի հանրայնացնում այն ամենը, ինչին ինքը տեղյակ է եղել պաշտոնավարելիս: Դա պահանջում են ԱԱԾ ծառայության վերաբերյալ իրավական ակտերը: Նիկոլը Նիկոլը չէր լինի, եթե չօգտվեր այդ հանգամանքից: Եվ նա լիովին օգտվում է դրանից: Իսկ ո՞ւր մնաց բարոյականությունը՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ նիկոլիզմն ո՜ւր, բարոյականությունն ո՜ւր...
Առակս ի՞նչ կցուցանե: Այն, որ Նիկոլի դաշտում Նիկոլի զենքով Նիկոլի դեմ կռիվ տալու համար պետք է լինել պատրաստված: Դա նշանակում է, որ Նիկոլի դեմ խոսքի մակարդակում պայքարելու համար անհրաժեշտ է օգտագործել անհամաչափ միջոցներ: Այնպիսին, ինչպիսին ժամանակին հորինել է մեծն լոռեցին «Սուտասանը» հեքիաթում. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»: Եվ ինչ էլ նա պատասխանի, կմնա խեղճացած վիճակում: Եվ այդպիսին կընկալվի իր կողմից զոմբիացված զանգվածի աչքում: