Ի՞նչ միջոցներով են իրականացրել Դիլիջան քաղաքի փոսալցումները (տեսանյութ)

Ի՞նչ միջոցներով են իրականացրել Դիլիջան քաղաքի փոսալցումները (տեսանյութ)

Դիլիջանում սկսել են փոսալցման աշխատանքները: Երեկվանից փոսալցում է իրականացվում Դիլիջանի ոլորաններին: Բնականաբար, ինչպես հանրապետության ամբողջ տարածքում, այստեղ ևս, փոսալցման որակը, մեղմ ասած, բավարար չէ: Բայց քաղաքի ներսում` կենտրոնական փողոցները արդեն մոտ երկու շաբաթ է` ենթարկվել են փոսալցման: Սա առաջին հայացքին նորմալ երևույթ կթվար, եթե չպարզվեր, որ փոսալցման աշխատանքներն իրականացվել են անհայտ ծագման միջոցներով: Բանն այն է, որ քաղաքի ներսի փոսալցման աշխատանքների համար մրցույթ չի հայտարարվել, ինչպես սահմանված է օրենքով, և, ըստ Էության, համայնքի բյուջեով էլ գումար չի նախատեսվել դրա համար: Համենայնդեպս, քաղաքապետարանում տարակուսած են, թե ինչ միջոցներով են իրականացրել այս փոսալցման աշխատանքները, եթե մրցույթ չի հայտարարվել, բյուջեից գումար դուրս չի գրվել, իրենց մոտ, գոնե, դա չի երևում:

Մեզ ասացին` փոսալցման աշխատանքներն իրականացրել է Սևանի ՃՇՇ-ն, ասֆալտն էլ մատակարարել է մասնավոր անձ, ով ասֆալտի գործարան ունի: Սա առնվազն տարակուսելի է և առերևույթ կոռուպցիոն ռիսկ կարող է իր մեջ պարունակել:

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս է` Դիլիջիանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանի եղբորդու` պատգամավոր Սիփան Փաշինյանի ընկերն է ու հենց նրա ջանքերով է նա օրենքի խախտումով դարձել քաղաքապետի ԺՊ, քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի պաշտոնավարման ժամկետը  լրանալուց հետո, մինչև հաջորդ ընտրությունների անցկացումը, նա պետք է մնար որպես ԺՊ, սակայն այս իշխանությունները նրա փոխարեն, օրենքը շրջանցելով, քաղաքապետի աթոռին նստեցրին իրենց ուզած մարդուն: Այժմ Արմեն Սանթրոսյանը, նաև մի քանի այլ համայնքապետեր այս հարցով դիմել են Սահմամադրական դատարան:

Հիշեցնենք նաև, որ Դիլիջանի քաղաքապետի ԺՊ նշանակված Դավիթ Սարգսյանը մամուլում հայտնի դարձավ նրանով, որ իր անձնական տվյալների թերթիկում իր սեռի դիմաց գրել էր «արու»:

Մանրամասն՝ տեսանյութում