ԱՄՆ Պետդեպարտամենտի անհամաչափ գնահատականները Ադրբեջանին եւ Հայաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտի անհամաչափ գնահատականները Ադրբեջանին եւ Հայաստանին

Աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկման խախտումների վերաբերյալ Կոնգրեսին ուղղված իր տարեկան զեկույցում Պետդեպարտամենտը մեղադրել է Ադրբեջանին և Հայաստանին 2023 թվականին խոշոր զորավարժությունների կամ իրադարձությունների մասին չզեկուցելու համար։ Ըստ Պետդեպարտամենտի, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը խախտում են զորավարժությունների վերաբերյալ միջազգային պայմանագիրը: Հիշեցնենք, որ երկրները պետք է դա անեն Վստահության մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն (հայտնի է որպես VD11):

Զեկույցում նշվում է. «2022 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանը հայտարարել է, որ չի նախատեսում 2023 օրացուցային տարվա համար VD11 կետով որևէ ռազմական գործողություններ կազմակերպել։ Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում 2023 թ. հոկտեմբերին տեղեկություն է տրվել Մուստաֆա Քեմալ Աթաթուրք- 2023 կոչվող զորավարժությունների մասին...Ադրբեջանը պետք է տեղեկացներ այդ զորավարժությունների մասին»:

2023 թվականի դեկտեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է արել ամբողջությամբ կատարել VD11-ով ստանձնած պարտավորությունները։

Դե, քանի որ Պետդեպարտամենտը «նկատողություն» է արել Ադրբեջանին, որը պատերազմի նախապատաստություն հիշեցնող մեծ զորավարժություններ է անում՝ առանց իրենց տեղյակ պահելու, ապա մի «վատ» բան էլ պետք է Հայաստանին ասեր: Հայաստանի առնչությամբ զեկույցում նշվում է. «Երևանը նախորդ տարի չի կատարել VD11-ով ստանձնած պարտավորությունները։ Հայաստանը հիմնականում չի ներկայացրել իր զինված ուժերի մասին տարեկան տվյալներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տվյալներ։ Հայաստանը 2023 թվականին որևէ խոշոր զորավարժության կամ գործողությունների մասին չի հայտնել։ Հայաստանը տարեկան տվյալներ չի ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի վերջին ներկայացումից հետո։ 2020, 2021 և 2022 թվականներին Հայաստանը VD11-ի վերաբերյալ տվյալներ չի տրամադրել՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը։ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանը տարեկան տվյալներ չի ներկայացրել: Վերջին դիվանագիտական հարաբերությունները հուշում են, որ Հայաստանը մտադիր չէ վերսկսել VD11-ի ամբողջական իրականացումը 2024 թվականին, բայց կարող է բաց լինել գործընկերների հետ երկկողմ աշխատանքի համար», - ասվում է զեկույցում։ 

Փաստորեն, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանին մեղադրում է, որ տեղյակ չի պահել զորավարժությունների մասին: Սակայն, հարկ է նշել, որ Հայաստանը որեւէ խոշոր կամ փոքր զորավարժություն չի անցկացրել, որեւէ շարժ չի կատարել սպառազինության, ռազմական ոլորտում: Այստեղ, կարելի է ասել՝ անկենդան վիճակ է: Անգամ սահմանին կանգնած զինվորների հերթափոխի շուրջ ադրբեջանական կողմն այնպիսի մեծ աղմուկ է բարձրացնում որ թվում է թե Հայաստանը պատրաստվում է գրոհել հարեւանի վրա: Ասել է թե՝ եթե որեւէ զորավարժություն լիներ, ապա Պետդեպն այդ մասին անպայման կիմանար, այնպես, ինչպես ադրբեջանական զորավարժությունների մասին է իմանում: Չարած բանի մասին ի՞նչ տեղեկացնի Հայկական կողմը…

 Իրինա Վանյան