Ղարաբաղի հարցով ճնշումները մեծանալու են

Ղարաբաղի հարցով ճնշումները մեծանալու են

Բազմիցս նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ տարբեր առիթներով արված անհետևողական, իրարամերժ և հակասական հայտարությունները ինչ-որ մի օր լրջագույն ճգնաժամի պատճառ են դառնալու։ Փորձենք հասկանալ, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը․ ա/ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», բ/ Կապանի մամուլի ասուլիսում՝ ներկայանալով որպես հող չհանձնող վարչապետ, անարգանքի սյունին գամեց հակամարտության խաղաղ կարգավորման այն փաստաթղթերից մեկը, որի շուրջ բանակցել էին կողմերը, բ/ Մյունխենից վերադառնալուց հետո ներկայացրեց հակամարտության խաղաղ կարգավորման իր «սկզբունքները», որոնք իրականում բարի և պոպուլիստական ցանկություններ են և որևէ կապ չունեն կարգավորման իրական սկզբունքների և տարրերի հետ։ 

Անհետևողական և անպատասխանատու այս ելույթների շքերթն իհարկե հարիր չէ պետության ղեկավարին։ Վարչապետը պարտավոր է հասկանալ, որ նրա ամեն մի անզգույշ արտահայտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այս առումով կշտամբանքի են արժանի նաև Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները։ Նրանք շատ լավ գիտեն, որ վարչապետը հախուռն և անզուսպ խառնվածքի տեր անձնավորություն է և իր հասցեին ուղղված քննադատություններին պատասխանելիս հաճախ անհավասարակշիռ վարքագիծ է դրսևորում՝ անցնելով բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այսինքն, ընդդիմախոսները պետք է կանխատեսեին այս հեռանկարը և չպետք է վարչապետին հրապարակայնորեն նեղը գցեին։ Պարզից էլ պարզ է, որ ներքին ճնշումներից խուսափելու համար նա գործի էր դնելու իր անզուսպ պոպուլիզմը, ինչը Ղարաբաղի պես բարդագույն հակամարատության պարագայում անթույլատրելի է։ 

Երանի թե, խնդիրները այսքանով սահմանափակվեին, բայց ո՛չ, այս առումով մենք լավատես լինելու որևէ հիմք չունենք։ Անհետևողականության ականները հերթով պայթելու են՝ էլ ավելի խորացնելով խնդիրը։ Ականներից մեկը երեկ պայթեց և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին ամեն դեպքում ինչ-որ փաստաթղթեր կան, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։ Փաստ, որը վերջին երկու տարիներին համառորեն հերքվում է Հայաստանի վարչապետի և արտգործ նախարարի կողմից։ Նախարար Զ․ Մնացականյանը, պատասխանելով Լավրովին, ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց փաստաթղթերի առկայությունը, նա ընդամենը ներկայացրեց Հայաստանի ակնհայտ և տրամաբանական դիրքորոշումը, որի լինելիությունն ամենևին էլ չի խանգարում փաստաթղթի գոյությանը։ 

Այս պարագայում խնդիրը բանակցային սեղանին փաստաթղթի լինելիության կամ էլ չլինելիության մեջ չէ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վտանգավոր խաղի։ Ի վերջո խաղաղ կարգավորման փաստաթղթերը բացարձակ ճշմարտությունների ժողովածուներ չեն և կողմերը կարող են մերժել այս կամ այն առաջարկը, այդպիսի օրինակները բազմաթիվ են։ 

Սխալվելու չնչին հավանականությամբ վարչապետ Փաշինյանը խուսափում է ամբողջությամբ ներգրավել բանակցային բուն գործընթացի մեջ և փորձում է մի կողմ նետել իր վրա դրված միջազգային պարտավորությունները։ Այսինքն, Հայաստանի ղեկավարը շրջանցում է արդեն իսկ սահմանված խաղի կանոնները՝ ինքն իրեն դարձնելով էլ ավելի խոցելի։ Հայաստանի դիվանագիտական ուժը դրսևորվում է հենց այդ խաղի կանոնների շրջանակներում, որտեղ մեր ներկայացուցիչները պնդում են այն հարցերի շուրջ, որոնք սկզբունքային են ու շահեկան։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այդ խաղի կանոնները, ապա վաղ թե ուշ իր կամքից անկախ և առանց իր մասնակցության ի հայտ են գալու այնպիսի ձևակերպումներ և կարգավորման տարբերակներ, որոնց կանխարգելման հնարավորությունը արդեն իսկ կլինի ժամանակավրեպ։ 

Հենց այստեղ է թաքնված վարչապետի մեծագույն սխալը։ Նա կարծում էր, թե բանակցությունները «սեփական կետից» սկսելու հայտարարությունը հնարավորություն կտան ժամանակ շահել և status quo-ն պահպանել այնքան ժամանակ, որքան դա հաջողվել է նախորդներին։ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ «սեփական կետ» կոչվածն այդքան էլ սեփական չէ, քանի որ դա հնարավորություն է տալու համանախագահներին ի չիք դարձնել անցյալի բոլոր պայմանավորվածություններն ու ասպարեզ բերել այնպիսի հանգամանքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ Լավրովի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճնշում և բանակցություններում Հայաստանի ոչ ամբողջական ու խուսափողական ներկայացվածության հետևանք։ Ենթադրում եմ, տևական ժամանակ համանախագահները Հայաստանի հետ փորձել են խոսել տարբեր հարցերի շուրջ, իսկ Հայաստանը միաժամանակ և՛ խոսել է և՛ չի խոսել, կարծելով, թե խուսանավում է և կարող է ի լուր աշխարհի հայտարարել, թե բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ էլ չկա։ 

Սա միայն սկիզբն է։ Ճնշումները շարունակվելու են և եթե Հայաստանի ներկայացուցիչները շարունակեն այս ոչ լիարժեք և պատասխանատվությունից խուսափող քաղաքականությունը, ապա կանխատեսում եմ, որ վաղ թե ուշ առաջնային պլան է մղվելու Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» չափազանց վտանգավոր գործոնը։ Հայաստանը պետք է ճշգրտի իր դիրքորոշումը և առանց վախվորած խուսանավումների ամբողջությամբ մխրճվի բանակցային գործընթացի մեջ։ Այլընտրանքը պատերազմն է։ 

Փաշինյանի ընդդիմախոսներին հորդորում եմ գոնե Ղարաբաղի հարցով մի փոքր զուսպ լինել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նրա կողմից պատասխանի ամեն մի փորձը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Լավրովի հայտարարությունը ինչ-որ իմաստով վերևում մատնանշված կետերի ուղղակի կամ անուղղակի հետևանքն է։  Իսկ Փաշինյանին հորդորում եմ առանձին-առանձին հանդիպել նախագահներ Լ․ Տեր-Պետրոսյանին, Ռ․ Քոչարյանին, Ս․ Սարգսյանին և հասկանալ, թե նրանք ինչ ելքեր են տեսնում այս փակուղուց։ Բայց վարչապետին ուղղված մի հորդոր էլ կա․ արգելել Ռուբեն Ռուբինյանին այս հարցի վերաբերյալ որևէ կարծիք արտահայտել, հակառակ պարագայում Հայաստանը կարող է ևս մեկ ապտակ ստանալ։