«Հրապարակ». Երբ այդ տունը սարքում էի, Գեւորգը 9-րդ կամ 10-րդ դասարանում էր

«Հրապարակ». Երբ այդ տունը սարքում էի, Գեւորգը 9-րդ կամ 10-րդ դասարանում էր

«Ծիծաղելի է, ինչպե՞ս կարող էր իմ որդին՝ Գեւորգ Կոստանյանը, 9-10-րդ դասարաններում տուն կառուցել, տուն գնել»,- զարմանում է նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, ով 2006-2015 թթ․ եղել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահը։

Հիշեցնենք․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել 45-ամյա Գեւորգ Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը։ Դատախազությունն ուսումնասիրել է Կոստանյանին պատկանող գույքը՝ 1996թ. հուլիսից սկսած: Հենց այդ տարեթվին է Գ․ Կոստանյանը, ըստ դատախազության, Ծաղկաձորում ձեռք բերել իր առաջին գույքը, երբ 18-19 տարեկան էր։

Մինչդեռ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտներն անհամեմատ պակաս են եղել, քան նրա ձեռք բերած գույքը։ Գեւորգ Կոստանյանին պատկանող՝ միայն ապօրինի ծագում ունեցող գույքերի շուկայական նվազագույն արժեքի հանրագումարը, ըստ դատախազության, կազմում է 327 մլն դրամ: Եվ եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյան համոզիչ ապացույցներ չներկայացնի դատարանում՝ հիմնավորելով իր «անմեղությունը», այսինքն՝ գույքի օրինական ծագումը, ապա պետությանը կարող են անցնել ավելի քան 900 հազար դոլար արժողությամբ Երեւանի, Ծաղկաձորի եւ Ջրվեժի նրա տները, ինչպես նաեւ ավելի քան 1 միլիոն դոլար։

Նախկին գլխավոր դատախազի հայրը՝ Սուրիկ Կոստանյանն ասում է, որ Ծաղկաձորում 1996 թվականին ինքն է հող գնել, ապա տուն կառուցել, իսկ երբ ավարտել է, Գեւորգ Կոստանյանը դեռ ուսանող էր․ «Այդ տունը ես 99 թվականին եմ, որպես ավարտված շինություն, գրանցել կադաստրում։ Երբ սարքում էի, Գեւորգը 9-րդ կամ 10-րդ դասարանում էր, հետո՝ ուսանող, դրանից հետո գնաց բանակ։ Ի՞նչ կապ ունի այստեղ Գեւորգը, դա համարյա կոմունիստների ժամանակ էր։ Մենք մեծ շրջապատ ունենք, ամեն մեկը մի բան բերում էր, ու սարքվեց»։ Հայրը պատմեց նաեւ, որ տունն ինքն է նախ որդու՝ Գեւորգի անունով գրանցել, ապա, երբ երկու որդիներին՝ Գեւորգին ու Կարենին, նույն օրն ամուսնացրել է, պայման է դրել՝  ով առաջին տղա թոռն իրեն պարգեւի, տունը կնվիրի այդ թոռնիկին։ Սրանով է պայմանավորված, որ հետո Կոստանյանը տունը նվիրել է եղբորորդուն։ «Ես Գեւորգին կանչեցի, ասեցի՝ հիշո՞ւմ ես իմ խոստումը, դե, ուրեմն գնա ու նվիրիր եղբորդ մեկ տարեկան որդուն»։

Նշենք, որ, ըստ դատախազության, 1996թ. Գ. Կոստանյանը 60 հազար դրամով Ծաղկաձոր քաղաքում ձեռք է բերել հողամաս, որի վրա 1999թ․ կառուցվել է առանձնատուն՝ 308 քմ մակերեսով: 2003թ․ 243 հազ. դրամով ձեռք է բերել նաեւ հարեւանությամբ գտնվող հողամասը: Փորձագետի կողմից տրված եզրակացության համաձայն՝ միայն տան շինարարության արժեքը կազմում է մոտ 92 մլն դրամ: Մինչդեռ Գեւորգ Կոստանյանը 1999-2003թթ. ստացել է ընդհանուր մոտ 2 մլն 324 հազ. դրամ աշխատավարձ, որն էլ եղել է նրա միակ օրինական եկամուտը: 2007թ․ նշված անշարժ գույքը Գեւորգ Կոստանյանը նվիրել է եղբորորդուն՝ Արա Կոստանյանին:

Կոստանյանին, կնոջը եւ նրանց փոխկապակցված անձանց այլ՝ անշարժ եւ շարժական գույքեր էլ են դիտարկվում դատախազության կողմից, սակայն Սուրիկ Կոստանյանն ասում է, որ դա հնարովի մեղադրանք է, որ ինքը, լինելով երկարամյա փորձ ունեցող դատավոր, նման «անգրագետ» մեղադրանք չէր տեսել․ «Գեւորգը, ախր, շատ զգուշավոր էր։ Ինքը որեւէ սեփականություն չունի, ոչ էլ իր կինը, Գեւորգն ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չէ, մի տուն ունեմ, բավական է։ Խոսքը Ջրվեժի տան մասին է։ Մարդիկ 30 տարեկանում մի հատ աթոռ չեն կարողանում առնել, ո՞նց եղավ, որ Գեւորգը 8-9-րդ դասարաններում տուն սարքեց, կադաստրի վկայականներով, բոլոր փաստաթղթերն իրենց մոտ են, իրենք չե՞ն տեսնում։ Պարզ է, չէ՞, որ այլ ենթատեքստ կա։ Հիմա էլ կնոջը չեն թողնում, որ գնա հասնի ամուսնուն, տունն էլ հետն են քանդում»։