Զոյի Բրիգլի. Ուելս

Զոյի Բրիգլի. Ուելս

Ամուսնու սերը

Քանզի երբ կինը փակում է դուռը, ամուսինը բացում է պատուհանը:
Քանզի ամուսինը իմանում է ժամանակացույցերի, ծրագրավորումների
Թակարդի մասին:
Քանզի նա տուն է գալիս թաց, հասած ելակներով լի զամբյուղներով:
Քանզի նա մեկնում է ձեռքերն ու ոտքերը կատվի պես:
Քանզի նա բարձրացել էր Ուայթսենդս լողափի Ցասման քարերով բուրգը:
Քանզի նրանից կավճի ու թաց խոտի հոտ է գալիս:
Քանզի նա օգնում է կնոջը հաղթահարել բարձրության վախը՝ առաջնորդելով նրան մայաների տաճարները:
Քանզի նրա մատները կոշտանում են կոնտրաբասի լարերը սեղմելուց:
Քանզի նա կարծում է, որ կինը Ժաննա դ'Արկն է:
Քանզի Նյու Յորքի խանութներից մեկում նրա համար մատանի գնեց առանց
հարցնելու մատանու չափսը. նա գիտեր այն:
Քանզի նա ամեն առավոտ հեծանվով է աշխատանքի գնում, նույնիսկ՝ երբ ձյուն է գալիս:
Քանզի նա վախենում է շներից, հատկապես փոքրերից:
Քանզի երբեմն գիշերը նրա ձեռքը ձգվում է դեպի նրա կողմը:
Քանզի նրա տեսլականը 20/10 է:
Քանզի նա սպասում է, մինչեւ կինը հասնի:
Քանզի նա չի նկատում, որ տունը թափթփված է:
Քանզի նրա մորուքը քերծում է նրա այտը:
Քանզի նա ասում էր, որ եթե կինը Մարքսն է, ապա ինքը Էնգելսն է, նրան ձգում է երկիր:
Քանզի նա երբեք չի լացում կինո նայելիս, իսկ կինը լացում է:
Քանզի նա աշխատում է պարզ՝ չկիրառելով որեւէ մաթեմատիկա:    
Քանզի նա երբեք չի հրաժարվում ցանկացած տեսակի ճաշից:
Քանզի նա վերանայել է Ներուդայի բանաստեղծության բառերը`
Tucuerpoalegre, tusluminososojos*.
Քանզի նա հաշվի է առնում այն ամենը, ինչ ասում է:
Քանզի նա գիտի` ինչպես է կինը սիրում, որ իր հետ շփվեն:
Քանզի նա երբեք, երբեւէ չի տարակուսել:
Քանզի երբ կինը փակում է պատուհանը, նա բացում է դուռը:

* tucuerpoalegre, tusluminososojos (իսպ.)- քո երջանիկ մարմինը, քո փայլող աչքերը

 

Սոնետ ապակու անցքի համար

Դուք ճանաչում եք կանանց՝ ձեռագործ ամեն մի բանից
որ գործիք է տղամարդկանց ձեռքին՝ նրանց ճանկելու համար. ֆուրգոնի կրկնակի դռներ, ստեղնաշար. տառերը շարված են ագռավների պես
հեռախոսային ձիգ լարերին.-փշեր՝ ցանկապատի վրա. բացվող դուռ
տղամարդկանց հերթում. գիշերային սպիտակ ավտոբուս.
այդ պահը մոտ է այն կետին, որ ուր որ է մի բան կկատարվի:
Խցում ընտրում են սեքսի ու բանտի միջեւ. ոստիկանական մեքենա
Ուր նրանք ներում են հայցում. Շնորհակալություն, պարոն, 
որ ինձ չեք պատվիրում. թղթեր, որոնցով հիվանդանոցից
դուրս են գրվում անվասայլակներ. կամ բջջային հեռախոսի կապույտ
շողուն լույս, որ նրանց ցուցանում է վառ էկրանին, հանց փոքրիկ վարդագույն ձկներ: Դակիչով անցք բացել ապակու մեջ՝ ճաքեր, սարդ. սառույցը չափազանց բարակ է տղամարդու քաշը պահելու համար. Մի աչքը
անցքին բավական է, որ կարողանաք կարդալ նրանց անունները:


WesternUnion*

Ահա մի պատմություն, իմը չէ, Արեւմուտքից մի կնոջ մասին,
ոչ ամերիկյան Արեւմուտքը, ինչպես հիմա է, այլ

մի տեղ՝ առանց ժամանակի: Շատ վաղուց նա նետել է զգեստն իր,
եւ այժմ լայն գոտի ու կոշիկներ է հագնում - տղամարդկանց հետ

նա ընդհարվում է խարույկի շուրջ: Կլաուդիա Կարդինալեի պես
կամ՝ Քեթի Յուրադոնի՝ մի ֆիլմում, որ տեսել եմ մի օր. Ոչինչ,

դու կարող ես ինձ հետ անել այն, ինչը չես լվա
օճառաջրով: Մի տղամարդ նայում ու ոչինչ

չի անում: Մեկ ուրիշը ետեւից մի ձեռքով
նրան օղակել է. Մյուսը դանակահարում, կտրատում է նրան

կրծքից մինչեւ պորտը: Նա շնչահեղձ է լինում վերքերից.
ոչ թե աղիքներ, այլ՝ մետաղալարեր, մխոցներ, շղթաներ: Դուք դա՞ էլ եք տեսել:

Այն պահին, երբ մեզ ասաց, թե ինչ խախտում նա
նկատի ուներ. ստիպված ես նայել, չտեսնել ոչինչ՝ նման իրողության:

*WesternUnion - բանկային համակարգով միջազգային դրամափոխանցումների ծառայություն:

 

Նամակ Ջորջիա Օ'Քիֆից

Նա բացեց ոսպնյակը - եւ ես արեցի այն, ինչ ինձ ասացին -
նստեցի անխոս ու մերկ չորս րոպեից
ավել: Փոթորկոտ գիշեր Ջորջ լճի վրա - իսկ այնուհետեւ
նա գրել է. – Մեր միջեւ ամեն ինչ կարգին է, քանի որ տվեցիր ինձ
քո կուսությունը: Դու առաջարկեցիր հենց կենտրոնը: Եվ նա մաս-մաս
ինձ կախեց իր պատկերասրահի պատից: Նա - ես կասկածում եմ - 
միշտ լուսանկարում է իրեն: Որտեղ ես տեսա

ծառ՝ կտրված ճյուղով՝ ցավալի է, սակայն գեղեցիկ
եւ՝ կենդանի - ջարդեց մեռնող շագանակը,
որ լացում էր տղամարդու հոգով: Երբ ես զգացի
տաք լուսնի դողը եւ արտացոլումը - սպիտակ ու խառն էին
ալիքների վրա - նա գիծ քաշեց երկրի ու երկնքի միջեւ -
եւ լուսնի դիտումն անթարթ, բայց առավելս՝

նվաղուն: Նա իմ ամեն մասը տեսնում էր դրվագներով: Կնոջ
մարմնի մեջ համապարփակություն կա: Պարանոց: Գոտկատեղ:
Կրծքեր: Մարդիկ հաճախ են զվարճալի բաներ ասում
իմ ձեռքերի մասին: Ո՜նց էին հիանում նրանք
նկարելիս - պատկերել այնպես, ինչպես կա - բայց նախընտրելի է
ճերմակ անօգուտ ձեռքերը. Տղամարդիկ քաջ գիտեն

այդ մասին: Նա ստիպեց ինձ մի քիչ բռնցքամարտել - 
մինչ հեռանալս - երբ նա մեղադրեց ինձ, որ ես վայրագ եմ:
Համառեցի էլի - ես անասուն չեմ կամ նման մի բան - 
Ես Ջորջիա Օ'Քիֆն եմ: Ես մերկ ելա դուրս
խորը շունչ առա, երկիրն էր հառաչում
մթագնող երկնի տակ: Դա լավագույն տեղն էր, քան մեկ ուրիշը -
Ես նրան ասացի՝ թող ոսկորներդ հավետ սպիտակեն:

 

Թարգմանություններն անգլերենից՝ Քրիստինա ՔՈՉԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ