«Հրապարակ». Կառավարությունը խորացնում է անդունդը հին եւ «բռնի» տեղահանվածների միջեւ

«Հրապարակ». Կառավարությունը խորացնում է անդունդը հին եւ «բռնի» տեղահանվածների միջեւ

Կառավարության երեկվա նիստում մի քանի անդրադարձ եղավ արցախցիների թեմային։ Բայց այն, ինչի  մասին խոսում էին, կարեւոր էր ոչ թե արցախցիների, այլ ՀՀ կառավարության համար։ 

Արցախցուն այսօր հետաքրքրում է, թե ինչու ինքը չի ստանում նպաստ, թոշակ, բնակվարձ, ինչու իրենց հաշիվներին չեն «նստում» 100 հազարական դրամները կամ եթե «նստում» են, կարճ ժամանակ անց հետ են քաշվում բանկերի կողմից: Ինչու չեն ներվում իրենց վարկային պարտավորությունները։ Ինչպես են իրենք ապրելու Հայաստանում, ինչ եկամուտների հաշվին, որտեղ են աշխատելու եւ այլն: Իսկ վարչապետ Փաշինյանը խոսում է արտագաղթի կրճատման մասին, «գոհունակությամբ» արձանագրում, որ Արցախի դատարկումից հետո «առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ», իսկ հիմա արտագաղթը կանգնել է։ 

Արցախցուն հետաքրքրում է նաեւ, թե ինչու է կառավարությունն անտեսում 2020 թվականի պատերազմից հետո տեղահանվածներին եւ «բռնի տեղահանված» է համարում միայն 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 12։00-ից հետո եկածներին, մյուս 20 հազարից ավելի անձանց ջնջել են պետական հոգածության տեսադաշտից եւ չեն տալիս անգամ 40 հազարները` որպես բնակվարձ։ 

Իսկ կառավարությունն ավելի է խորացնում խտրականությունը հին ու նոր տեղահանվածների միջեւ՝ առայժմ նկատելով միայն նորերի հոգսերը, բայց մի քանի ամսից դա էլ կսկսի չնկատել։ 2020 թ․ պատերազմից հետո եկածների մասով, որոնք 20 հազարից ավելի են, համարվում է, որ նրանք արդեն ինտեգրվել են հայաստանյան կյանքին, եւ նրանց վերաբերյալ ծրագրերը շարունակելու կարիք չկա։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը երեկ կառավարության  նիստի ժամանակ հստակեցրեց, որ 100 հազարական դրամների շահառուները նոյեմբերին կստանան նաեւ 40+10 հազար դրամ աջակցությունները։ Այդ նպատակով երեկ կառավարությունը հատկացրեց 2 մլրդ դրամ։ 

Գո՞հ են արդյոք արցախցիները նախարարության աշխատանքից, որքանո՞վ է կառավարությունը կարողանում մեղմել նրանց պատուհասած սոցիալ-հոգեբանական աղետը։ Մեր հարցերին պատասխանեց ակտիվիստ, Երեւանում ի աջակցություն արցախցիների անցկացված ցույցերի մասնակից, «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը։ «Բոլոր բռնի տեղահանվածներն ասում են ու օգտագործում են 108 հազար թիվը։ Այսինքն՝ նրանք օգտագործում են «բոլոր բռնի տեղահանվածներ» եզրույթը, բայց մենք, ովքեր 2020 թվականից այստեղ ենք ու Արցախ չենք գնացել, այդ ծրագրերում չկանք։ Այդ ծրագրերն այն մարդկանց համար են, որոնք 100 հազար դրամի ծրագրի շահառու են»,- ասում է Լիանան։ Նրան հարցրինք․ իսկ չկա՞ն մինչեւ կառավարության նշած ժամկետը՝ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 12։00-ն եկածներ։ «Կան։ Սեպտեմբերի 24-ին է բացվել անցակետը, սակայն մինչ այդ եկել են նաեւ Կարմիր խաչի, ռուսների միջոցով, ուսանողներն են եկել, ում տեղափոխումը պետականորեն կազմակերպվել էր։ Նրանք ստանում են 100 հազարները, բայց հիմա մեծ խնդիրների առաջ են, այստեղից այնտեղ են վազվզում, այնտեղից այստեղ` ինչ-որ թղթեր են ուզում նրանցից»։ 

Ըստ Լիանա Պետրոսյանի, Արցախի օպերատիվ շտաբի հետ կապված՝ կատարյալ խառնաշփոթ է։ «Արցախի օպերատիվ շտաբը լուծարել են, բայց եթե մարդիկ դիմում են սոցապ, այնտեղից ասում են՝ գնացեք օպերատիվ շտաբ, որն աշխատում է հիմա իր հայեցողությամբ: Եթե այդ շտաբը չկա, եթե համարում եք, որ դա պետքական չէ, ինչո՞ւ են այնտեղ ուղարկում մարդկանց։ Միգրացիոնի անձնագրային բաժանմունքները մարդկանց սխալ տեղեկատվություն են տալիս ու էլի գցում են անորոշության մեջ։ Փակ շղթա է»,- ասում է Լիանա Պետրոսյանը։ Ըստ նրա, բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդկանցից պահանջվել է 2-3 անգամ գրանցվել տարբեր բնակավայրերի միասնական սոցիալական ծառայություններում, երբ առցանց գրանցումներ են պահանջվել, որոնք հետագայում չեն երեւացել։