«Հրապարակ». Ինչու ՀՀ իշխանությունները տեղի տվեցին եւ նահանջեցին եվրոպական հարթակից

«Հրապարակ». Ինչու ՀՀ իշխանությունները տեղի տվեցին եւ նահանջեցին եվրոպական հարթակից

Հայ-ադրբեջանական բանակցություններն ուշագրավ փուլ են մտել, նոյեմբերի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, որի մասին երեկ հաղորդեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ պայմանավորվածությունը նախնական է։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- ասված է հայտարարությունում։

Այդ հանձնաժողովները, հիշեցնենք, ստեղծվել են մեկ տարի առաջ․ հայաստանյանը, ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի հրամանագրով, ղեկավարում են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն, առաջիկա հանդիպումը լինելու է հինգերորդը։ Վերջինն այս տարվա հուլիսի 12-ին էր` Տավուշի մարզի եւ ադրբեջանական Ղազախի հատվածում: Հանդիպումից օրեր անց Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտարարեցին, թե չորրորդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի` սահմանազատումն իրականացնելիս։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ ենք սահմանագծումն իրականացնել 1975 թվականի քարտեզներով, մասնավորապես, 2023-ի հունիսի 22-ի մամլո ասուլիսում Փաշինյանը, անդրադառնալով այդ քարտեզներին, նախ շեշտեց, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս հարցում դրական տեղաշարժ չկա, ապա ասաց. «Կարծում եմ, որ 1975 թվականի քարտեզը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա են ենթադրում 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։ Փաշինյանը նկատեց նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքի նկատմամբ։
Ինչեւէ, սահմանազատման հանձնաժողովների հուլիսյան հանդիպումից 3 օր անց Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիեւ-Փաշինյան հանդիպում տեղի ունեցավ, որից հետո, շուրջ 4 ամիս է՝ կողմերի միջեւ բոլոր տեսակի բանակցությունները, շփումները դադարել են: Այս ընթացքում Ադրբեջանը կարողացել է Արցախը դատարկել եւ Ստեփանակերտում զորահանդես անել` հայտարարելով, որ այն այլեւս երբեւէ հայերին չի պատկանելու: Եվ բնական է, որ այլեւս մերժում է արեւմտյան հարթակները: Հայաստանն էլ մերժում է մոսկովյանը։ Մինչ երկու երկրների ղեկավարները լեզու չեն գտնում հարթակների հարցում, Ադրբեջանից օրերս տետ ա տետ, ուղիղ սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց չհստակեցվեց, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երեւանից պատասխանեցին, որ առաջարկում են սահմանազատման հանձնաժողովների նիստ անել: Հարկ է նկատել, որ Բաքվի առաջարկը ոչ թե սահմանազատմանն էր վերաբերում, այլ խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 
Ուշագրավ է, որ նոյեմբերի 22-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցին, նշել էր, որ պայմանավորվածություն դեռեւս չկա, իսկ 23-ի առավոտյան արդեն հայտարարվեց «նախնական պայմանավորվածության» մասին։

Որոշ տեղեկություններով՝ ադրբեջանցիների հետ բանակցային գործընթացը Մհեր Գրիգորյանի դեմքով վերսկսելու քայլով Նիկոլ Փաշինյանը որոշել է ե՛ւ Արեւմուտքին բավարարել, ե՛ւ չնեղացնել Ռուսաստանին՝ բանակցային ֆրոնտ ուղարկելով ռուսական կողմնորոշման եւ ռուսների կողմից ընկալելի Մհեր Գրիգորյանին։ Այս մասին են թերեւս վկայում Մհեր Գրիգորյանի «արդարացումները» ԵՄ դեսպանների մոտ։ Նոյեմբերի 22-ին ԵՄ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Գրիգորյանը խոսել է Հայաստանին սպառնացող մարտահրավերների մասին։ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին»,- նշված է հանդիպման մասին հաղորդագրությունում։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ամեն գնով փորձում է Հայաստանին հետ բերել եվրոպական հարթակներից եւ իրագործել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, այն է՝ Ռուսաստանի վերահսկողությունը սահմանել ապաշրջափակվող սահմանների եւ կոմունիկացիաների նկատմամբ։ 
Ովքե՞ր են մասնակցելու նոյեմբերի 30-ի հանդիպմանը: Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հայաստանյան կազմում, ինչպես հայտնի է, մի շարք պաշտոնյաներ են ընդգրկված` ի պաշտոնե, այդ թվում՝ ՏԿԵ ՔՊ-ական փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Երեկ մենք փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ 4 ամիս շարունակ հանձնաժողովի ղեկավարները չէին հանդիպում, ի՞նչ է փոխվել, որ հանդիպելու են հաջորդ շաբաթ։ Փոխնախարարն անակնկալի եկավ հանդիպման մասին տեղեկությունից՝ ասելով, որ տեղյակ չէ, թե ինչու չեն հանդիպել` ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել․ «Մի բան կարող եմ ասել, որ աշխատանքային պրոցեսը չի դադարել, մեր հանձնաժողովի անդամների հանդիպումները տեղի են ունենում, իսկ ի գիտություն պիտի ընդունել փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունները»։ Թե ինչ կազմով են հանդիպելու առաջիկա հանդիպմանը, Հարությունյանը կրկին տեղյակ չէր, ասաց՝ կքննարկենք։ Ադրբեջանի առաջարկած ուղիղ բանակցային ֆորմատն ընդունելի՞ է իր համար։ «Բոլոր այն աշխատանքները, որոնք միտված կլինեն ՀՀ պետականության, ինքնիշխանության, սուվերենության ուժեղացմանը, ընդունելի են»,- ասաց նա։

Տեղեկությունները, որ հիշյալ հանձնաժողովը չափագրումներ է իրականացրել անկլավների վերաբերյալ, փոխնախարարը չմեկնաբանեց՝ ասելով, որ մեկնաբանության ենթակա չէ․ «Կրկին եմ ասում՝ հանդիպումների, արդյունքների եւ ամեն ինչի մասին հաղորդագրությամբ տեղեկացվում է»: Մի բան պարզ է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված մարդիկ անգամ տեղեկացված չեն պրոցեսներից: Այս երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ, տեղյակ են` մի քանիսը: