Դասալիքը ժողովուրդը չէ, այլ իշխանություններն են. Պետրոս Մակեյան

Դասալիքը ժողովուրդը չէ, այլ իշխանություններն են. Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դասալիքը ժողովուրդը չէ, այլ իշխանություններն են
Ամիսներ առաջ արձագանքեցի հանրային հեռուստատեսությամբ իշխանական քարոզչությանը, որտեղ փորձում են հիմնավորել համատարած դավաճանության գոյությունը, հետագայում այն փորձեց ամրապնդել Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենար, եթե բանակում չլիներ 5-րդ շարասյունը, իսկ հիմա էլ կինը հետևյալ կերպ է այն «հիմնավորում»՝ խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ 11000 դասալիքների, դավաճանների առկայության մասին, իսկ խոսքի վերջում 500 հազար վախկոտ տղամարդկանց մասին, որոնք, ըստ իրեն, պոտենցիալ դասալիքներ ու դավաճաններ են։

Չարձագանքել ու չպատասխանել այս ազգակործան քարոզչությանը ստացվում է կա՛մ մասնակցություն ունենալ, կա՛մ հանդուրժել այս գործընթացին։
Եվ ուրեմն, այս նույն ժողովուրդը 90-ականներին, շատ ավելի ծանր պայմաններում, 4 տարի պատերազմեց ու հաղթեց ավելի ուժեղ թշնամուն՝ մի մասը առաջին գծում, իսկ մնացածը՝ թիկունքում։

Նույնիսկ 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ իշխող վարչախումբը, որը տասնամյակներ ոտնահարել էր ազգային շահը, իր անընդունելի կառավարման համակարգով կարողացավ համախմբել ժողովրդին և կանգնեցնել պատերազմը։
Այո՛, 44-օրյա պատերազմում միանշանակ այլ արդյունք կունենայինք մեզ համար, եթե չլիներ օրվա իշխող դասալիք խմբակը, ավելին՝ այլ արդյունք կլիներ, եթե նույնիսկ այս որակի իշխանությանը փոխարիներ ժողովրդի ինքնակազմավորումը։
Հետևապես, ի՞նչ հարց են լուծում իշխանությունը ներկայացնող դասալիքները։ Մեր հայրենիքը շարունակական, առանց կրակոցների, մաս-մաս թշնամուն հանձնելով տանել վերջնական կապիտուլյացիայի, «հիմնավորելով», որ ազգովի դասալիք ենք ու հրաժարվում ենք հայրենիքը պաշտպանելուց, ուրեմն համակերպվեք ստեղծված վիճակի հետ։

Հ․Գ․ Երբ պետականությունն են ոչնչացնում ու ազգային արժանապատվությունը հողին հավասարեցնում, այլևս աղուհացն էլ արժեք չունի»: