Կալանավորների թիվը կտրուկ նվազել է․ Պրիգոժինի «մատը խա՞ռն է»

Կալանավորների թիվը կտրուկ նվազել է․ Պրիգոժինի «մատը խա՞ռն է»

Ռուսաստանում ազատազրկման վայրերում դատապարտյալների թիվը հասել է պատմական նվազագույնին։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պետականաշինության և օրենսդրության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իրինա Պանկինան՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Պատգամավորն այդ հարցին անդրադարձել է ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության՝ համաներում հայտարարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ազատազրկման վայրերում եղել է մոտ 400 հազար մարդ։ 

«Նման բան երբեք սկզբունքորեն տեղի չի ունեցել»,- ասել է Պանկինան։
Նույն հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը նշել է, որ 2011 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի փոփոխությունները (պատժաչափերի հաշվարկը և պատժի փոխհատուցումը) նպաստում են ազատազրկման վայրերում դատապարտյալների թվի նվազմանը։

Ի դեպ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ուկրաինայում անցյալ տարի սկսեց ռազմական հատուկ գործողությունը, դատապարտյալները սկսեցին պայմանագրեր կնքել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության և պաշտպանության նախարարության հետ։ 

Հունիսին «Վագների» ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտնել էր, որ պատերազմական գոտուց վերադարձել է 32 հազար կալանավոր, իսկ ՌՄԿ-ի հետ նրանց պայմանագրի ժամկետը լրացել է։ Մարտին ներում է շնորհվել պայմանագրեր կնքած ավելի քան 5000 բանտարկյալների։