Շողուլի բերելու պատասխանատվությունը

Շողուլի բերելու պատասխանատվությունը

Չորս տարի առաջ, հայաստանյան գարնանային իրադարձություններին անդրադարձել էր Եվրոպական Միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը: «Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով եւ օրենքի համաձայն՝ համընդհանուր եւ հիմնարար ազատություն է»,- ասել էր նա: Նաեւ ավելացրել էր, որ Եվրամիությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ  կհարգեն այդ իրավունքը եւ կապահովեն օրենքի իրացումն արդար եւ համաչափ կերպով, Հայաստանի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի համաձայն: Սակայն 2018-ի մայիսի 8-ից այս կողմ եվրաչինովնիկների կողմից նման տոնայնությամբ հայտարարություններ այլեւս չարվեցին: 

Ընդհակառակը, դրանցից մեկը երեք տարի անց Հայաստան գալով՝ հայտարարեց, որ Փաշինյան Նիկոլի օրոք մեր երկիրը վերածվել է «ժողովրդավարության փայլուն աստղի»: Ավելին, Փաշինյան Նիկոլի վարչապետության շնորհիվ, Նիկոլի ասելով, ավտորիտար կառավարման համակարգից Հայաստանը թրիչքաձեւ անցում է կատարել «ժողովրդավարական երկրների էլիտար ակումբ»: Իրականում, Հայաստանը վերածվել է միանձնյա կառավարմամբ արեւելյան բռնատիրական երկրի, որի հիմնական հենարանն իրավապահ համակարգն է՝ ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմինները եւ ոստիկանությունը: Եվ եթե դա է «ժողովրդավարությունը», ապա Փաշինյան Նիկոլն արժանի է միջազգային որեւէ մրցանակի, քանի որ նոր խոսք է ասել քաղաքագիտության ասպարեզում:

Հայաստանում կեղծ ժողովրդավարության դրսեւորման տիպիկ օրինակ կարելի է համարել մայրաքաղաքի Պարոնյան-Լեո փողոցների հատվածում հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը: Իրական ժողովրդավարության պայմաններում մեղավոր վարորդը կզեկուցեր շարասյան ղեկավարին դեպքի մասին եւ կանգնելով՝ տուժողին կհասցներ հիվանդանոց: Դա կարող էր փրկել վերջինիս կյանքը, որովհետեւ նման դեպքերում ժամանակը հաշվարկվում է րոպեներով ու նույնիսկ վայրկյաններով: Իսկ այնուհետեւ մեղավորի վերադասը՝ ոստիկանապետը կամ ԱԱԾ տնօրենը՝ նայած թե որ կառույցի մեքենան էր պատահարի մեղավորը, ինքնուրույն հրաժարական կներկայացներ: 

Դա կլիներ իրական ժողովրդավարության դրսեւորում: Ինչը մեզանում չեղավ եւ չէր էլ կարող տեղի ունենալ: Որովհետեւ նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում դա կլիներ ֆանտաստիկայի ժանրից: 

Առանձին քննարկման թեմա է մարդու եւ հատկապես կանանց իրավունքներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների վերաբերմունքի հարցը: Արեւմտյան երկրների դրամաշնորհներով սնվող կազմակերպությունները 2018-ի մայիսից այս կողմ հիմնականում անտարբեր են եղել մեր իրականության նկատմամբ՝ բացառությամբ նախկինների դեմ պայքարելը: Բայց այս անգամ արդեն որպես իշխող քաղաքական ուժի ուղղակի եւ անուղղակի ներկայացուցիչներ: Դա որպես այդ ոլորտի 17 տարվա ներկայացուցիչ եմ վկայում: Կարող եմ նույնիսկ ասել, որ հենց 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերից հայաստանյան քաղաքացիական հասարակությունը կնքեց իր մահկանացուն, եթե կարելի է այդպես արտահայտվել: 

Եվ քննադատական ելույթների բացակայությունը, մեծ հաշվով, ենթադրել է տալիս, որ Հայաստանում հաստատված բռնատիրական ռեժիմը հենց այն ժողովրդավարությունն է, հանուն որի նրանք նախկինների դեմ պայքարել են երկու տասնամյակ: Ինչո՞ւ «մեծ հաշվով»: Որովհետեւ նախկինում ամեն խնդիր արժանանում էր ուշադրության՝ նույնիսկ խնդրի մեծությունը տասնապատիկ գերազանցող ուշադրության: Զարմանալի է, բայց մարդու եւ հատկապես կանանց իրավունքների համար նախկինների դեմ պայքարող կազմակերպությունները վրաերթի առումով լռությունը խախտելու նշաններ ցույց չեն տալիս: Երեւի նրանց ֆինանսավորող երկրներից հատուկ այդ դեպքի առումով համապատասխան հրահանգներ չեն ստացվել: Այսպիսին է, դժբախտաբար, այսօրվա Հայաստանը, եւ մեզ վրա դրված է պատասխանատվություն այն շողուլի բերելու ուղղությամբ: