300 ընտանիքից 15-ը արտագաղթել է անցած տարի, այս տարի էլ գնացողներ կան

300 ընտանիքից 15-ը արտագաղթել է անցած տարի, այս տարի էլ գնացողներ կան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքը 2017 թվականին խոշորացվեց՝ ընդգրկելով Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ բնակավայրերը: Ի՞նչ փոխեց խոշորացումը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Զրուցեցինք գյուղացիների եւ վարչական ղեկավարների հետ: Գյուղացիները համայնքների խոշորացման այս ծրագրից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։ Խոշորացման գաղափարի հետ չեն հաշտվում, կարծում են՝ առանց միավորվելու էլ իրենց գյուղն իր խնդիրներն իր սեփական միջոցներով կարող էր լուծվել։

«Ժողովրդի համար կարեւորը աշխատատեղ ստեղծելն ա, որ մարդիկ աշխատանք ունենան, իրենց ապրուստի խնդիրը լուծեն: Գյուղերը իրար միացնելով աշխատատեղի հարց չի լուծվի: Մարդիկ գնում են, փախչում են Հայաստանից, ով հարազատ ունի դրսում՝ գնում ա: Գյուղացին հայտնվել ա անելանելի վիճակում, ամեն բան թանկացել ա, ո՛չ վարելն ա ձեռք տալիս, ո՛չ ցանելը: Որ տարին երաշխ ա լինում մենք օգուտ չենք տեսնում: Գյուղացուն միայն դառը տանջանքն ա մնում»:

«Մեր համայնքը փախստականներով բնակեցված է, հիմնականում Արծվաշենից են եկել, ինքս էլ Արծվաշենից եմ: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությունը այդքան էլ չի արդարացնում, քանի որ բարձր լեռնային գոտի է: Անցած տարի խոտը շատ սակավ էր, մարդիկ ստիպված անասունների մեծամասնությունը ծախեցին: Գյուղացին ունի արտադրանք՝ միս ու կաթը, կաթի գինը ամռանը 130-150 դրամ է, միսն էլ շատ դեպքերում չեն կարողանում իրացնել: Անգամ այս պայմաններում գյուղից մարդիկ չեն արտագաղթում, քանի որ գնալու ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ»,-մեզ հետ զրույցում ասաց Դրախտիկ բնակավայրի վարչական ղեկավար Միշա Առաքելյանը:
Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը նշում է, որ խոշորացումից հետո ինչ-որ խնդիրներ լուծվել են, սակայն լինելով սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայր, շատ անելիքներ ունեն համայնքում:

«Ամեն բան ունենք գյուղում՝ լուսավորությունը կա, ջուրը ունենք, նախակրթարանը ունենք, համայնքային կենտրոն ունենք: Միայն պատերազմից հետո գյուղում մեծ արտագաղթ գա: 300 ընտանիքից 15 ընտանիք գնացել է անցած տարի, գիտեմ որ այս տարի էլ կան ընտանիքներ, որ գնալու են»,-ասաց Աղբերք բնակավայրի վարչական ղեկավար Վասիլ Աղասարյանը:

Հարցին՝ ինչ- որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք արտագաղթը կանխելու համար, Աղասարյանը պատասխանեց. «Էսօր մարդիկ իրենց երեխեքի համար վախենում են, մարդուն ոնց կարաս ասես մի գնա, չես կարա»: