Զգացվում էր անտեսանելի ձեռքի գործոնը

Զգացվում էր անտեսանելի ձեռքի գործոնը

Ապրիլի սկզբին  ձեւավորվեց նոր նախաձեռնություն՝ Արմեն Գրիգորյանի, Դավիթ Սանասարյանի, Լեւոն Բարսեղյանի կողմից, որոնք, լինելով ՀՀՊՃ նախաձեռնող խմբի անդամներ, սկսեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, հետաքրքիր, կրեատիվ միջոցառումներ էին կազմակերպում, եւ մեր մեջ կար լայն համագործակցություն։ Ապրիլի 12-ի ուշ երեկոյան  Պտղնիում, պայմանավորվածության համաձայն, կրկին հանդիպեցինք՝ քննարկելու հաջորդ օրվա գործողությունները։

Ինձ անհասկանալի էր Նիկոլի պահվածքը․ նախ՝ բավականին սառն էր, ինչը սկզբում իմ կողմից ընկալվեց որպես հոգնածության հետեւանք, այնուհետեւ, քննարկման ընթացքում, Փաշինյանի կողմից առաջարկվեց ապրիլի 13-ի հանրահավաքն առանձին-առանձին անել։ Ես հակադարձեցի, թե ոնց է պատկերացնում՝ հրապարակը պետք է բաժանենք երկու մասի՞։ Այնուհետեւ առաջարկեց տարբեր ժամերի անցկացնել, որին ի պատասխան ասվեց, թե դեռ գործընթացները չսկսած՝ տանում ենք պառակտման, եւ, իմ տպավորությամբ՝ նա, չունենալով այլ փաստարկ, դժկամությամբ համաձայնեց։

Այնուհետեւ սկսեցինք քննարկել ապրիլի 13-ի անելիքները, որտեղ եւս Նիկոլն ընդգծեց իրենց գերակայությունը եւ իր առանձնահատուկ դերակատարումը, մասնավորապես՝ Ազատության հրապարակում 30 րոպե տեւողությամբ միայն ինքը ելույթ կունենա, որից հետո կտեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ,  եւ կսկսվեն շուրջօրյա հավաքները։ Նա՝ որպես առանձին կողմ, ներկայացրեց «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։ Մենք, դեմ չլինելով, ներկայացրինք, որ նրանք նաեւ ճակատի անդամներ են, եւ վաղուց ենք համագործակցում։

Հասկանալով Փաշինյանի ոչ կառուցողական պահվածքը՝ լրացուցիչ բարդություններն ու տարաձայնությունը չխորացնելու եւ ժողովրդին բացասական ազդակներ  չհաղորդելու համար, մենք դժկամությամբ համաձայնեցինք։ ՀՀՊՃ-ում վատ ընդունվեց, որ Նիկոլը միանձնյա  է շարունակելու ապրիլի 13-ի հանրահավաքը, հատկապես նրանց կողմից, որոնք 2016թ․ հուլիսին «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ առնչվել էին նրա հետ։
Ապրիլի 13-ին Նիկոլի քայլարշավը մտավ Երեւան։ Հանրահավաքն Ազատության հրապարակում մարդաշատ էր, տարբեր գնահատականներով՝ 7-8 հազար մարդ։ Բարձր էր նաեւ էներգետիկան։ Պայմանավորվածության համաձայն՝ ելույթ ունեցավ  միայն Նիկոլը, մոտ մեկ ժամ, այնուհետեւ հայտարարվեց, որ տեղափոխվում ենք  Ֆրանսիայի հրապարակ, սկսվելու են շուրջօրյա  հավաքները։

Հայտարարվեց, որ գործընթացը սկսել են «Իմ քայլը», ՀՀՊՃ եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։ Միաժամանակ, Փաշինյանը կոչ արեց ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ ժամանակն է մոռանալ միմյանց նկատմամբ թույլ տրված սխալները, համախմբվենք եւ կանխենք Ս․ Սարգսյանի կողմից հերթական  անգամ իշխանության բռնազավթումը։
Ապրիլի 13-ի ուշ երեկոյան հավաքվեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ՝ խորհրդակցելու։ Մասնակցում էր 15-20 հոգի, երեք ուժերի ներկայացուցիչներ։ Կատարվեց աշխատանքի բաժանում, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի շրջափակումն ու հսկողությունը դրվեցին ՀՀՊՃ-ի վրա, Մաշտոցի պողոտան՝ դեպի Մատենադարանի հատվածը, հանձնվեց  «Մերժիր Սերժին» նախաձեռնության պատասխանատվությանը, իսկ Սայաթ-Նովայի եւ Մաշտոցի պողոտաների մյուս հատվածի պատասխանատվությունը դրվեց «Իմ քայլի» վրա։ Որոշվեցին նաեւ հաջորդ օրվա անելիքները։

ՀԳ․ Այդ օրերին, ոչ մեկ անգամ, ուղղակի եւ անուղղակի ինձ հասկացնում կամ ուղիղ ասում էին, որ ԱԱԾ-ն գործ է նախապատրաստում՝ ինձ մեկուսացնելու համար։ 

Շարունակելի

Պետրոս Մակեյան