ՀՖՖ շենքի մոտ կարող են ակցիաներ մեկնարկել․ որակազրկված ակումբները համաձայն չեն ՀՖՖ գործկոմի որոշումների հետ

ՀՖՖ շենքի մոտ կարող են ակցիաներ մեկնարկել․ որակազրկված ակումբները համաձայն չեն ՀՖՖ գործկոմի որոշումների հետ

Օրերս կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: 

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրեց որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկման մասին: ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: 

Մենք տեղեկացանք, որ վերոնշյալ ակումբները ամենևին էլ համաձայն չեն ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումների հետ, ավելին՝ գնալու են բողոքարկման ճանապարհով։

Այս ակումբները մեկը մյուսի հետևից ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումների մասով հայտարարություններով են հանդես գալիս։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք...

Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել: Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին, իսկ  եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում է: Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է»,-  հայտնել են «Արագած» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։

«Այսպիսով, ևս մեկ անգամ տեղի ունեցավ քվեարկություն,խախտելով ցանկացած փաստական հանգամանք պարզելու վերաբերյալ բազմակողմանի,լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու հանրահայտ սկզբունքը,ինչպես նաև ոտնահարելով որպես հարցի 2-րդ կողմ լսված լինելու մեր իրավունքը,կայացվել են 2 ոչ իրավաչափ միաձայն որոշումներ։

Մեր ակումբը դիմել է ՀՖՖ բողոքարկման կոմիտե,վերոնշյալ որոշումների համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը ստանալու համար։

Որոշումների հիմքերը ստանալուց հետո մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ,ինչպես նաև սահմանված կարգով կբողոքարկենք մեր ակումբի հանդեպ կայացրած կեղծ,շինծու,ոչ իրավաչափ որոշումները։

«Լոկոմոտիվ» ՖԱ-ի մամուլի քարտուղարությունը շուտով կկազմակերպի մամուլի ասուլիս և կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»,- այսպես է արձագանքել ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումներին «Լոկոմոտիվ» ակումբը։

Մենք նաև տեղեկացանք, որ  հուլիսի 6-ին «Արագած» ՖԱ-ի գործադիր տնօրեն Սերյոժա Աղումյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՖՖ, որպեսզի  օրենքով սահմանված կարգով ակումբին տրամադրվի  կայացված որոշման համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը, սակայն ՀՖՖ-ն պատասխանել է, որ շահագրգիռ անձինք կարող են ստանալ նյութերը` փոխանցելով  ֆեդերացիայի հաշվին 100.000 դրամ վճարման անդորրագիրը։

«Ինչպե՞ս է հնարավոր բողոքարկել վճիռները, եթե դրանց համար պարզապես նյութեր տրամադրելու համար վճար է հարկավոր»,- արձագանքել է  «Արագած» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջը։

Մարզական մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս ակումբները լուրջ են տրամադրված, չեն պատրաստվում շարժվել ՀՖՖ քմահաճույքներով, չի բացառվում, որ օրերս բողոքի ակցիաներ մեկնարկեն ՀՖՖ շենքի դիմաց։