Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է ճիշտ բառապաշար չենք ընտրել

Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է ճիշտ բառապաշար չենք ընտրել

ՀՀ երկրորդ նախագահը հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց. «Մենք պայքարելու ենք եւ պայքարում ենք, ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ: …Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման… Սա մի գործընթաց է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք ընտրել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ, այնուամենայնիվ, ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է»։

Թվում է, թե ազգային ինքնագիտակցության ու ազգային արժանապատվության գահավիժում է տեղի ունեցել: Հավանականությունը մեծ է, որ «հասունացնել» եւ «գեներացնել» չի հաջողվելու: Անհասկանալի է, թե ինչ բառապաշար է պետք ժողովրդի հետ շփվելու համար: «Կոռուպցիա», «ապաշնորհ կառավարում», «օրենքների ոտնահարում», «դատական իշխանության նկատմամբ ճնշման գործադրում», «քաղաքական հետապնդում» եւ այլն, եւ այլն: Սրանք արդեն «վառված» արտահայտություններ են: Բացի դրանից, ժողովրդի մի ստվար հատված աչքով էլ տեսնի, չի հավատալու: 

Անհեռանկարային է, նոնսենս է՝ «աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ»: Այսինքն՝ սյունեցիների, Սեւանի ավազանի բնակիչների, տավուշցիների հետ դեռ պե՞տք է աշխատել ու ինչ-որ բան բացատրել:
Մոտավորապես այսպես եք աշխատելու․ նրանց ասելու եք՝ գիտեք, այդ ազերիները, որոնք միջպետական ճանապարհը փակել են եւ բազավորվել Սեւ լճի հատվածում, սպառնալիք են երկրի անվտանգությանը, ձեր կյանքին: Է՜, նրանք էլ կհամաձայնեն, կասեն՝ այո, լավ բան չեն արել, բայց հո պատերազմ չե՞նք սկսելու, հրեն, շուտով խաղաղության դարաշրջան ենք բացելու, առեւտուր ենք անելու, տնտեսությունն է աշխուժանալու… Երասխուհո՞ւն եք բացատրելու, թե կրակոցները վտանգավոր են, մարդիկ են զոհվում: Բայց նա ու իր հարեւանները համոզված են, որ կրակոցների տակ էլ իրենց շատ հանգիստ են զգում:
Այսինքն՝
- այսքանից հետո դեռ ժողովրդի հետ աշխատելու խնդի՞ր կա
- ժողովրդին պետք է խնդրել, որ այդ ժողովրդի համար անվտանգ ու արժանապատիվ կյա՞նք ապահովվի
- ժողովուրդը գլխի չի՞ ընկել, թե ուր է գահավիժում:

Մեծարգո Ռոբերտ Քոչարյան, բայց արժե՞ պայքար ծավալել ժողովրդի համար, որը դրա կարիքը չունի, դրա իմաստը չի հասկանում ու չի հասկանա, որքան էլ որ հասունանա: 
Մի բան պետք է լավ հասկանալ․ 30 տարի առաջ դեռ ինտերնետի սերունդը չէր ձեւավորվել: Ներկայում բնակչության (այս բառն ավելի տեղին է, քան «ժողովուրդ» բառը) նշանակալի մասի ինքնագիտակցությունն ինտերնետային է: Այլեւս ինտեր-նետն է կանխորոշում նրանց վարքը:

Ինտերնետը գրեթե ոչինչ չի թողել ազգային մտածելակերպից, ազգային գաղափարներից ու ազգային արժանապատվությունից: Բայց այստեղ տեխնոլոգիաները «մեղավոր» չեն: Ուղղակի բարդույթավորված գավառականներին թվացել է, որ եթե տիրապետեն ինտերնետին, սոցցանցերում ժամերով «նավարկեն», արդեն կհամարվեն քաղաքացի, եվրոպացի: Նրանք ոչ թե օգտվել են ինտերնետից, այլ ինտերնետն է օգտվել նրանցից եւ նրանց դարձրել կառավարելի զոմբիներ:
Անհո՞ւյս է, արդյոք, պայքարը: Անշուշտ, ոչ: Անհույս է ազգային ինքնագիտակցությունից զուրկ ժողովրդի վրա հույս դնելը: Քաղաքական, տնտեսական եւ մտավոր վերնախավերը պետք է տեր կանգնեն պետությանը, եթե գտնեն, որ ազգային պե-տություն ունենալն անհրաժեշտ է: Դե, գիտեք, զոռով, տվյալ տարածքում բնակվող մարդկանց անտարբերության պարագայում պետություն ունենալը եւ այն զարգացնելը սիզիփոսյան աշխատանքի նման մի բան է: Ներկայիս հանգրվանը, ուր հասել է ՀՀ անվանվող պետությունը, դրա վառ ապացույցն է. բարձրացանք, բարձրացանք ու գլորվեցինք ետ…

Գագիկ Վարդանյան