Կկարողանա՞ արդյոք Երեւանը Թեհրանում հանձնել «քննությունը» 

Կկարողանա՞ արդյոք Երեւանը Թեհրանում հանձնել «քննությունը» 

Այսօր Թեհրանում տեղի է ունենում Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ֆորմատով հերթական հանդիպումը։ Հիշեցնենք, որ ֆորմատում Հարավ-Կովկասյան երեք հանրապետություններն են, ինչպես նաեւ՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Վրաստանն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու այդ հանդիպմանը։ Սակայն չնայած դրան, ֆորմատով նախատեսված քննարկումները լինելու են։ 

Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս մասնակցելու է հանդիպմանը։ Սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ Ռուսաստանում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին հայտարարել է, որ ռեգիոնալ կայունության ամրապնդումն ու անվտանգությունը Թեհրանյան հանդիպման օրակարգում են։ Դեսպանը շեշտել է, որ օրակարգային հարցերը կարող են քննարկվել եւ լուծվել ռեգիոնի երկրների համագործակցության պայմաններում, առանց արտաքին խաղացողների մասնակցության։ Հայտնի է նաեւ, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի համատեքստում քննարկվելու են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հարցը։ Իրանական մամուլը բավական ընդգծված հասկացնում է, որ հատկապես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների հարցն իր ուշադրության կենտրոնում է եւ դա իր համար առաջնահերթություն է։ 

Եթե փորձենք ընդհանուր առմամբ վերծանել իրանական լրատվական հոսքերում առկա տողատակերը, ապա Թեհրանի համար, կոնկրետ Երեւան-Բաքու բանակցությունների մասով այսօրվա հանդիպումը կարեւոր է այնքանով, որ կարողանա ինչ որ կերպ թուլացնել հայ-ադրբեջանական կարգավորման, այսպես կոչված, Արեւմտյան հարթակի ազդեցությունը՝ հոկտեմբերի վերջին կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիեւ բանակցություններից առաջ։ Սա ըստ էության նաեւ Ռուսաստանի համար ընդունելի է եւ այս հարցում Թեհրանն ու Մոսկվան կարելի է ասել, որ կգտնվեն նույն ռելսերի վրա։ Թուրքիան դժվար թե ինչ որ բացասական մոտեցում ունենա, քանի որ նախ՝ Անկարան հիմա ավելի շատ հակված է Թեհրանին սիրաշահել, եւ ապա՝ Անկարայի համար Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում ընդունելի է այն, ինչը ընդունելի է Ադրբեջանի համար։ Իսկ Ադրբեջանի համար, դատելով Գրանադայից առաջ եւ հետո Բաքվից եկող ազդակներից, կարծես թե Արեւմտյան հարթակը կորցրել է իր նախկին գրավչությունը։ 

Այսինքն՝ խնդիրը կապված է Երեւանի հետ, որը շարունակում է չափազանց ոգեւորված լինել Արեւմտյան հարթակով։ Կարելի է ենթադրել, որ հանդիպման շրջանակներում, եթե ոչ պաշտոնապես, ապա թեկուզ ոչ պաշտոնական խոսակցություններ կարող են լինել ինչպես Հայաստանը թեհրանյան հանդիպմանը ներկայացնող Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի, այնպես էլ՝ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Բնականաբար կլինի հանդիպում նաեւ տանտիրոջ՝ Աբդոլահիանի եւ Միրզոյանի միջեւ։ Ուստի կարելի է ենթադրել, որ առնվազն Մոսկվան եւ Թեհրանը կփորձեն համոզել Երեւանին չափավորել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման Արեւմտյան հարթակի հանդեպ ունեցած ոգեւորությունը եւ հետաքրքրվածության ծանրության կշռաքարերը տեղափոխել դեպի ռեգիոնալ հարթակ, հատկապես, որ այդ հարթակը կարող է նաեւ դրական իմպուլս հաղորդել Փաշինյանի թիմի համար կենսական կարեւորություն ձեռք բերած՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ու քանի որ Երեւանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Կապ չունի՝ այդ խաղաղությունը ձեռք կբերվի Բրյուսելում, թե Մոսկվայում։ Հարթակը էական չէ», ինչն անցյալ շաբաթ նորից կրկնեց Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Ուստի կարելի է ասել, որ Թեհրանյան այսօրվա հանդիպումը յուրատեսակ «անկեղծության քննություն» է լինելու պաշտոնական Երեւանի համար։ Իսկ թե Երեւանը կկարողանա՞ հանձնել այդ քննությունը, կերեւա հանդիպման արդյունքներից։