Հայոց Ցեղասպանությունը եւ սրբապիղծների այցը Ծիծեռնակաբերդ 

Հայոց Ցեղասպանությունը եւ սրբապիղծների այցը Ծիծեռնակաբերդ 

Վերջին օրերին որոշ պետություններ, մեկը մյուսին հերթը չզիջելով, ողջունում են, որ Հայաստանը ճարահատյալ, նանոմետրի ճշգրտությամբ (մետրի միլիարդերորդական), սահմանազատում է Ադրբեջանի հետ սահմանը։ Մինչդեռ, իրականում, Հայաստանը սարդոստայնի մեջ են առնում՝ քերթելու համար, ինչպես մայիսյան գառնուկին․․․ 
Անըմբռնելի են ու անմեկնելի են Աստծո արարքները․․․

100 տարի առաջ Ռուսաստանի բոլշևիկները մասնատեցին Հայաստանը՝ Արցախն ու Նախիջևանը նվիրելով նորածին երկրորդ թուրքական պետությանը։ Այդ նույն ստահակները Ռուսաստանից մի հսկայական տարածք էլ նվիրեցին թյուրքական մեկ այլ պետությանը՝ Ղազախստանին։ Այս խորապատկերին՝ մեր կորուստը, մի «ինչ-որ» 10-12 հազար քառակուսի կիլոմետր, «չնչին է» Ռուսաստանի առնվազն 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի կորստի համեմատ։ 
Լավ, ենթադրենք, ռուսներն ինչ-որ թուլություններ ունեն թուրքերի հանդեպ, բա ի՞նչ կասեք եվրոպացիների մասին, հենց Վրաստանի մասին, որոնք «բերանները մինչև ականջները բացած» ողջունեցին «նանոմետրիան»՝ Ադրբեջանին անցնող տարածքների տեսքով։ 

Հենց այսպես էլ վերաբերվում են հայոց ցեղասպանությանը՝ գուցե, հայտնեն իրենց ապրումակցումը, բայց երբեք դեմ չեն եղել եւ դեմ չեն լինելու, եթե հայերի ցեղասպանությունը պերմանենտ բնույթ ունենա՝ մարդիկ մեռնեն, հողեր հանձնվեն, որպեսզի անվերջ առիթ ունենան ապրումակցելու․․․ 

Բայց ոչ եվրոպացիները, ոչ ռուսները, ոչ վրացիները մեղավոր չեն, բուն հայերի ներկա սերնդի մի մասն այսօր մեր միլիոնավոր նահատակների հիշատակն է պղծում․․․ 

Ցանկալի է, որ ոչ այդ սրբապիղծ հայերը, ոչ արտերկրից եկած առաքելությունները, այսօր ու վաղը ծաղիկներ ու ծաղկեպսակներ չխոնարհեն Ծիծեռնակաբերդում։ Դա կրկնակի, եռակի սրբապղծություն է․ նրանք արժանի չեն մեր նահատակների հիշատակին։ 

Գագիկ Վարդանյան