Անցողիկ ու խամրող
Որ 2018-ի իշխանափոխությունից հետո «Հայկական ժամանակ» թերթը չդադարեցրեց գործունեությունը եւ իր աշխատակիցներին տուն (ասել է թե՝ Ազգային ժողով կամ կառավարություն) վաստակած պաշտոնի չուղարկեց, ինձ համար, ճիշտն ասած, զարմանալի էր։ Ճիշտ է, մի քանիսին ուղարկեց, բայց ոչ բոլորին։ Այդ խմբագրակազմում կային ուրիշ պատգամավորացուներ էլ՝ թոթովախոս ու անըմբռնելի Վահագն Հովակիմյանից (զորօրինակ) շատ ավելի խելոք-ներկայանալի, բայց որոշ արժանավորների բախտը, փաստորեն, չբերեց։
Իսկ գլոբալ առումով կատարվել էր աննախադեպ բան՝ իրականացել էր ընդդիմադիր լրատվամիջոցի միակ առաքելությունը․ նրա սատարած քաղաքական ուժը, նրա գլխավոր խմբագրի կուսակցությունն իշխանության էր եկել, իսկ դրանից հետեւում էր, որ չկա այլեւս այն էականը, որին թերթը կարող էր ընդդիմանալ։ Ուստի վտանգ կար, որ թերթը ժամանակի հետ կդառնա անատամ։ Եվ դարձավ։ Բայց, այնուամենայնիվ, Ն․ Փաշինյանն ու իր ընտանիքը անատամ թերթի «իմաստնության ատամը» պահեցին՝ խմբագրականները։ Ի դեպ, սա հենց այն ժանրն է, որտեղ հնարավոր էր չկորցնել երբեմնի ընդդիմադիրի կեցվածքն ու բառապաշարը, թեեւ թերթի ընդդիմադրության վեկտորն արդեն փոխվել, շրջվել էր 180 աստիճանով, եւ թերթն այլեւս ընդդիմադիր էր․․․ ընդդիմադիրներին։
Եվ, ուրեմն, Փաշինյանը վարչապետական գործի հետ շարունակեց ընդդիմադիր գործունեությունը։ (Ի դեպ, դրա համար նա արժանի է հարգանքի։ Եթե կա մի բան, որին նահավատարիմ մնաց, մի խոստում, որը չդրժեց, դիրքորոշում, որ չփոխեց, ընդդիմադիրի կեցվածքն է, ընդդիմադիրի բառապաշարն ու պաթոսը)։
Եվ, ահա, «Հայկական ժամանակը» 2020 թվականի մայիսի 31-ին խմբագրական հոդված է տպագրում, որը որպես խմբագրական թեեւ անստորագիր է, բայց տեքստում երեւակված կեցվածքը, բառապաշարը, պաթոսն անսխալ մատնացուցում են հեղինակին․ դա Ն․ Փաշինյանն է։
Իսկ ի՞նչ է ասում նա։ Չանդրադառնամ ամբողջ հոդվածին, բայց նրա վերջին հատվածն ուղղակի անդրադարձի եւ հակազդեցության է դրդում։ Հեղինակը գրում է․ «Այսօր, երբ ամբողջ աշխարհում ճգնաժամը խորանում է, եւ պետությունները ստիպված են ապավինել սեփական ուժերին, մեզ համար էական նշանակություն կարող էր ունենալ Սփյուռքի աջակցությունը։ Հարց՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ աջակցության ծավալներն առանձնապես մեծ չեն»։ Այնուհետեւ վարչապետ-խմբագիրը նշում է իր կարծիքով պատճառներից գլխավորը՝ մեղավորը նախկիններն են․ այդ նրա՛նք էին, որ Սփյուռքն ընկալում էին որպես «կթու կով», այդ նրա՛նք էին, որ «քցում» էին ներդրում անողներին․․․ եւ այլն, եւ այլն։ Եվ այս հանկերգը հնչում է տարբեր վարիացիաներով, եւ ո՛չ մի խոսք այն մասին, թե ի՛նքը, իրե՛նք ինչով են մեղավոր։
Փաշինյանի համար եթե անհարմար է ասել, թե ինքն ու իր կառավարությունն ինչո՛վ են մեղավոր, «կողքից» մի բան ես ասեմ։ Սփյուռքի աջակցությունն ակնկալող եւ դրա ծավալներից բողոքող Փաշինյանը մի՞թե այդքան պարզամիտ է՝ հասարակ մի բան չհասկանալու չափ․ եթե դու պատեհ-անպատեհ ծաղրում ես նույն Սփյուռքի ամենակենսունակ, ամենաազդեցիկ եւ ամենակազմակերպված քաղաքական կառույցին՝ ՀՅԴ-ին, առիթը բաց չես թողնում նրա հանդեպ քո ատելությունը ցուցադրելու, ուրեմն չափազանցված չե՞ն ակնկալիքներդ Սփյուռքից, որը որպես հավաքականություն գոյություն ունի նաեւ ա՛յդ կառույցի շնորհիվ։ Եթե դու քեզ իրավունք ես վերապահում Դաշնակցությանը հեգնաբար «նվիրել»-ավելացնել ինչ-որ քաղաքական «դավադիր խմբակի» («Քարոզչամիջոցները կան, փողը կա, ընտրակեղծիքների մեխանիզմները կան, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կազմ ու պատրաստ սպասում են, Դաշնակցությունն էլ՝ ձեզ նվեր»), ուրեմն ինչո՞ւ ես բողոքում Սփյուռքի աջակցության ծավալներից։
Քո փոխարեն՝ որեւէ այլ խելամիտ քաղաքական գործիչ վաղուց վերաճած կլիներ պետական գործչի, մի կողմ դրած անձնական հակակրություններն ու ատելությունները, չբավարարված ամբիցիաների արթնացրած մաղձոտ հիշողությունները։ Բայց դու այդպես էլ չաճեցիր մինչեւ պետական գործիչ, քո հովանու ներքո այդպես էլ որեւէ պետական գործիչ չաճեց եւ չի աճում, ուրեմն ումի՞ց եւ ինչի՞ց ես բողոքում։
Լեւոն Սարգսյան
Կարծիքներ