Մեր պարտության ախտորոշումը

Մեր պարտության ախտորոշումը

Որպես նախաբան 

1988 թվականի փետրվարին սկսվեցին ղարաբաղյան շարժումը եւ ազգային վերելքը, սակայն 88-ի դեկտեմբերին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը հանրապետության 1/3-ը վերածեց ավերակների՝ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր անօթեւաններ։
Ավելացան Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը եւ շրջափակումը։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ կազմաքանդվեց տնտեսությունը, գործարաններն անգործության մատնվեցին, համատարած գործազրկություն էր, եւ օրակարգային էր մարդկանց հանապազօրյա հացի խնդրի լուծումը։ 

1991-ին սկսվեցին էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները՝ հոսանքը լավագույն դեպքում տրվում էր 4-6 ժամ, արդյունքում՝ ծանրաբեռնվածության հետեւանքով շարքից դուրս էին գալիս ենթակայանները եւ մալուխային համակարգը։ 1991-95թթ․ ձմռան ամիսներին բնակչությանն անհնար էր վառելիքով ապահովել, գազամատակարարումը բացակայում էր գազատարների պարբերաբար պայթյունների հետեւանքով։

1992-93թթ․ սկսվեց հացի դեֆիցիտը։ Հանրապետությունում ներդրվեց հացի քարտային համակարգ՝ անձի հաշվով 250 գրամ, ինչը եւս դժվար էր ապահովել։ Ստիպված՝ տեղերում տարատեսակ մեխանիզմներ էինք մշակում՝ գյուղացիներին շահագրգռելու եւ նրանց հացահատիկային խնայողությունները հավաքագրելու՝ քաղաքային բնակչությանը հացով ապահովելու համար, երբեմն նույնիսկ գարին ու ցորենը խառնում էինք եւ վագոններով տեղափոխում՝ բնականաբար, շատ ժամանակ հացի անհրաժեշտ որակը չպահպանելով։ Իմիջիայլոց, այդ տարիներին ԱՄՆ աջակցությամբ՝ Թուրքիայի տարածքով՝ Կարս-Գյումրի երկաթգծով, ապահովվեց հացահատիկի ներկրումը՝ մեր ժողովրդի համար մասամբ լուծելով հացի խնդիրը։ Բոլոր դժվարությունները հաղթահարվեցին համազգային կուռ միասնությամբ եւ անկոտրում կամային դրսեւորմամբ։

Վերոշարադրյալը հիմնավորում է, որ մենք, գտնվելով աներեւակայելի ծանրագույն տնտեսական, սոցիալական, էներգետիկ ճգնաժամային իրավիճակում եւ բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրների մեջ, բայց ունենալով քաղաքական թիմ, թեկուզ՝ անփորձ, միաժամանակ պետականակենտրոն եւ միակամ, միասնական ժողովուրդ, կարողացանք հաղթահարել դժոխային վիճակը եւ հաղթել մեզ ռեսուրսային հնարավորություններով բազմապատիկ անգամ գերազանցող թշնամուն։ Առկա էին նաեւ իրական համազգային եռամիասնություն եւ նվիրվածություն, հատկապես Արցախի ու Հայաստանի միավորման գաղափարի շուրջ։

Հաղթական զինադադարը կնքվեց 1994թ․ մայիսի 12-ին, իհարկե՛, Ադրբեջանի համար շատ բարենպաստ պայմաններով։ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ցավոք, նույնը չարվեց 2020թ․ նոյեմբերի 9-ին, ավելին՝ ըստ պայմանագրի, զորքերը պետք է մնային իրենց դիրքերում, բայց մեզ պարտադրվեց հետ քաշվել, նույնիսկ բուն Հայաստանի տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեզ համար վերածվեց կապիտուլյացիոն հայտարարության։

Պետք է արձանագրենք, որ 2020 թվականի մեր պարտության հիմքը դրվել է 1994թ․ մայիսի 13-ից։ 1995-ից Հայաստանում դրվեցին նոմենկլատուրային կապիտալիզմի հիմքերը՝ բարձրագույն իշխանավորների հարազատները եւ շրջապատը սկսեցին քվոտայով իրար մեջ բաժանել բիզնեսը, տնտեսությունը, ներկրումը, արտահանումը, եւ այդ հիմքերի վրա կառուցվեցին իրար հաջորդող իշխանությունների ալան-թալանը, դղյակաշինության մոլուցքը, ցոփ ու շվայտ կյանքը Հայաստանում եւ նաեւ արտերկրում, ինչը ոչ միայն չկանխվեց, ցավոք՝ շարունակվեց նաեւ 2018թ․ իշխանափոխությունից հետո։ Հիմա գրեթե բոլոր ոլորտներում վերադարձել են նախկին արժեհամակարգին, իսկ կադրային քաղաքականության հարցում ամբողջական ու շարունակական ձախողում եւ բարոյական խոր անկում կա, ինչը հանգեցնում է պետական ինստիտուտների կազմաքանդման, որով շարունակվում է մեր պարտությունը։ Եվ գործող՝ երկիրը պարտության տարած իշխանությունն ի վիճակի չէ ինչ-որ բան փոխել։

Շարունակելի

Պետրոս Մակեյան