Ուզում են այս գյոզալ շենքերը փախցնեն-տանեն

Ուզում են այս գյոզալ շենքերը փախցնեն-տանեն

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։ Այս առիթով Նկարիչների միությունը նախօրեին հանդիպում-մամլո ասուլիս էր կազմակերպել, որին ներկա էին նաեւ երկու հարյուրին մոտ միության անդամ-նկարիչներ, ովքեր անհանգստացած էին ու վրդովված:

ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանը շատերի պես զարմացել է՝ լսելով Հայաստանի նկարիչների միության շենքը պետականացնելու դատախազության մտադրության մասին․ «Ուղղակի ուզում են, չեմ վախենում ասել՝ փախցնեն-տանեն այս գյոզալ շենքերը։ Ես համոզվում եմ, որ իրենք չգիտեն, թե արվեստն ու գրականությունն ինչ են, երեւի դպրոցում լավ չեն սովորել, չեն հասկանում, որ չի կարող լինել երկիր՝ առանց մշակույթի։ Ես հիշում եմ՝ դեռեւս սովետական շրջանում այստեղ կազմակերպված բոլոր ցուցահանդեսներին ներկա էր գտնվում Կարեն Դեմիրճյանը, նաեւ բոլոր ստեղծագործական միությունների համագումարներին էր գալիս։ Բացի այդ, բավականին փող էր փոխանցում, որպեսզի գնեն աշխատանքներ, բայց ներկայիս ղեկավարներից ոչ մեկը որեւէ ցուցահանդեսի, հոբելյանի չի գալիս»։

Նկարիչը վստահ է, որ այս քայլով պետությունը շենքերը սեփականաշնորհելու խնդիր է լուծում, ուրիշ ոչ մի բան․ «Սա դիտմամբ է արվում՝ զուտ շենքերը միությունների ձեռքից փախցնելու համար, հետո մեզ կտան միհարկանի ինչ-որ տեղ՝ եսիմորտեղ, ու կասեն՝ ձեր համար աշխատեք»։

Օրեր առաջ ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գրողների եւ նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնությանը՝ նշելով, որ հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլեւ բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձեւով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած` անխուսափելի է շենքերի պետականացումը: Նա նաեւ նկարիչներին ստեղծագործելու կոչ էր արել․ «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառուցվում է 55 հազար բնակարան։ Եվ ուզում եմ կոչ անել նկարիչներին, որ նրանք որոշակի ծրագրեր ունենան, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ։ Դա մի տարածք է, որտեղ մեր արվեստն ու մշակույթը կարող են զարգանալ»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ Խաչատուր Ազիզյանը նշում է, որ սա խաղ է․ «Դա բլեֆ է, նկարնե՞ր ես ուզում՝ պատվեր իջեցրու, ձեւն այդպես է, ոչ թե ինքնագլուխ կերպով Գագիկ Ծառուկյանի Հիսուս Քրիստոսի արձանը դրեք, ո՞վ է դա թույլ տվել։ Պետք է պատվեր իջեցնել նկարիչներին, քանդակագործներին, ձեւն այդպես է, իսկ հանձնաժողովը պետք է կա՛մ ընդունի, կա՛մ չընդունի։ Նորից եմ կրկնում՝ իրենք վատ սովորող աշակերտներ են եղել, ուսում չեն ստացել, դրա համար չգիտեն, թե ինչ է մշակույթը, արվեստը»։

Ի դեպ, Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեջլումյանը նկատել էր, որ միության գույքը սեփականաշնորհելով, պետությունը հետագայում կարող է նաեւ գրաքննության ենթարկել ստեղծագործողներին, օրինակ՝ սահմանափակումներ դնել նկարիչների առաջ, որպեսզի Արարատի պատկերով նկարներ այլեւս չվրձնեն։ Մի բան, որ արդեն մերժվում է պետական մակարդակով։

«Ծանոթներիս ցուցահանդեսին թույլ չէին տվել Արարատի նկարը կախեն, դեպի Կայարան տանող միհարկանի շենք է, այդտեղ մի փոքր ցուցահանդես է եղել, մասնակիցներից մեկը զոռով կախել է Արարատի նկարը, որովհետեւ թույլ չեն տվել․․․,- ասում է նկարիչն ու հավելում։- Սա սարքած, միտումնավոր բան է, չեմ ասում, թե ում հուշելով, որովհետեւ արդեն հասկանում եք․․․․ բա երկրի ղեկավարը մի անգամ չգա՞ ցուցահանդես, հետաքրքրվի, թե ինչ է կատարվում այստեղ, ինչի կարիք ունեն այս մարդիկ, մենք էլ իրեն օգնենք, որովհետեւ մեծ զորք ենք՝ միայն 1.300 միության անդամներ կան, մնացածի մասին էլ չեմ ասում»։