Բոլորս ենք մեղավոր

Բոլորս ենք մեղավոր

Բոլորս ենք մեղավոր մեր հասարակության պառակտման, արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության, Սյունիքի եւ ընդհանրապես Հայաստանի գլխին կախված սպառնալիքների առումով: Եվ եթե մի մասը՝ ինձ նման, գիտակցում է դա, իսկ մյուս մասը՝ Նիկոլի նման, չի գիտակցում, դա, միեւնույն է, մեզ չի ազատում պատասխանատվությունից:

Չի ազատում նույնիսկ այն դեպքում, երբ մարդը ոչ թե որոշումներ կայացնող բարձրաստիճան պետական պաշտոնյա է, այլ ընդամենը շարքային քաղաքացի, այն էլ՝ գործազուրկի կարգավիճակով (օրինակ՝ իմ դեպքում): Եվ որքան էլ, օրինակ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձի խաղացնել չունեցած պոչը (կրուտիտներ անել՝ պոչ խաղացնել), միեւնույն է, տեղի ունեցածի պատասխանատվությունից խուսափել չի կարող: Մեր պայմաններում միակ հնարավոր եւ անհրաժեշտ գործողությունը մեղքերի քավություն անելն է՝ լինի այն գիտակցված ու կամավոր, թե պարտադրանքով: Եվ որքան ուշացվի այդ գործողությունը, այնքան ծանր է լինելու քավության գործընթացը: Սա է, որ չի ըմբռնում Նիկոլը, չեն հասկանում նրա շնորհիվ պետական կառավարման համակարգում հայտնված ոչ նվիրյալները: 

Իսկ ինչպե՞ս եմ ես պատկերացնում մեղքերի քավության գործընթացը: Այն պետք է սկսվի նախկինների նախկիններից, այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այն անձից, ով իշխանության եկավ «Միացում» կարգախոսով՝ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, ու շատ արագ մոռացավ այդ կարգախոսը՝ մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ազատագրված Արցախը, դիտարկելով որպես բեռ «Սերգո ջան»-ի լավ ապրելու տեսակետից: Մեղքերի քավություն պետք է անցնեն ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնց իշխանության տարիներին նորանկախ մեր պետությունն ընկղմվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ ապօրինությունների ճահիճը: Որովհետեւ եթե այդ ամենը չլիներ, ապա չէր լինի նաեւ դրանց դեմ իմ ու ինձ նմանների բազմամյա պայքարը, եւ չէր ծնվի «Նիկոլ» անվանյալ ֆենոմենը (երեւույթը): Ինչ մնում է այդ ֆենոմենին, ապա նախքան մեղքերի քավությունը նա դեռ դատարանում պետք է պատասխանի բազմաթիվ ոչ հաճելի հարցերի, կրի իր պատիժն ու նոր միայն մտածի մեղքերը քավելու մասին:   

Ի դեպ, եթե միջնադարյան կաթոլիկ եկեղեցին թաղված չլիներ բոլոր այն մեղքերի մեջ, որը մեղսագրվում էր ժամանակի մտածողների կողմից, ապա գերմանացի աստվածաբան Մարտին Լյութերը 1517 թ.-ին չէր հրապարակայնացնի իր հայտնի 95 թեզիսները, որոնք, իրենց հերթին, սկզբնավորեցին Ռեֆորմացիան։ Ռեֆորմացիան (լատ.՝ reformatio - ուղղում, վերականգնում) զանգվածային կրոնական եւ հասարակական-քաղաքական շարժում է
ենտրոնական Եվրոպայում՝ նպատակամղված կաթոլիկ եկեղեցու բարեփոխմանը եւ աստվածաշնչյան կանոններին քրիստոնեական եկեղեցու համապատասխանեցմանը:

Ռեֆորմացիայի արդյունքում կաթոլիկ եկեղեցու ծոցից ծնվեց բողոքականությունը՝ կաթոլիկ եկեղեցին բաժանվեց երկու մասի: Դրանից հինգ հարյուրամյակ անց քրիստոնեական եկեղեցու որոշ ղեկավարներ փորձում են ի մի բերել քրիստոնեության բոլոր ճյուղերը, սակայն դա արդեն դարձել է անհնար: 

Այսպիսով, եթե անկախ պետականության ուղին բռնած Հայաստանը երեք նախագահների կառավարման արդյունքում չթաղվեր բոլոր այն մեղքերի մեջ, որի ականատեսն ենք եղել մենք, ապա 2018 թ.-ին մարդիկ դուրս չէին գա փողոցներ՝ դրանք փակելու նպատակով: Եվ Նիկոլ անունով մեկն էլ չէր հայատարարի՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», եւ այդ, ինչպես հետո պարզվեց, ազգակործան հայտարարությունը ծափողջույններով չէր ընդունվի բազմահազար ամբոխի կողմից: Եվ որքան էլ անընդունելի լինի ամբոխ կոչված երեւույթը՝ վերջինս ընդամենը հակազդեցության մեխանիզմ էր այն իրականությանը, որը մերժվեց մարդկանց կողմից: 
Եվ որպեսզի մեր հայրենիքում տեղի ունեցող գործընթացները չդառնան անշրջելի, ինչպես վերը նկարագրված օրինակում, մենք, որ մերժում ենք Նիկոլին ու նիկոլիզմը, պետք է հնարավորինս համախմբվենք ու իշխանությունից հեռացնենք նրան: Մի մարդու, որի անունն այսուհետ մեր պատմության դասագրքերում կհիշատակվի որպես գիշերային մղձավանջին համապատասխան երեւույթ: Եվ կառուցենք այն երկիրը, որ երազել են մեր պապերը, ու որում կցանկանան ապրել մեր ժառանգները: