Բարոյական երկընտրանքը՝ իրավապա՞հ, թե՞ կամակատար

Բարոյական երկընտրանքը՝ իրավապա՞հ, թե՞ կամակատար

Անցած չորս տարում՝ սկսած առնվազն 2018-ի հունիսից Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված հնչեղ քրեական հետապնդումներից, քանիցս մտահոգություն է հնչել, ապա եւ փաստականորեն ապացուցվել, որ գործադիր իշխանության վերնախավը՝ վարչապետը եւ յուր աշխատակազմը, մանրակրկիտ եւ ծրագրված միջամտում են մի շարք քրեական գործերի նախաքննության ընթացքին։ Ամենացցուն օրինակներից մեկն այն ժամանակ վարչապետի օգնական, այժմ՝ ՀՀ ընտրված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վարքն էր՝ որպես Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների դեմ հարուցված քրգործի յուրօրինակ «կուրատոր»։ Երբ այդ աղաղակող իրավախախտումը հայտնի դարձավ, քննիչը որոշում կայացրեց մերժելու Վարդապետյանի դեմ քրգործի հարուցումն այդ դրվագով, ինչը, իհարկե, իրավական ամենաթողության բացառիկ մարգարիտ էր։ Մեծ հաշվով, այս գործով «տուժողն» իրականում հայաստանյան արդարադատությունն է։

Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման ակնհայտ հանցադրվագներ եկան ու անցան այս իշխանությունների թեթեւ ձեռամբ եւ նրանց սերտաճած քաղհասարակության թողտվությամբ։

Արդյունքում՝ սարսափելի հեղինակազրկվեց ամբողջ իրավապահ համակարգը, կոպտորեն ոտնահարվեցին արդարադատության իրացման հիմնարար սկզբունքները։ Իհարկե, իրավապահ կառույցի ցանկացած աշխատակից մշտապես ենթակա է իշխանական ճնշումների, ավելին՝ տասնամյակների ավանդույթը հենց այդպես էլ ձեւավորվել է, սակայն չէ՞ որ, ի վերջո, դրանց դիմակայելու միջոցներ եւս սահմանվել են, նախեւառաջ՝ օրենքով։

Այս դեպքում արդեն քննիչի, դատախազի եւ դատավորի անձնային որակներից է կախված՝ ինչպե՞ս կկողմնորոշվեն նրանք քաղաքականապես խիստ անկայուն այս ժամանակահատվածում՝ կընդունեն իշխանության խաղի կանոններն ու կգերադասեն նրա հետ «փոխըմբռնման մթնոլո՞րտը», «փորձանքից հեռու, հանգիստ կյա՞նքը», թե՞ իրենց կդրսեւորեն որպես արհեստավարժ եւ արժանապատիվ իրավապահ։
Ի վերջո, սա յուրատեսակ բարոյական ընտրություն է, եւ շատերն ընտրում են հեշտ ու ապահով ճանապարհը՝ ե՛ւ իրենց, ե՛ւ համակարգը խայտառակելու պրակտիկան, քչերն են մնում մասնագիտական եւ մարդկային բարձունքի վրա։

Չէ՞ որ իրավապահ համակարգի ցանկացած, անգամ ամենակրտսեր օղակի աշխատակից հրաշալի հասկանում է, որ քաղաքական երանգ ունեցող կամ շահերի բախում ենթադրող քրեական գործերում իր նկատմամբ ճնշումներն անխուսափելի են։ Եվ եթե նախաքննությունը, իսկ ավելի հաճախ դատարանն իշխանության համար անցանկալի որոշում է կայացնում, քաղաքական մեծամասնությունը նրան միանգամից թիրախավորում ու մեղադրում է «նախկինների» օգտին քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Մինչդեռ մեծ կամ փոքր ցանկացած իրավական կամայականություն մի օր բացահայտվելու է, դրա մեղավորը պատժվելու է, շինծու դատական ակտերը կամ մեղադրական եզրակացություններն անհետեւանք չեն մնալու։ Եվ այն, որ բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իրավապահ մարմինները մի կողմ են դրել օրինականության սահմանադրական սկզբունքը, դեռեւս չի չեղարկում նրա գոյության փաստը կամ կիրառման պարտադիրությունը։

Արդեն չորս տարի է՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ավել կամ պակաս ուժգնությամբ, լարված է, եւ շատ իրավապահներ, թերեւս, վտանգավոր են համարում ճշմարտության որոնումն ու դրա վերհանումը։ Մինչդեռ այս երկբեւեռ ներքաղաքական իրավիճակը, վստահաբար, շարունակվելու է մինչ այս իշխանության պաշտոնավարման ավարտը, ավելին՝ չի հանգուցալուծվելու նաեւ իշխանափոխությանը հաջորդելիք ամիսներին, այնպես որ՝ իրավապահ մարմիններում առկա հոռի երեւույթները, ըստ ամենայնի, շարունակելու են գերիշխել եւ մթնոլորտ ստեղծել՝ գործելակերպ դառնալով համակարգ մուտք գործող նորեկների համար։ Առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված իրավապահ համակարգի տոտալ այլասերման համար, այնպես որ՝ այդ եւ պետաիշխանության որեւէ այլ մարմնից դրական սպասելիք չարժե ունենալ։

Դավիթ Սարգսյան