Հայաստանից հետո Մակրոնը «հակառուսական» նոր խաղ է սկսել

Հայաստանից հետո Մակրոնը «հակառուսական» նոր խաղ է սկսել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին ձեռնոց է նետել Ռուսաստանին․ Ուկրաինա արևմտյան զորք ուղարկելու աղմկահարույց հայտարարությունից հետո, որն, ի դեպ, հարուցեց Փարիզի մերձավոր գործընկերների և ֆրանսիական ընդդիմության տարակուսանքն ու կոշտ քննադատությունը: Ելիսեյան պալատի կառավարիչը «հակառուսական» նոր խաղաքարտ է ակտիվացնում՝ այս անգամ խաղադրույք կատարելով Մոլդովայի վրա։ Հայտնի է, թե որքան լարված են ռուս-մոլդովական հարաբերությունները, և Քիշնևի համար որքան ցավոտ հարցեր են իր տարածքում ինքնավարությունների հետ կապված խնդիրները (Մերձդնեստր, Գագաուզիա)։ Ռուսաստանը հանդես է գալիս այդ տարածքներում ռուսախոս բնակչության անվտանգության պաշտպանության դիրքերից, Մոլդովայում Կրեմլին մեղադրում են իրենց երկրում սադրանքներ, ահաբեկչություն ծրագրելու մտադրության մեջ՝ ակնարկելով պետական հեղաշրջման մասին։

2022 թվականից շարունակվող բանակցությունների արդյունքում Ֆրանսիան պաշտպանական պայմանագիր է ստորագրել Մոլդովայի հետ։ Այն ներառում է Մոլդովայում ֆրանսիական ռազմական ներկայացուցչի տեղակայումը, ինչպես նաև սպառազինության մատակարարման և ուսուցման ծրագրեր: Համաձայնագիրը նախատեսում է Մոլդովայի զինված ուժերի զարգացման և արդիականացման տարբեր հարցեր։ Դրանք ներառում են պաշտպանական քաղաքականություն, մասնակցություն միջազգային առաքելություններին և գործողություններին, օդային տարածքի վերահսկում և կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ռազմական հաղորդակցություն, տեղագրություն, անձնակազմի քաղաքականություն և լեզվի ուսուցում, նյութատեխնիկական ապահովում, ռազմական բժշկություն, ֆինանսական և բյուջետային կառավարում։ Փարիզը խոստացել է նաև ներդրումներ կատարել Մոլդովայի էներգետիկ նախագծերում, բնական ռեսուրսներում և երկաթուղային տրանսպորտում։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի «անշեղորեն աջակցել Մոլդովայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցող, հայասեր  Մակրոնի ցուցումով այս տարվա փետրվարին պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Երևանի ու Փարիզի միջև։ Եւ հայ-ֆրանսիական հարաբերությունները վերջին շաբաթներին նշանավորվեցին պետական փոխադարձ այցերով, ջերմ ընդունելությամբ և դաշնակցային հարաբերությունների մասին հստակ ուղերձներով ու հայտարարություններով։ 

Փետրվարի 22-ին Երևան ժամանեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և հայտարարեց՝ նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն է, որ Ֆրանսիան պետք է աջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Նրա խոսքով, «այս պահին առաջնահերթությունը պաշտպանական սպառազինությունների ձեռքբերումն է և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար»։ «Ելնելու ենք Հայաստանի օպերատիվ կարիքներից․ մենք պետք է համապատասխան առաջարկներ անենք՝ հաշվի առնելով այդ կարիքները»,- ՀՀ ՊՆ վարչական համալիրում հրավիրված ասուլիսում պնդեց Լըկորնյուն՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք կդիտարկվի՞ Հայաստանում սպառազինության արտադրություն սկսելու հարցը։ 

2023 թ․ սեպտեմբերին էլ Հայաստան այցելության ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Կատրին Կոլոննան բացատրեց, թե ինչ է անում իր երկիրը հայերին պաշտպանելու համար․ «Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»։  Նա նաև ընդգծեց որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան հայտարարեց նաև ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի ՀՀ-ին՝ Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:

Ի դեպ, Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին լուրերին Մոսկվայում արձագանքեցին ակնհայտ ցինիզմով։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցներից մեկում հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստանի վրա է «սաղացրել» օգտագործման ոչ պիտանի զենք: «Եթե ֆրանսիական տեխնիկան ցուցադրվում է հարթակներում, դա իմաստ ունի, իսկ եթե նայեք դրանց արդյունավետությանը, եկեք, մեր զինվորականները ձեզ կասեն»,- ասել է Զախարովան: Ըստ նրա՝ դրանք այն զինատեսակներն են, որոնք Փարիզը չկարողացավ վաճառել։ «Թե ինչպես այս գնումը կուժեղացնի Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը, մնում է առեղծված»,- ըստ էության հայկական կողմին սպառնաց ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Արևմտյան քաղաքական կողմնորոշում որդեգրած և ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող ՀՀ իշխանությունները, մեկնաբանելով դաշնակից Ռուսաստանի ջղաձիգ արձագանքը, հայտարարեցին, որ պաշտոնական Երևանը վարում է դիվերսիֆիկացման քաղաքականություն: «Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա, և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- այդ մասին օրեր առաջ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունների մասին է:

Փարիզի և Մոսկվայի հարաբերություններում «եռացող կրակի վրա յուղ ավելացրեց» նաև Սեբաստիան Լըկորնյուն։ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարեց, որ Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ զենքի արտադրությունը կսկսվի ամռանը:

Ակնհայտ է, որ թե՛ ՌԴ-ի մասով, թե՛ ռուս-ֆրանսիական առնչությունների դիտանկյունից, Մոլդովան ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն։ Հայաստանում մխացող վերքի պես չի սպիանում Արցախի կորուստը, իսկ Մոլդովայում չեն հանդուրժում և լուրջ մտահոգություններ ունեն Մերձդնեստրի ու Գագաուզիայի հետ կապված եւ մերժում են Կրեմլի միջամտությունը, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ եթե Արցախի ու արցախցիների անվտանգության ու պաշտպանության կողմերից մեկը Մոսկվան էր՝ իրական հայտարարությամբ և իրական պայմաններով, պարտականություններով, ապա Մոլդովայի ինքնավարությունների դեպքում Կրեմլի աջակցությունն առավել առարկայական, իրատեսական և ակնհայտ է, մի բան, ինչը չտեսանք Արցախի բովանդակ ճակատագրի հարցում՝ անկախ Մոսկվա-Երևան դիվանագիտական, քաղաքական և փորձագիտական փոխհրաձգություններից և դրանց արժանահավատությունից։ 

Օրերս Մոլդովայի ինքնավար երկրամասի՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը Ռուսաստան կատարած իր չհայտարարված այցի շրջանակներում խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին։ Գուցուլի խոսքով՝ Պուտինի հետ քննարկել է «տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ հարցեր, որոնց էպիկենտրոնը» տարածաշրջանն է։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին տեղեկացրել եմ Մոլդովայի իշխանությունների անօրինական գործողությունների մասին, որոնք վրեժխնդիր են լինում մեզնից մեր քաղաքացիական դիրքորոշման և ազգային շահերին հավատարմության համար»,- գրել է Գուցուլը։ Նա հավելել է, որ Պուտինը «խոստացել է աջակցել Գագաուզիային և Գագաուզ ժողովրդին՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքները, լիազորությունները և դիրքերը միջազգային ասպարեզում»։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եվգենիա Գուցուլի դեմ հարուցված քրեական գործը կներկայացվի դատարան։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Իոն Մունտեանուն։ Նա չի մանրամասնել հարուցված գործի մասին, ասելով միայն, որ գլխավոր դատախազությունը բավականաչափ ապացույցներ է հավաքել առ այն, որ Գուցուլը «ներքաշված է եղել անօրինական գործողությունների մեջ»։

Մինչ այս, փետրվարի 28-ին Մերձդնեստրի (չճանաչված հանրապետություն Մոլդովայի կազմում-խմբ․) իշխանություններն օգնության կդիմեն Ռուսաստանին՝ Քիշնևի ճնշումների պատճառով։ Նման որոշում են կայացրել պատգամավորական համագումարի մասնակիցները՝ մասնակցելով Տիրասպոլում՝ չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու նախաձեռնությամբ անցկացված նիստին։

«Ընդունել ՌԴ Դաշնային խորհրդին և Պետական Դումային ուղղված դիմումը՝ Մոլդովայի կողմից աճող ճնշման համատեքստում Մերձդնեստրին պաշտպանելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացիների մշտական բնակության փաստը և Դնեստրում ռուսական խաղաղապահ ուժերի եզակի դրական փորձը, ինչպես նաև բանակցային գործընթացում երաշխավորի և միջնորդի կարգավիճակը»,- ասված է բանաձևում։ Բանաձևում նշվում է, որ Մոլդովան «ըստ էության տնտեսական պատերազմ է սկսել Մերձդնեստրի դեմ՝ միտումնավոր նախադրյալներ ստեղծելով բազմամիլիոնանոց բյուջեի դեֆիցիտի համար»։

Պատգամավորները հայտարարել են, որ Մոլդովան արգելափակում է դեղերի և բժշկական սարքավորումների մատակարարումը։ Բացի այդ Քիշնեւն օրենք է ընդունել անջատողականության մասին, որը ստեղծել է «մերձդնեստրի բառացիորեն յուրաքանչյուր քաղաքացու քրեական հետապնդման նախադրյալներ»։ «Մոլդովան միտումնավոր արգելափակում է բանակցությունները և խուսափում քաղաքական երկխոսությունից կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակով։ Քիշնևը հրաժարվել է իրականացնել Մերձդնեստրի հետ նախկինում ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները»,- ասվում է բանաձևում։ Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին, «5+2» ձևաչափով միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, Եվրախորհրդարանին և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Ավելի վաղ Մերձդնեստրի իշխանությունները դիմել էին ՀԱՊԿ-ին՝ զգուշացնելով Մոլդովայի կողմից իրենց ռազմական կառույցների վրա հնարավոր դիվերսիաների մասին։

Նկատենք, որ համեմատած Հայաստանի հետ, Քիշնևը ԵՄ-ին անդամակցելու առումով ավելի հեռուն է գնացել՝ ստանալով թեկնածու-երկրի կարգավիճակ։ Ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանը մինչ այժմ միայն բանավոր է արտահայտել Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությունը։ Բայց երկու երկրների հակառուսական կուրսը կարող է նրանց որոշակի արտոնություն տալ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար, ինչը միայն տեսական մտապատրանք է՝ հաշվի առնելով Եվրոպայի վեհերոտ պահվածքը և ներեվրոպական հակասությունները՝ նույն Կիևին աջակցության հարցով։
Հաշվի առնելով, որ Մոլդովան գտնվում է ռուս-ուկրաինական առաջնագծին մոտ, և մշտապես առկա է Ռուսաստանի հակազդեցությունն ու ռազմական բախումների հավանականությունը, Մակրոնն, ինչպես ասում են, նոր վտանգավոր խաղ է սկսել Եվրոպայում, այլ կերպ ասած՝ «խաղում է կրակի հետ»։