Պետականությունը ժողովրդին չվերադարձվեց

Պետականությունը ժողովրդին չվերադարձվեց

Ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, «Հայաստան» դա­շինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ձևակերպեց պայքարի բանաձևը. Պայքար ոչ թե իշխանության, այլ պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար: 

Երեք տարի Փաշինյանը Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին կերակրում էր, ու բավական հաջող, այլ, պոպուլիստական, բանաձևով. «Պայքար իշխանութ­յունը ժողովրդին հանձ­­նելու համար»: Այո, համաձայն ՀՀ սահմանադրության հոդ­ված 2-ի, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժո­ղովրդին: «Հայաստանի Հանրապետություն բառակապակցությունը» հենց պե­տությունն է, որի առկայության պայմաններում իշխանությունը կարող է պատկա­նել ժողովրդին: Չլինի պետությունը, չեն լինի տվյալ պետության իշխանությունները: Միթե՞ պարզ չէ:

Պարզվեց՝ ոչ, պարզ չէ: Ինչպե՞ս կարող էր պարզ լինել, երբ երկրի ղեկավարը քաղաքացիներին ասում է՝ դուք բոլորդ վարչապետ եք, 3 միլիոն վարչապետ: Պոպուլիստական ողջ հնարքը հենց դրանում էր. եթե բոլորը վարչա­պետներ են, ապա ոչ մեկն էլ վար­չապետ չէ: Բայց, մարդիկ սովոր չեն խո­րանալ երևույթի մեջ, հասկանալ, առավելևս, որ նրանց շարունակ բթացնում են պարզունակ ու ցինիկ մտքերով. Կառավարության դռները, ինչպես որ իշխանութ­յունը պատկանում է ժողովրդին, հետևաբար, ժողովուրդը կարող է նաև կոտրել այդ դռները: 

«Իշխա­նությունը հանձնել ժողովրդին» բանաձևը պարունակում է ևս մեկ վտանգավոր ու նենգ կողմ. քանի որ իշխանությունը ժողովրդին է հանձնվել, ապա տնտեսական, սոցիալական, ռազմական անհաջողությունների մեղավորը հենց ժողովուրդն է, որն արդյունավետ չի իրացրել իրեն հանձնված իշխանությունը: Ու, ամենևին էլ տաֆտալոգիա չէին Փաշինյանի «մարգարեական» հայտարա­րութ­յուն­ները. «Ես եմ գլխավոր պատասխանատուն, բայց ես չեմ գլխավոր մեղավորը», «Աղ­քա­տությունը մարդկանց գլխում է» ու հեղափոխականի մտքի նման այլ գո­հարներ:

 Գուցե մարդկանց հեղափոխական էյֆորիան կամ այդպիսի հնարքներով բթացումն էր պատճառը, որ այս ընթացքում չգտնվեց գեթ մեկ «հպարտ. քաղա­քացի, որը հարցնի. «Հնարավո՞ր է, արդյոք, ունենալ իշխանություն առանց պետակա­նության»: Իսկ հայոց պետականության հիմքերը, գնալով ավելի ու ավելի են խարխլվում: Բանը հասել է նրան, որ պետությունը չի կարողանում պաշտ­պանվել ֆիզիկապես, չի կարողանում պաշտպանել իր արժանապատ­վութ­յունը, հե­տևաբար, իր քաղա­քացիների արժանապատվությունը՝ թշնամի պետության գործո­ղություննե­րից ու հայտարա­րություններից:

Կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձևակերպած բանաձևին, կարելի էր անել հարցադրում. «Իսկ որտե՞ղ էր պետականությունը, որը վերադարձվելու է ժո­ղովրդին»: Համենայնդեպս, այդ հայտարարությունը պոպուլիզմ չէր: Իրականում պետությունը և դրա ատրիբուտ հանդիսացող իշխանությունը, ըստ որոշ փաստերի, յուրացվել է «Քաղա­քացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի պաշ­­տոնը զբաղեցրած Փաշինյանի կողմից, այսինքն՝ համաձայն ՀՀ սահմա­նադրութ­յան, կատարվել է հանցագործություն: Անշուշտ, նշված հանցագոր­ծութ­յունն ինչ-որ մեկին մեղսագրելու համար կպահանջվի մանրազննին հետաքննություն, որն էլ կհաստատի կամ կհերքի հան­ցակազմի առկայությունը:

Գագիկ Վարդանյան