«Լազարյան ակումբը» հանդես է եկել հայտարարությամբ

«Լազարյան ակումբը» հանդես է եկել հայտարարությամբ

«Լազարյան ակումբի» խորհուրդն իր պարտքն է համարել հանդես գալ հայտարարությամբ, հակազդելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ առանձին քաղաքացիների թունավոր քարոզչությանը, որը սանձազերծվել է, կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի Արցախ այցելության եւ ունեցած ելույթի հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ակումբի խորհուրդը չունի նպատակ անիմաստ բանավեճի մեջ մտնելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների խաթարումն է։ Հայտարարության մեջ նշվում է, որ բարձրացած հիստերիան խոսում է այն մասին, որ վերջինիս հեղինակները պարզապես որեւէ փաստարկներ չունեն իրենց օպոնենտներին ներկայացնելու համար, որոնք ցանկանում են խաղաղություն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս ամենի ֆոնին «Լազարյան ակումբի» խորհուրդը եւս հարցադրում է կատարում, թե ինչու այդ դեպքում ադրբեջանական կողմը համանման ռեակցիա չի ցուցաբերել Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԱՄՆ ներկայացուցիչների հետ կապված, ովքեր այցելել են Արցախ նույն համաժողովին մասնակցելու համար։ Պատասխանը ըստ հայտարարության հեղինակների՝ երկակի ստանդարտների քաղաքականությունն է ու արեւմտան գործընկերների հանդեպ չափազանց հեզությունը։ Ընդհանուր գծերով ներկայացնելով Զատուլինի խոսքը՝ ասված Արցախում խնդրահարույց համաժողովի ընթացքում, «Լազարյան ակումբի» խորհուրդը հատկապես ուշադրություն է դարձնում նաեւ Զատուլինի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք արվել են ռուսական Պետդումայի որոշ պատգամավորների կողմից։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ իրենց նպատակը ռուս-ադրբեջանական հարաբերություններում սեպ խրելը չէ եւ իրենք ցանկանում են, որ Կովկասում ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ։Միաժամանակ նաեւ տեղեկացվում է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին Երեւանում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երրորդ նիստը, հետեւյալ թեմայով «Հայ ռուսական հարաբերությունները արդիական սոցիալ-քաղաքական պրոցեսների լույսի ներքո․ հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներ, բաց խոսակցություն»։