Նախկինում 6 ամսում էին քննվում քաղաքացիության դիմումները, այժմ՝ 90 օրում

Նախկինում 6 ամսում էին քննվում քաղաքացիության դիմումները, այժմ՝ 90 օրում

2021 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում ընդունվեցին մի շարք փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հունիսի 25-ից։ 

Hraparak.am-ը այս թեմայի առնչությամբ զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանի հետ։

- Այդ փոփոխություններով պայմանավորված, այո, բավականին դյուրացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Մասնավորապես, կցանկանամ նշել 3 կարեւորագույն փոփոխություն՝ քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկման ժամկետը նախկինում գործող մինչև 6 ամիս ժամկետից կրճատվել է և ներկայումս սահմանվել է 90 աշխատանքային օր։ Այսինքն, քաղաքացու դիմում հանձնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում պետք է լինի հրամանագիր՝ նրան քաղաքացիություն շնորհելու կամ նրան՝ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին։ Հեշտացվել է քաղաքացիություն ստանալու համար դիմումի և հարցաթերթիկի ներկայացման գործընթացը։ Եթե նախկինում քաղաքացին պետք է ներկայացներ դիմում և առանձին հարցաթերթիկ, որում բավականին շատ հարցեր էին,այժմ այդ հարցաթերթիկը կրճատվել է։ Իսկ փաստաթուղթը՝ երկուսի փոխարեն լինելու է մեկը։ Լինելու է մեկ դիմում հարցաթերթիկ՝ շատ սահմանափակ հարցերով, որը դյուրացնում է հենց անձամբ քաղաքացիների կողմից այդ հարցաթերթիկի դիմումի կազմումը։ Ուզում եմ նշել ևս մեկ կարորագույն փոփոխության մասին։ Եթե նախկինում քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անձնագրավորումը պարտադիր պետք է իրականացվեր ՀՀ-ում՝ լիազոր մարմնում, այսինքն ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում, ապա՝ այս փոփոխություններից հետո՝ այն անձինք, ում շնորհվում է ՀՀ քաղաքացիություն իր ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ օտարերկրյա պետություններում՝ մեր բոլոր դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում։ Այն քաղաքացիները, այն անձինք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նրանց դիմումների վերաբերյալ կազմվում են դրական եզրակացություններ, ապա նրանց դիմումները այլևս չեն քննարկվելու քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում, այլ միանգամից հրամանի նախագծով մեր կողմից ուղարկվելու են ՀՀ նախագահի այդ հրամանագիրը ստորագրելու միջնորդության։
Սրանք են այն կարևորագույն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հունիսի 25-ին։

- Ովքե՞ր կարող  են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

- ՀՀ քաղաքացիություն ստանալու հիմքերը հստակ ձևակերպված են և տրված են մեր օրենքում։ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ՝
1. Այն օտարերկրացինները, ովքեր 3 տարի օրինական հիմունքներով մշտապես բնակվել են ՀՀ-ում, տիրապետում են հայոց լեզվին և ծանոթ են ՀՀ սահմանադրությանը։
2. Ազգությամբ հայերը, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստանում պարզեցված կարգով։
3. Ամուսինը, եթե նրանք ամուսնացած են վերջին 2 տարվա ընթացքում և այդ 2 տարվա ժամանակահատվածում առնվազն 365 օր օրինական հիմունքներով մշտապես բնակվել են ՀՀ-ում։
4.Կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխաների ծնողները։

- Անփոփո՞խ է մնացել արդյոք ՀՀ քաղաքացիների համար երկքաղաքացիության օրենքը։

- ՀՀ-ում, այո, օրենքով ընդունվում է երկքաղաքացիությունը։ Այո, մեր քաղաքացիները իրավունք ունեն լինել նաև օտարերկրյա պետության քաղաքացի։

- Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներ դիմե՞լ են՝ ստանալու համար ՀՀ քաղաքացիություն։

- Այո, իհարկե, դիմել են։ Եվ նախկինում և հիմա էլ շատ են դիմում օտարերկրացիներ, ովքեր համապատասխանում են այդ սահմանված ցենզերին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս տարի ամփոփելով առաջին 5 ամիսների արդյունքները, նույնիսկ այդ բառը չեմ վախենա օգտագործելուց՝ աննախադեպ քանակի աճ ունենք անձանց,  որոնք դիմել են ՀՀ քաղաքացիության համար։

-Ովքե՞ր են, ո՞ր պետությունների քաղաքացիներին է հետաքրքրում մեր հայրենիքը և ցանկություն ունեն դառնալ ՀՀ քաղաքացի։

- Օտարերկրյա քաղաքացիների մեջ տարբեր պետությունների քաղաքացիներ են։ Ինչ-որ գերակշռող երկիր չենք կարող մատնանշել, մի փոքր ավել՝ ՌԴ-ից ազգությամբ ռուս քաղաքացիներն են։ Մեծամասամբ Ռուսաստանի դաշնության մեր ազգակիցներն են՝ ազգությամբ հայերը։ Բայց, նաև, դիմումների մեջ կան օտարազգի անձինք, ովքեր ունեն քաղաքացիության դիմելու համապատասխան հիմքեր։

- Իսկ եղե՞լ են դեպքեր՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու։

- Այո, քաղաքացիության դադարեցնելու դիմումներ նույնպես ունենք, ինչպես մշտապես եղել են։ Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների վիճակագրությունը մոնիթորինգի ենթարկելով կարող ենք ասել, որ դրանք, այսպես ասած, նախորդ տարիների համեմատած, գտնվում են նույն շրջանակում։

- ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ինչքա՞ն ժամանակ հետո է անձը ստանում ՀՀ անձնագիր։

- ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագրից հետո անձը իրավունք ունի դիմելու ՀՀ անձնագիր ստանալու։ Եվ ժամկետները, դրանք այն ժամկետներն են, ինչ գործում են ՀՀ երկար տարիներ ապրող ՀՀ անձանց համար։ Սովորական անձնագրի դեպքում՝ դա 5 աշխատանքային օր է, բիոմետրիկ անձնագրի և նույնականացման քարտի դեպքում 15 աշխատանքային օր է տրամադրվում։ Բնականաբար գործում է նաև պայմանագրային հիմունքներով, կարճ ժամանակում անձնագրի տրամադրման ծառայությունը, որից նույնպես մարդիկ կարող են օգտվել։