Բանակցությունը պետք է արտացոլի այն, ինչ կա ճակատում

Բանակցությունը պետք է արտացոլի այն, ինչ կա ճակատում

«Պատերազմների հանգուցալուծումը, որպես օրենք, լինում է մարտի դաշտում։ Շատ դժվար է հիմա, կեցցեն մերոնք, որ այսպես դիմագրավում են եւ խափանում թշնամու ծրագրերը։ Աստծո զորությամբ ու կամոք, մեր կարողությունների չափով պիտի վերականգնենք մեր ամեն ինչը եւ ըստ այդմ, մտնենք բանակցությունների մեջ։ Իսկ բանակցությունները պետք է հաստատեն այն, ինչ իրականում կա սահմանագծին,- ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանն ու նկատում։- Իհարկե, այս անգամ մեր դարավոր ոսոխն ավելի համախմբված է, նույնիսկ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը կոչ է ուղղել թյուրքալեզու երկրներին, որ աջակցեն Ադրբեջանին։ Իսկ ի՞նչ են թուրքը եւ Թուրքիան․ այդպիսի ազգ Առաջավոր Ասիայում գոյություն չունի, Թուրքիան նստած է Հունաստանի, Հայաստանի, Ասորիքի պատմական հողերի վրա։ Ի՞նչ է նշանակում Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի, Անին հայտարարել իրենց նախնիների ստեղծածը, այդպես ամեն ինչ ներկում, դարձնում են թուրքական։ Այսօրվա Թուրքիան, որ 80 մլն բնակչություն ունի, այդքանով հանդերձ, «թուրք» հասկացություն գոյություն չունի։ Գիտնականների գենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի ազգաբնակչության ընդամենը 5 տոկոսն ունի այն պատկանելությունը, ինչ ունեն իրենց էթնիկ նախնիները, որ 10-12-րդ դարերում Չինաստանի պատերի տակից եկան եւ ճանապարհին թողեցին իրենց մնացորդները՝ որպես բաշկիր, ղազախ, ղրղզ, ուզբեկ, թուրքմեն ու ադրբեջանցի»։

Գրականագետն ընդգծում է՝ այսօրվա Թուրքիան իր պանթուր- քիստական ձգտումներով թաթը դնում է ամեն տեղ, անգամ՝ Ղրիմի թաթարների վրա։ Այս պայմաններում, ըստ նրա, Հայաստանը պետք է դիվանագիտական հարաբերությունները խորացնի առաջին հերթին Ռուսաստանի, նաեւ՝ Մինսկի խմբի ու ԱՄՆ-ի հետ։ «Ի վերջո, այս օրերը ցույց տվեցին մեզ, թե ինչ է հայը՝ իր լավ տեսակի մեջ․ համախմբված, միասին, միակամ, բռունցք դարձած, ամեն մեկն իր չափով երկրին պիտանի լինելով։ Մենք պետք է պատերազմի դաշտում էլ հաղթենք, մեր դիվանագիտական գործունեությունն էլ պետք է արտացոլի այն, ինչ ճակատում կա։ Այս օրերին ինձ համար ամենակարեւոր լուրը ռազմաճակատից եկող լուրերն են։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ մենք մանրամասնորեն իմանում ենք, բայց ես հավատում եմ մեր ուժերին, որ պետք է մի բռունցք դարձած՝ խփեն թշնամու ճակատին։ Ամենակարեւորը՝ որ ոգին տեղը լինի, թշնամուն պատժելու եւ հաղթելու ձգտումը տեղը լինի, մնացած ամեն ինչն իր հերթին կլուծվի»։

Դ․ Գասպարյանի կարծիքով, այլ երկրների դիրքորոշումն այս օրերին բխում է իրենց շահերից․ «Ես ռուսական հեռուստածրագրերին շատ ուշադիր հետեւում եմ, եւ ակնհայտ է, որ եթե Ռուսաստանն իր ներկայության այս հենակետն էլ կորցրեց, դա նշանակում է, որ մինչեւ Հյուսիսային Կովկաս կորցնելու է։ Սա իրենք շատ լավ էլ գիտակցում են, Կասպից ծովի զորավարժությունը, Պուտինի դիրքորոշումը հենց դա է նշանակում։ Անգամ Ժիրինովսկին, որ հազար ու մի դեմք ունի, վերջերս հայանպաստ դիրքորոշումով է հանդես գալիս, ավելին՝ քարտեզը ցույց տալուց ասաց՝ այստեղ Ադրբեջան չկա, սա պատմական Հայաստանն է։ Այ, մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ սա մեր պատմական հայրենիքն է, մենք ոչ թե ագրեսոր ենք, նվաճող, աչքներս ուրիշի ունեցվածքի վրա, այլ մեր իսկ արժեքների տերն ենք ու պահապանը։ Իհարկե, այստեղ կան նաեւ անհատական գործոններ, եւ աշխարհի համար շատ դժվար է ընկալել, թե ինչ է կատարվում։ Հիշեք, թե Տերյանն ինչ էր ասում՝ Մեզ չի հասկանա օտարերկրացին, մեզ չի հասկանա սառն օտարուհին․․․։ Սա մեր ցավի, պատմության, աշխարհագրության մասին է։ Բայց մենք այս ամենով՝ ցույցեր անելով, ճանապարհ փակելով՝ պետք է իրողությունը ճիշտ ներկայացնենք»։

Բոլոր դեպքերում, բանակցությունը պետք է արտացոլի այն, ինչ կա ճակատում՝ վստահ է Գասպարյանը։ «Ինչ գիծ այնտեղ քաշել ես, դա պետք է լինի բանակցության գործընթացում։ Իսկ Ալիեւն ուզում է ամբողջը կուլ տալ, ոչ միայն շրջաններ, հումանիտար միջանցքներ, այլ ողջ Արցախի Հանրապետությունը, բայց դա մենք չենք կարող թույլ տալ, որովհետեւ սա մեզ համար հայրենական պատերազմ է։ Բանակցային բոլոր փաստաթղթերով էլ Ադրբեջանն ամբողջ Արցախն է ուզում՝ փուլ առ փուլ։ Դիվանագիտությունն ինչքան կարողացել, իր գործն արել է, ուրիշ բան, որ այդ դիվանագիտությունը մենք պետք է ամրապնդենք զենքի հաղթանակով։ Միայն զենքով կա հային փրկություն, ուրիշ ոչ մի կերպ։ Դիվանագիտությունը միշտ լավ է, երբ զենքն իր տեղում է։ Մի լավ երկիր կա, որ հայանպաստ դիրքորոշում է ունեցել միշտ՝ Ուրուգվայը, մերոնք պետք է բանակցություններ վարեն Ուրուգվայի հետ, եւ այն լինի առաջին երկիրը, որ ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես որ եղավ առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հետո՝ որոշակի շարժում արդեն կա այդ ուղղությամբ, բայց դա մեկ օրվա բան չէ, դա ժամանակի հարց է եւ պայմանավորված է նաեւ նրանով՝ կհաղթե՞նք, թե՞ ոչ, իսկ մենք պարտավոր ենք հաղթել»,- ասում է ու ընդգծում, որ խիստ կարեւոր է, որ պարտվողական հոգեբանություն չմտնի ժողովրդի մեջ։

«Անհարկի սադրիչներ կան, որոնց ռազմական դրության մեջ պետք է համարել հայրենիքի դավաճան։ Մի մոռացեք երբեք, մենք Կարսի պես աննման քաղաքը կորցրինք ներքին պարտվողականության պատճառով, որովհետեւ թռուցիկներ տարածեցին, որ ժամանակակից թուրքը նախկին թուրքը չէ, զենքը վայր դրեք կամ ուղղեք ձեր ղեկավարների դեմ։ Այդ դարդից գեներալ գնդապետ Հովհաննես Մազմանյանը զորքի առաջ ինքնասպանություն գործեց։ Չարենցի մահվան առաջին տեսիլը դրա արձագանքն էր։ Ամուր լինենք, ներքին սադրիչներին լռեցնենք, զինվորին ուժ տանք եւ գնանք առաջ․ արյուն է պետք՝ պիտի տանք, գումար է պետք՝ պիտի տանք, եթե պետք է՝ պիտի անենք ամեն ինչ»։