Ամեն ինչ հանուն հայրենիքի

Ամեն ինչ հանուն հայրենիքի

Արցախյան առաջին պատերազմում Թուրքիան փորձեց օգտակար լինել Ադրբեջանին, սակայն ընկրկեց ԽՍՀՄ մարշալ Բորիս Շապոշնիկովի նախազգուշացնող հայտարարությունից հետո: Եթե դա չլիներ, ապա չեմ կարծում, թե մենք կարող էինք հաղթանակ տանել թուրք-ադրբեջանական զույգի դեմ: Եվ ընդհանրապես գոյատևել որպես անկախ հանրապետություն: Հետպատերազմական ավելի քան երկու տասնամյակում որպես հասարակություն առաջնորդվեցինք միայն ընտանիք պահելու մտայնությամբ: Դրա փոխարեն անհրաժեշտ էր առաջնորդվել «Ամեն ինչ հանուն Հայրենիքի» կարգախոսով: Որպեսզի պատրաստ լինեինք հաջորդ փորձությանը: Ճիշտ այնպես, ինչպես դրանց պատրաստ էր լինում նորանկախ հրեական պետությունը նախորդ դարի երկրորդ կեսին:

«Հրապարակ»-ի նախորդ մի քանի հոդվածներում արաբա-իսրայելական հակամարտության հերթական սրացումը ես ներկայացրել էի պաղեստինյան տեսակետից: Ավելի ճիշտ, այն միտումով, թե ինչպես է հնարավոր ցավալիորեն խոցել աշխարհի ամենապաշտպանված պետությունը: Բայց չմոռանանք, որ հակամարտող կողմերի ուժերը բացարձակապես անհամատեղելի են՝ 20-25 հազար զինվորականն ընդդեմ 435 հազարի (135 հազար գործող բանակը և 300 հազար պահեստազորայինները): Եվ, բնականաբար, դրան համապատասխան սպառազինությամբ: Իսկ հայ-ադրբեջանական հարաբերակցությունն այդքան ահագին չէր: 

Դա՝ մեկ, և երկրորդ՝ 2020 թվականի ամռան Տավուշի դիրքային մարտով «ինքնահերոսացած գլխավոր հրամանատարը» նույն չափով խեղճացավ պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Իսկ որևէ երկրի իրական գլխավոր հրամանատարը չի կարող լինել այդպիսի անձ: Ու եթե դա գիտակցվեր հասարակության կողմից, ապա այդ անձը ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել: Ու այդ դեպքում Հայաստանի ղեկավարը ոչ թե  բանավոր խոստումներ կտար թշնամուն, այլ կաներ հնարավորն ու անհնարը թշնամու հաղթանակի բացասական հետևանքները հաղթահարելու առումով: Բայց, դժբախտաբար, ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ բանակի ղեկավարությունը դա չգիտակցեցին:
Այն, որ դա, այնուամենայնիվ, անհնար չէր՝ վկայում է Խորհրդային Միության օրինակը: Հայրենական պատերազմի օրերին խորհրդային ողջ երկիրն առաջնորդվում էր «Ամեն ինչ ճակատի համար» կարգախոսով: Բնականաբար, դրան էր միտված նաև երկրի ղեկավարության գործունեությունը:

Արդյունքում, Խորհրդային Միությունը ջախջախեց նացիստական Գերմանիային, որը զավթել էր համարյա ողջ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան: Բայց ինչպես ասվեց, դրա փոխարեն մենք զբաղված էինք զուտ «ընտանիք պահելով», և ոչ թե պատերազմին նախապատրաստվելով: Բացի դրանից, «թավշյա հեղափոխություն» էինք խաղում, և հաղթական պատերազմից երկուսուկես տասնամյակ անց թշնամուն հանձնեցինք Արցախը: Եվ դրան գումարած՝ բուն Հայաստանի առումով «վաստակեցինք» անվտանգային հսկայական սպառնալիքներ: Ու շարունակում ենք խաղաղություն մուրալ վայրագ թշնամուց, որը ցանկանում է մասնատել մեր երկիրը: