Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ քննության

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ քննության

Անահիտ Բախշյանն օրերս տեղեկացրել էր, որ 18․12․2019թ․ ստացել է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ իր բողոքի պատասխանը։ Գլխավոր դատախազը 15 տարի անց կազմակերպիչների մասով նախաքննությունը կարճելու մասին որոշումը վերացրել է, ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության։

Հիշեցնենք, որ այս թեման առաջինը բարձրացրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անհասկանալի պայմաններում այցելելով եւ զրուցելով Նաիրի Հունանյանի հետ։ Սակայն զոհերի հարազատների տեսակետն այս հարցում բաժանվում է։ Անահիտ Բախշյանն այլ կարծիքի , եւ իշխանությունը՝ հանձինս դատախազության, կողմնակից է գործի վերաբացմանը։
Ի՞նչ ընթացակարգերով է ընթանալու վերաբացված գործի քննությունը, որտեղի՞ց են սկսելու, ում են հրավիրելու, ի՞նչ ապացույցներ կարող են ի հայտ գալ ուղիղ 20 տարի անց։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի պատասխանից հասկացանք, որ դատախազական գործառույթներ այս հարցում չկան։ Այսինքն՝ կարճման մասին որոշման վերացումից հետո դրա հիմքով սկսվում է վարույթ՝ դատախազությունը դեկտեմբերի 25-ին  նյութերն ուղարկել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, որպեսզի այնտեղ քննություն իրականացվի։ Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանեց․ «Դրա շրջանակներում արդեն տուժողի իրավահաջորդների կողմից, ենթադրում եմ, կներկայացվեն միջնորդություններ, որոնց հիման վրա կկատարվեն գործողություններ և արդյունքում արդեն կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։ Ես չեմ կարող ասել՝ ինչ գործողություններ կլինեն, ում կհրավիրեն, ինչպես. այդ բոլորը նախաքննական մարմնի որոշելիքն է»։

Աբրահամյանը հավելեց, որ եթե ընթացքում՝ գործի նկատմամբ հսկողության շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու կարիք առաջանա, որը նախաքննական մարմինն արած չլինի, ապա դատախազի կողմից կտրվեն համապատասխան ցուցումներ, և Արթուր Դավթյանն էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներում իր լիազորությունները կիրականացնի։

Հարցին, թե ինչու հանկարծ Արթուր Դավթյանը որոշեց վերացնել այդ որոշումը, խորհրդականն ասաց․ «Որովհետև նախկինում նման դիմում չի ներկայացվել։ Տիկին Բախշյանը մի որոշ ժամանակ առաջ գործի նյութերն էր ուզել, մենք տրամադրել ենք, ինքը դրանից հետո իր ներկայացուցչի հետ քննարկել է, երևի եկել են այն եզրակացության, որ հիմքեր կան նման բողոք ներկայացնելու»։

Անահիտ Բախշյանի ներկայացուցիչը փաստաբան Զարուհի Մեժլումյանն է, ով  կազմել է Բախշյանի 377 էջից բաղկացած բողոքը։ Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ 2 հիմք է ներկայացվել վերաբացման համար։ Առաջինը վերաբերել է Անահիտ Բախշյանի՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտմանը։ «Այսինքն՝ տիկին Անահիտ Բախշյանն իրազեկված չի եղել նախաքննության ավարտի մասին, չի ծանոթացել նյութերին, չի կարողացել օգտվել իր՝ միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ ներկայացնելու և այլ իրավունքներից։ Առհասարակ, կարճման որոշումը նրան հասանելի չի եղել, էլ չեմ խոսում նրա մասին, որ շուրջ 17 հատորանոց քրեական գործը, որն անջատված մասն էր և քննվում էր 27-ի կազմակերպիչների, օժանդակողների, հանցակիցների, դրդողների մաս, առհասարակ հասանելի չի եղել։ Սա շատ կարևոր հիմք է։ Եվ երկրորդ բաղկացուցիչն օբյեկտիվ, բազմակողմանի քննությանն է վերաբերում»։ 

Հիշեցնենք, որ 27-ի իրավահաջորդների ու տուժողների մոտ գործի վերաբացման առումով բավականին հակասական և զգայական տրամադրություններ ու վերաբերմունք կա։ Մի մասը, այդ թվում՝ Արամ Զ․ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արման Բաբաջանյանի՝ Նաիրի Հունանյանին հանդիպելուց հետո հնչեցված կոչերին զուսպ էին արձագանքում։ Հիմնականում անթույլատրելի էին համարում այս գործի շահարկումն ու քաղաքականացումը։ Նաև ընդգծում էին, որ պետք է երաշխիքներ ունենան, որ դատարանը տալու է բոլոր հարցերի պատասխանը, հակառակ դեպքում այն կվերածվի քաղաքական շոուի։ Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանից փորձեցինք տեղեկանալ՝ ինչ դիրքորոշում ունեն իր վստահորդները։ Աշոտ Սարգսյանն ասաց, որ ծանոթ չէ կարճման որոշման հիմքերին և չի քննարկել Դեմիրճյանների հետ։