Դուք չարով եկաք, տղերք․ Մերուժան Տեր- Գուլանյան

Դուք չարով եկաք, տղերք․ Մերուժան Տեր- Գուլանյան

Գրող-հրապարակախոս, լրագրող Մերուժան Տեր-Գուլանյանի հետ զրուցեցինք մամուլի վիճակի և ատելության մթնոլորտի վերաբերյալ՝ նրան հարցնելով, թե ինչպե՞ս է գնահատում մամուլի և խոսքի ազատության վիճակը Հայաստանում այժմ․

«Չի կարելի մամուլին ձեռք տալ, ընդհանրապես չի կարելի մամուլի հետ կատակ անել, ով ուզում ես եղիր, մամուլը մեծագույն նվաճումն է։ Մենք խոսում ենք իշխանությունների մասին, խոսում ենք խորհրդարանի մասին, խոսում ենք կառավարության մասին։ Այո, սրանք լրջագույն իշխանություններ են պետություն կառուցելու համար, բայց կարևորագույն իշխանություններից մեկը մամուլն է՝ 4-րդ իշխանությունը։ Ես ամբողջ կյանքս մամուլում եմ աշխատել, ինձ համար շատ դժվար է եղել խորհրդային միության շրջանում տպել «Սոլժենիցին», երբ որ ռուսերեն չէր տպվել, ես հայերեն տպել եմ ։ Ստացել եմ 13 նկատողություն, որոնցից 6-ը վերջին նախազգուշացումով։ Երբ ինձ  «Ցէ Կա» էին կանչում, գնալիս երեխաներին ասում էի՝ « Երեխե՛ք, գնում եմ «Ցէ Կա», եկա -եկա, չեկա -չեկա։ Այսպիսի կատակներ էի անում։ Բայց Աստծուն փառք՝ Կարեն Դեմիրճյան կար, Դեմիրճյանը խոսում էր վրաս, ասում էր՝ իմ գործը քո վրա խոսելն է, քո գործը  քո աշխատանքն անելն է, դու ճիշտ ես անում, ուրիշ բան է, որ ես քո վրա խոսում եմ, ես դա պարտավոր եմ անելու։ Հիմա ես չգիտեմ, թե իշխանության անդամներից ով է, որ կարող է ասել՝ գիտես ինչ, իմ գործը քեզ քննադատելն է, բայց դու քո գործը պիտի անես։ Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև ինքը պատասխան էր տալիս Մոսկվային, ինքը ինձ պիտի նկատողություն տար, պիտի Մոսկվային ցույց տար, որ ինձ նկատողություն է տվել, հիմա ո՞ւմ պիտի ցույց տան, որ նկատողություն են տվել։ Մոսկվան չկա, մենք ու մենք ենք։

Հայաստանում այսօր հրաշալի մամուլ կա, փայլուն։ Այսօր թերթեր կան, հեռուստաընկերություններ կան, առաջինը պիտի ասեմ «Հրապարակ» թերթը, ես սիրում եմ ձեր թերթը, պարզապես սիրում եմ, ինքը սուտ չի գրում, չի հորինում, ինքը գրում է այն, ինչ կա։ Այլ խնդիր է, թե ինչպես է մեկնաբանում, դա արդեն լրագրողի և մամուլի խնդիրն է, և լավ է, որ այդպես է։ Բա պետք է տեսակետ լինի, եթե տեսակետ չկա , ի՞նչ ենք անում, ինչո՞ւ ենք անում։ Չի կարելի, մամուլը կրակ է, կրակի հետ խաղ չի կարելի անել։ Ի դեպ ասեմ՝ մամուլի օրենքի հեղինակը ես եմ»։

- Բայց Ձեր հեղինակած օրենքը արդեն հին են համարում, ուզում են փոխել։ Կա՞ փոփոխությունների կարիք, և ո՞վ պետք է փոխի։

- Ոչ։ Մի փոքրիկ փոփոխություն եղավ, հիշում եմ՝ այդ մարդու ազգանունը Աբովյան էր։ Իրենք ուզում էին մամուլի օրենքի փոփոխություններ անել, շատ փոքրիկ ինչ-որ բաներ արեցին ու խճճեցին։ Վերցնենք 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունված օրենքը, որը ես եմ ներկայացրել Գերագույն խորհրդում։ Օրենքը՝ սկսվում էր այսպես՝ « ՀՀ-ում մամուլը ազատ է և գրաքննության չի ենթարկվում»։ Որևէ մեկը իրավունք չունի՝ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Ազգային ժողովի տարաշխարհիկ պատգամավորները, որոց թվում է, թե իրենք հասկանում են, որոնց թվում է, թե իրենք ձիու վրա են, և հիմա ինչ ուզեն, կանեն, օրենք կփոխեն, այսինքն՝ ձի նստելուց Աստծուն մոռացել են արդեն։ Այդպիսի կատարկներ չի կարելի անել, ես կգնամ, ապստամբություն կբարձրացնեմ։ Ձեռնասուն մամուլը, որքան էլ տարօրինակ է, ստեղծվեց առաջադեմ մարդու՝ Գորբաչովի ժամանակ։ Երբ Գորբաչովին կալանավորեցին Ղրիմում, մամուլը չկարողացավ նրան պաշտպանել, որովհետև ինքը մամուլին ձեռնասուն էր սարքել։ Աստված չանի՝ վաղը Նիկոլին ձերբակալեն, մամուլը չի պաշտպանելու իրեն, այն մամուլը, որին ինքը ձեռնասուն է սարքել, որովհետև այն պիտի անմիջապես անցնի ձերբակալողի կողմը։ Մամուլը պիտի ազատ լինի, մամուլը պիտի ասի այն, ինչ կա, սակայն լրագրողը կարող է նաև իր ենթադրությունները ունենալ, իր մեկնաբանություններն ունենալ։ Մի բան է սոսկ փաստը արձանագրել, մի այլ բան՝ փաստի շուրջ խորհրդածել։

- Դուք նշում եք, որ հիանալի մամուլ ունենք, բայց իշխանության ներկայացուցիչները այդ կարծիքին չեն, անընդհատ խոսում են «ֆեյքնյուզի» մասին, նույնիսկ այդ մասին են խոսում ԵԽԽՎ բարձր ամբիոնից,  են քրեականացնելու մասին են խոսում։ Հայաստանո՞ւմ կեղծ լրատվությունը, Ձեր կարծիքով, օրախնդիր հա՞րց է, և արդյոք իշխանությո՞ւնը պետք է պայքարի դրա դեմ։

- «Ֆեյքնյուզն» ա՞յն է, որ ամեն մեկը իր տանը նստած խմբագիր է, ինչ ուզում, գրում է։ Ո՞վ է դա ստեղծել, սկսենք այդտեղից։ Էդ դեպքում պետք է քրեականացնեն այն մարդկանց, որոնք երբ մենք մի բան ենք գրում, մեր դեմ ինչեր ասես գրում են ։ Ես ոչ ոքի դեմ ոչինչ չեմ գրում, կամ կարդում եմ, կամ չեմ կարդում։ Եթե նույնիսկ չեմ հավանում, ի՞նչ անենք, մարդ է, գրել է, իր գործն է։ Ես Ֆեյսբուք չեմ մտնում, մեր ժողովրդին ասեմ, որ չուրախանան, ինչ էլ գրում են, ես չեմ կարդում, ինչ ուզում եք, գրեք։ Բայց այդ սև մշակույթը բերել խառնել․․․, չնայած որ որշ մարդկանց կարծիքով սևը մենք ենք, այդ սև մշակույթը մամուլի հետ խառնելը խորապես սխալ է։ Մամուլի խնդիրը լրիվ այլ բան է , այլ բան է, որ մարդիկ անհասկանալի աղբյուրներից վճարվելով գրում են բոլոր նրանց դեմ, ովքեր հանկարծ իշխանությունների դեմ որևէ բան են գրում։ Դրանց բռնեք, կանգնեցրեք դրանց, փող մի տվեք, էլ չեն գրի, վերջանում են։

- Բայց իշխանություններին քննադատություն պե՞տք է։

- Իհարկե, ինչպե՞ս կարելի է իշխանությանը չքննադատել, իշխանությունը դրա համար է, որ ուշադիր հետևես, և եթե թերություն ունի, քննադատես։ Ոչ թե քննադատես ոչնչացնելով, չարությամբ և այլն, այլ քննադատես պարզ և հասարակ․ տիկնա՛յք և պարոնա՛յք, Աստծո սիրուն, ուշադիր նայեք, սա կարելի է այսպես անել, դուք սխալ եք անում։ Դա իմ իրավունքն է, Հայաստանի քաղաքացու իրավունք, կարևոր չէ՝ ես իշխանության մե՞ջ եմ, թե՞ չէ, բայց ես գրող եմ, լրագրող եմ, ես չեմ կարող չասել պարզապես։

- Գաղտնիք չէ, որ համացանցում ատելության մթնոլորտը ահռելի չափելի է հասել, այդ մասին պարբերաբար ահազանգում են թ՛ե իրավպաշտպանները, թե՛ քաղաքական գործիչները։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը, որպեսզի երկրում սիրո և համերաշխության մթնոլորտ հաստատի, չէ՞ որ այդ մասին հայտարարում էր հեղափոխության օրերին։

- Սկսենք այն բանից, որ իշխանափոխությունը սկսվեց «ֆեյսբուքների» հայհոյանքով։ Հեղափոխությունը այն է, երբ երկրի կառուցվածքն է փոխվում, մեր երկրում ոչինչ չի փոխվել, նույն երկիրն է։ Բացի տեղի-անտեղի մարդկանց ձերբակալելուց և թատրոն սարքելուց․․․ դատեք, եղբայր, երբ դատարանը կասի, որ այս մարդը մեղավոր է, տարեք 12 տարի նստացրեք, բայց այս ի՞նչ աբսուրդի ենք վերածել ամեն ինչ, սա ի՞նչ թատրոն է ընդհանրապես։ Ես հետևում եմ դատերին, ես հետևում եմ Ազգային ժողովի աշխատանքին, քաղաքապետարանի և կառավարության աշխատանքին։ «Արմնյուզը» բոլորը ցույց է տալիս, նայում եմ և դրանով իմ եզրակացությունն եմ անում։ Այն, որ սիրո և համերաշխության ճամփով եկան, դրանք ի սկզբանե բառեր էին։ Ոչ մի սեր ու համերաշխություն չբերեցին, բերեցին չարություն, ատելություն, հարազատ եղբայրը՝ եղբոր դեմ։ Մենք 6 եղբայր ենք, և երբ վերջերս հավաքվում, կիսատ վեճով զրուցում ենք, հայրս ասում է՝ բալա ջան, վերջացրեք, դուք բան ու գործ չունե՞ք, եղբայրներ եք, այդ ինչի՞ մասին եք խոսում։ Այո, ինչի՞ մասին ենք խոսում մենք, ինչ է նշանակում բաժանել սևերի ու սպիտակների, ինչ է նշանակում չարն ու բարին՝ «մենք բարով եկանք, հիմա դուք չարով եք ընդունում»։ Դուք չարով եկաք։ Բոլորս ուզում էինք, որ նոր եկած իշխանությունը լավը լիներ, անխտիր։ Մի հետաքրքիր բան ասեմ․  հանրապետության վարչապետը Արցախում ելույթի ժամանակ ասում է, որ մեր մեծագույն նվաճումներից մեկը մեր բանակն է։ Այո, շատ շնորհակալ եմ, ճիշտ է ասում ինքը, իսկապես ճիշտ է ասում, բայց ո՞վ է այդ բանակը կառուցել, ախր դուք չկայիք, չէ՞, տղերք, որ այդ բանակը սարքում էին։ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մեր հրաշալի կամավոր ընկերները և Պարգև սրբազանը, մեր սպաներն ու գեներալները։ Երբ շուկաներից մարդկանց զոռով բռնում տանում էին բանակ, ախր դուք այդ ժամանակ չկայիք, չէ՞ ։ Մի լրագրող ինձ հարցերց՝ պարոն տեր Գուլանյան, Դուք էլ եք, չէ՞, նախկիններից։ Ժպտալով ասացի՝ բալես, ես նախկին չեմ, ես նախքան եմ։ Ես որ կայի, իրենք չկային։Ես նախքան եմ, նախքան նախկինները, նախքան ՀՀՇ-ն և այլն։ Ես կայի այն ժամանակ, ես «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, ես հեղինակություն էի։ Այսօր Հայաստանում շատ վատ վիճակ է։ Կստեղծի՞ իշխանությունը ազգային համաձայնության ընկալում, եթե կանի, փառք ու պատիվ իրեն, չե՞ն անի, իրենք գնալու են։

Շարոնակելի։