Հանրային խորհուրդը Սաֆարյանին ու Իոաննիսյանին տեղը տեղին «դիմավորեց»

Հանրային խորհուրդը Սաֆարյանին ու Իոաննիսյանին տեղը տեղին «դիմավորեց»

Հանրային խորհրդի երեկվա նիստն անցավ չափազանց լարված մթնոլորտում։ Խորհրդի նոր անդամ Դանիել Իոաննիսյանին ու նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանին խորհրդի հնաբնակները, մեղմ ասած, չսիրեցին։ Իոաննիսյանը նիստի մեկնարկին փորձեց նախաձեռնությունը ձեռքը վերցնել եւ աղմկահարույց հայտարարություն արեց, թե ՀԽ-ն 2008-ին ձեւավորվել է նախագահի կոնկրետ մեկ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար, եւ ընդվզեց նիստի օրակարգի դեմ, որը վերաբերում էր Ստյոպա Սաֆարյանի եւ ՀԽ կազմի հարաբերություններին։ Իոաննիսյանի այս հայտարարությունն ու հետագա պնդումները, նաեւ հեգնական տոնը հունից հանեցին Արշակ Սադոյանին։

Նա նախ նշեց, որ ՀԽ-ն ստեղծվել է 2009 թվականին, ապա արձագանքեց․ «Մի հատ լռեք։ Հարց․ ես ո՞ւմ հետ եմ աշխատելու, ես աշխատելու եմ իմ կողմից հարգվա՞ծ մարդու հետ, թե՞ հրաժարական եմ տալու, ոնց որ մի քանի հոգի տվեցին։ Այստեղ խոսքը գնում է հրաժարականների մակարդակի մասին, որին Դուք ծանոթ էլ չեք։ Ես ուզում եմ Ձեզ ու Ստյոպա Սաֆարյանին ասել հետեւյալը․ երբ որ ձեզնից որեւիցե մեկն ասի, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է, եւ նրա նախագահը նշանակվել է քաղաքական շահարկումների եւ առեւտրի հիման վրա, Դուք ուղղակիորեն մեղադրում եք պարոն Փաշինյանին, որ Վազգեն Մանուկյանին նորից նշանակել է քաղաքական շահարկումների համար։ Ո՞նց կարելի է այդպիսի բաներ ասել»։
Իոաննիսյանն էլ իր հերթին պնդեց, որ պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքով է աշխատելու ՀԽ-ն եւ ինչ երաշխիքներ է տալու կառավարությանը․ «Պարոն Սադոյան, ինձ թվում էր, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի հասկանանք Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացումը, այդ թվում նաեւ այն, թե մենք ինչ երաշխիքներ ենք տալիս կառավարությանը Հանրային խորհրդի վերաբերյալ»։

Արշակ Սադոյանն այս անգամ ավելի շատ զայրացավ․ «Դուք պետք է մինչեւ հիմա հասկանայիք։ Այստեղ եկել եք, որ մենք ձեզ սովորեցնե՞նք։ Այս նիստը հրավիրել ենք, որ պարզենք, թե Հանրային խորհուրդն ինչի համա՞ր է։ Ես ասում եմ հետեւյալը․ առաջին կարեւորագույն խնդիրն է՝ նորմալ մարդկային հարաբերություններ ստեղծելը, ճանաչել, թե ով ով է եւ ինչ է ուզում։ Մենք ուզում ենք ճանաչել Ստյոպա Սաֆարյանին, որն ընդամենը 2 շաբաթ առաջ ասում էր, թե Հանրային խորհուրդն ինչի՞ է պետք։ «Հեռանկար» ծրագիրը հիմա էլ կարող եք միացնել, նայել։ Պարոն Իոաննիսյան, ինձ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, օրինակ, օրենքի փոփոխման անհրաժեշտությամբ, այս բացակայությունների պատճառով ոնց որ հող է նախապատրաստվում, որ ՀԽ-ն ընդհանրապես չսկսի գործել, ոնց որ խնդիր է դրված անընդհատ վարկաբեկելու․ դու գալուց առաջ չե՞ս մտածել, թե խի ես գալիս»։

Իրեն չզսպեց նաեւ ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը՝ ամոթանք տալով Իոաննիսյանին։ «Մի քիչ համեստություն է պետք, առաջին անգամ գալ ու այդ տոնով խոսել ու բոլորին պարտադրել Ձեր կարծիքը, չի կարելի, պարոն Իոաննիսյան, չի կարելի։ Ոչ մի բան չգիտեք, ոչ մի բան չեք արել, եկել բոլորիս մեղադրո՞ւմ եք»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին առաջարկեց, որ Հանրային խորհրդի գրասենյակը տեղափոխվի կառավարության շենք։ Նշենք, որ այն այժմ տեղակայված է ՀԽ անդամ, բարերար Գաբրիել Ջեմբերջյանին պատկանող «Ռոյալ կլասիկ հաուս» հյուրանոցում։ Սադոյանը կրկին արձագանքեց՝ ասելով, որ նման առաջարկներ շատ են եղել, սակայն ՀԽ-ն չի կարող տեղակայված լինել ռեժիմային, պահպանվող շենքում, քանի որ պետք է հյուրընկալի քաղաքացիների, իսկ կառավարության շենքում դա անհամեմատ ավելի բարդ կլինի անելը։

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանն էլ Ստյոպա Սաֆարյանին խնդրեց վարչապետին տեսնելու պարագայում նրան ասել, որ ՀԽ-ում կա մի անդամ, որն իր հետ համաձայն չէ։ Պեպանյանը նկատի ուներ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ստյոպա Սաֆարյանի նշանակումը շանս է, որ ՀԽ-ն կարողանա ապացուցել, որ ինքը, որպես կառավարության խորհրդատվական մարմին, իսկապես կարող է լինել էֆեկտիվ։ Նա հռետորական հարց հնչեցրեց․ «Ես ապրիլ ամսից ՀԽ անդամ եմ, տեսնում եմ ինչ աշխատանք են կատարում, իրենց շնորհակալություն է պետք հայտնել, ոչ թե ասել, որ հասել են վերջին շանսին, իսկ եթե չեղավ, ի՞նչ եք անելու»։