Արմեն Սարգսյանին բերողները երեկ քարկոծում էին նրան

Արմեն Սարգսյանին բերողները երեկ քարկոծում էին նրան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ դարձյալ հայտնվել էր իրեն նշանակած «հակահեղափոխականների» թիրախում։ Պատճառն այն է, որ Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու, այսպես ասած՝ «կաշառելու» մասին պրոբլեմատիկ օրենքը։ Մինչդեռ մեծ թվով մարդիկ նրան կոչ էին անում չստորագրել, այլ ուղարկել ՍԴ՝ քննության։ Նրան նախագահի պաշտոնում նշանակած ու փոշմանած նախկին իշխանավորները կարծում են, որ սա հիանալի շանս էր՝ ապացուցելու, որ ՀՀ նախագահն անկախ է եւ կարող է Նիկոլ Փաշինյանի կամքից դուրս գալ, բայց նա հերթական ծառայությունը մատուցեց Փաշինյանին։ Նույնկերպ Արմեն Սարգսյանն անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ընդունված եւ ԱԺ պաշարման առիթ դարձած հայտնի օրենքը, որը ՀՀԿ-ականներն էին հեղինակել, կարող էր ստորագրել, բայց նախընտրեց ուղարկել ՍԴ, իսկ վերջում պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը չկա՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանում էր։ Այն ժամանակ Փաշինյանի կամքը օրենքը ՍԴ ուղարկելն էր, այս անգամ՝ չուղարկելը, եւ Արմեն Սարգսյանը հնազանդորեն կատարում է այդ կամքը։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, Արմեն Սարգսյանին երեկ համեմատել էր Սանտա Կլաուսի հետ, որն այս օրենքի ստորագրմամբ փաստացի ամանորյա նվեր մատուցեց Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ «Այսօր նախագահի պաշտոն զբաղեցնող անձի համար տոն է՝ էնքան մարդ հիշեց իր «չեղած» լիազորությունները։ Ես սա գրում եմ մի բան ասելու համար՝ ափսոս, հազար ափսոս՝ էդքան ունեցածի մեջ այդպես էլ դիմագիծ ու սկզբունքայնություն չգտնվեց։ Դուք արժանի եք նրան, ինչ լիազորություն ունեք, այսինքն՝ ձեր կարծիքով չունեք»,- իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք էր հայտնել Արփինե Հովհաննիսյանը, ապա երեսով տվել նախագահի այն լիազորությունները, որոնք իրենք են ժամանակին շնորհել նրան։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ արձանագրել է, որ «ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքն Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ վերջնականապես կնքելով իր քաղաքական մահկանացուն»։

Արմեն Սարգսյանին քաղաքականապես «ոչնչացնող», նրան Նիկոլ Փաշինյանի կցորդն ու ցանկությունների կամակատարը ներկայացնող գրառումներ են արել նաեւ ՀՀԿ-ական կամ նախորդ իշխանություններին մերձ տարբեր շրջանակներ՝ երիտթեւից մինչեւ քաղտեխնոլոգներ։
Թեմայի առնչությամբ պարզաբանում էր տարածել նաեւ նախագահականը՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչով էր պայմանավորված նման որոշումը, օրենքը ստորագրելու հարցում արդյոք որեւէ ճնշում եղե՞լ է նախագահի վրա, արդյոք որոշումը կայացնելիս հաշվի առնվե՞լ են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները, եւ կայացված որոշումը որքանո՞վ կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը եւ այլն։

Նախագահականից նախ հայտնել են, որ Արմեն Սարգսյանը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, նաեւ դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել է օրենքին առնչվող միջազգային փորձը։ Ապա ավելացրել․ «Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական եւ համազգային շահերով եւ կարեւորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է օրենքը՝ գտնելով, որ օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը, «առանց որեւէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որեւէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը»:

Թե ինչպես է այս օրենքի պայմաններում ապահովվելու ՍԴ բնականոն գործունեությունը, դժվար է պատկերացնել, երբ ՍԴ դատավորներին փաստացի փորձում են ճնշել՝ «յուրահատուկ» կաշառքի մեխանիզմ առաջարկելով։ Մյուս կողմից՝ ՍԴ բանկանոն գործունեությունն իսպառ կխաթարվի, եթե հանկարծ ՍԴ անդամ բոլոր դատավորները որոշեն օգտվել այս օրենքի ընձեռած հնարավորությունից եւ համաձայնեն գնալ վաղ կենսաթոշակի՝ վայր դնելով իրենց լիազորությունները։ Այս դեպքում կառաջանա ճգնաժամ՝ ՀՀ հպարտ քաղաքացին չի ունենա Սահմանադրական դատարան եւ զրկված կլինի իր իրավունքները ՍԴ-ում պաշտպանելու հնարավորությունից, մինչեւ կձեւավորվի նոր ՍԴ։

Մինչ օրենքի ստորագրումը Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ դրանով քննարկումների եւ հանրային կոնսուլտացիաների իմիտացիա ստեղծելով։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ։ Մասնակիցներից «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը մեզ ասաց, որ ինքն այս թեմայով առանձնազրույց է ունեցել նախագահի հետ, որի մանրամասները հրապարակելն էթիկապես սխալ է, ուստի չնշեց, թե ինչ փաստարկներ է ներկայացրել նախագահը ստորագրման անհրաժեշտության առնչությամբ։ Միայն նշեց, որ այդ զրույցն իր մոտեցումների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել՝ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ այս մեխանիզմը չէր կարող հանդիսանալ արդեն իսկ դատավորների վարույթում գտնվող գործերից ձերբազատվելու, այսինքն՝ դատավորների կազմը փոխելու միջոց։

«Այս օրենքը չէր պարունակում որեւէ մեխանիզմ, որի համաձայն դատավորները չէին կարող օգտվել այդ մեծ բոնուսից հասարակության հաշվին, քանի դեռ չէին ավարտել իրենց վարույթում եղած գործերի քննությունը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, թե ինքն այն համոզման է, որ ՍԴ դիմելու համար ամենեւին անհրաժեշտ չէ, որ հանրապետության նախագահն ունենա համոզմունք օրենքի հակասահմանադրականության հետ կապված։ Իսկ հնարավո՞ր է գործադիրը ճնշում գործադրած լինի Արմեն Սարգսյանի վրա, որ նա ստորագրի այս օրենքը․ պարոն Մելիքյանն ասաց՝ ակնհայտ է, որ դա իշխող քաղաքական ուժի ցանկությունն էր, բայց ճնշման մասին խոսելու համար ինքը բավարար հիմքեր չունի։

«Ավելին, ես այն կարծիքին եմ, որ հանրապետության նախագահն իսկապես ունեցել է ազատ ընտրության հնարավորություն՝ երկու տարբերակներից որեւէ մեկն ընտրելու համար»,- ասաց նա։