Ծուռ հայելիների երկիր Հայաստանս

Ծուռ հայելիների երկիր Հայաստանս

Հայաստանի Հանրապետության գլխին կախված է քաղաքացիական պատերազմի վտանգը: Եվ այն, որքան էլ պատմականորեն զարմանալի թվա, գալիս է, այսպես կոչված, ժողովրդի իշխանությունից: Պատմականորեն զարմանալի, որովհետեւ տրամաբանորեն նման վտանգ պետք է գար ոչ հեռավոր անցյալում իշխանությունը կորցրած շրջանակների կողմից: Այն շրջանակների, որոնք իշխանության վերադառնալու այլընտրանք չեն տեսնում:

«Մերն ուրիշ է» տարբերակով իշխանությունը գնում է քաղաքացիական պատերազմի, որպեսզի չկորցնի այն: Եվ եթե նորմալ պետություններում ինքնապաշտպանության նպատակով իշխանությունն օգտագործում է «բռնության իրավունքը» (դա այն է, ինչով օժտված է պետությունն ի սկզբանե), նիկոլական իշխանությունը դրան գումարում է իր կողմից զոմբիացված ժողովրդի գործոնը: Ուժային կառույցների՝ ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ոստիկանություն, գործողությունները չեն բավարարում «ժողովրդավարության բաստիոնի» երբեմնի շինարարին: Նրան անհրաժեշտ է լեգիտիմության լրացուցիչ պաշար՝ ի դեմս ժողովուրդ անվանյալ զոմբիների, որպեսզի արադարացնի ուժայինների ոչ իրավաչափ գործողությունները: Այստեղ է, որ պատմականորեն զարմանալի ու ոչ տրամաբանական գործունեությունը ստանում է ծուռ հայելիների երկրին արժանի տրամաբանական բացատրություն:

«Հրապարակի» նախկին հոդվածներից մեկում Նիկոլի վարկանիշի անկման վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներին հղում տալով՝ հարց էի առաջադրել, թե ինչի վրա է Նիկոլի հույսը: Կյանքը երկար սպասեցնել չտվեց՝ Նիկոլը բացահայտեց այն՝ բռնությունների կոչեր եւ քաղաքացիական պատերազմի դրդում: Նորմալ պետություն ունենալու դեպքում Գլխավոր դատախազությունն անմիջապես քրեական գործ կհարուցեր, իսկ ԱԱԾ-ն կձերբակալեր այն անձին, որը բռնության կոչեր է անում:

Բայց մենք վաղուց ենք սովոր, որ չունենք նման կառույցներ, կամ եղածները զուրկ են պետական մտածողությունից: Զուրկ են, քանի որ պաշտպանում են ոչ թե պետության, այլ «քաջնազարական» բախտի բերմամբ պետության ղեկավարի պաշտոնին հայտնված անձին: Ուղղակի ամաչելու բան է՝ միշտ հպարտացել ենք մեր հին ծագմամբ, մեր վաղնջական մշակույթով, ու... Ու որպես հասարակություն եւ կամ որպես պետականության ինստիտուտներ՝ հանդուրժում ենք նման մի անձին պետության ղեկավարի պաշտոնում:
Ի դեպ, չմոռանանք նաեւ բանակի մասին:

Ավելի քան երեք ամիս առաջ ԶՈՒ ԳՇ համարյա ողջ ղեկավարությունը ստորագրեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջի թուղթը: Հետո ԳՇ պետը չեզոքացվեց նշված անձի կողմից, իսկ բանակի հրամկազմը չկանգնեց ԳՇ պետի թիկունքին: Իսկ այսօր նույն այդ անձը Հայաստանի հասարակությանը սպառնում է բռնության կոչերով, եւ ոչ մի արձագանք: Ոչ մի արձագանք այն ԳՇ-ի կողմից, որը հայտարարում էր, թե թույլ չի տալու իշխանությունների կողմից բռնությունների գործադրում ժողովրդի նկատմամբ: Պարոնայք գեներալներ, եղեք ձեր խոսքի տերը, դուք համարյա թե խոստացել էիք կտրել այն ձեռքը, որ կբարձրացվի ժողովրդի վրա: Այսօր դա տեղի է ունենում վերբալ (խոսքային) մակարդակով, 10 օրից այն տեղի կունենա իրականում, իսկ դուք լռում եք... Փաստորեն, դուք ձեր խոսքի տերը չեք,  գեներալական ձեր խոսքը որեւէ արժեք չունի... Ցավում եմ...