Արդարություն որոնողները

Արդարություն որոնողները

Մեզանում հաճախ են հնչում մտահոգություններ, թե ժողովուրդը շատ երեւույթների նկատմամբ անտարբեր է դարձել։ Քաղաքական գործիչները հիմնականում հասարակ մարդկանց են մեղադրում, որ նրանք հրաժարվել են հոգեւոր արժեքներից, արհամարհում են ազգային գաղափարախոսությունը, չեն ծառայում ազգանվեր գաղափարներին։ Շատերն ասում են, թե իբր մարդիկ սկսել են ստամոքսով մտածել եւ մտահոգված են միայն սեփական բարեկեցությամբ։ Այսպիսի խոսակցությունները եւ մոտեցումները հատուկ էին խորհրդային ժամանակներին, երբ մարդկանց համոզել էին, որ բարեկեցիկ կյանքին ձգտելն անբարոյականություն է, որկրամոլություն եւ անգամ դավաճանություն՝ պետության եւ հասարակության նկատմամբ, հայրենասեր մարդը միշտ պետք է ծառայի պետությանը, գաղափարներին՝ անտեսելով սեփական «ես»-ը։ Այդ «գաղափար» կոչվածն ամեն տեղ տարբեր է լինում, բայց հիմնականում գաղափարները ծառայում են իշխող խմբերի, էլիտաների կամ բռնապետների նպատակներին, եւ բարեկեցությանը, դրանց միջոցով մասսաների կառավարումը պարզապես ավելի դյուրին է դառնում, ուրիշ ոչ մի վեհ բան այստեղ գոյություն չունի։

Քաղաքակիրթ աշխարհը հետզհետե սկսեց հեռանալ հստակ գաղափարախոսությունից՝ հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ հերթական ցնդած գաղափարը հարյուր միլիոնից ավելի մարդու կյանք խլեց եւ քարուքանդ արեց ողջ Եվրոպան։ Դրանից հետո քաղաքակիրթ աշխարհը շարժվեց այլ ուղղությամբ՝ իբրեւ գերագույն արժեք հռչակելով մարդու կյանքը, նրա ազատությունները եւ իրավունքները։ Ամեն ինչ սկսեց պտտվել մարդու շուրջ՝ նրա իրավունքների, բարեկեցության եւ ազատությունների։ Այսինքն՝ պետությունն էր այլեւս ծառայում մարդուն, ոչ թե հակառակը։ Արեւմտյան քաղաքակրթությունը հետզհետե ազատվեց անցյալի արատավոր երեւույթներից եւ ստեղծեց մարդասիրական հասարակարգ։ Այդ ճանապարհին, իհարկե, շատ քննադատությունների էր ենթարկվում, եւ հատկապես ԽՍՀՄ պրոպագանդիստները հայտարարում էին, որ Արեւմուտքը շուտով կկործանվի։ Նրանք չէին պատկերացնում, թե ինչպես կարող են այդչափ ազատությունները չվնասել պետության հզորությանը։ Թե որ համակարգը որքանով էր հզոր, ֆիքսվեց 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը՝ որպես միավոր, վերացավ աշխարհի երեսից։

Թեեւ շատերը դա վերագրեցին դավաճանության, դիտավորության, մասոնամորմոնական ծրագրերին, իրականում 1991-ին արձանագրվեց մարդասիրության եւ ազատությունների հաղթանակը։ Ու չնայած որ այլեւս գաղափարախոսությունը փոխարինված է համակեցության կանոններով, պետական դոկտրիններով եւ էթիկայի նորմերով, այնուամենայնիվ, քաղաքակիրթ աշխարհում մշտապես բախվում են բազմաթիվ խնդիրների։ Մեկը մոլեգնող հասարակական պրոցեսներն են, որոնք տարբեր դրսեւորումներ ունեն։ Սոցիոլոգների եւ հոգեբանների ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս հասկանալ եւ լուծել նման խնդիրները, նախանշել հնարավոր զարգացումների ուղղությունները, կանխել հնարավոր կոնֆլիկտները։ 
Գիտնականների մի խումբ, օրինակ, ապացուցում էր, որ մարդկանց մոտ շատ զարգացած է արդարության զգացումը, եւ դա առկա է բնազդների, զգացմունքների մակարդակով։ Մինչ այդ կար համոզմունք, որ արդարության զգացումը մտացածին եւ մարդու գիտակցության ու մտքի արտադրանք է, ինչպես կրոնը, բարոյախոսությունը, հայրենասիրությունը, մարդասիրությունը։

Ոմանք անգամ պնդում են, որ արդարության գաղափարը հորինվել է ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում։ Սակայն մի հետաքրքիր էքսպերիմենտի միջոցով ապացուցում են, որ արդարության զգացումն առկա է անգամ կենդանիների մոտ։ 2 կապիկի տեղավորում են կողք-կողքի վանդակներում եւ երկուսին էլ տալիս են պարզունակ առաջադրանք ու կատարելուց հետո վարձատրում մի կտոր վարունգով։ Երկրորդ անգամ փոխում են խաղի կանոնները եւ նույն առաջադրանքը կատարելու համար կապիկներից մեկին վարունգով են պարգեւատրում, մյուսին՝ խաղողով։ Այս անարդար մոտեցումն այնքան է զայրացնում վարունգ ստացած կապիկին, որ նա վարունգը նետում է գիտնականի վրա եւ պահանջում խաղող, քանի որ տեսնում է, որ մյուս կապիկը նույն առաջադրանքը կատարելու համար ստացել է ավելի լավ պարգեւ՝ խաղող։ Հատկանշական է այն, որ մինչ այդ էլ խաղողը նրանց աչքի առջեւ էր, եւ կապիկներից ոչ մեկը չէր պահանջում խաղող, մինչեւ որ նրանցից մեկը չտեսավ, որ մյուսը դա ստանում է։ Վարունգ ստացող կապիկը 25 անգամ այն նետում է գիտնականի վրա, այսինքն՝ կապիկը պատրաստ էր անգամ քաղցած մնալ, բայց անարդարության հետ չհաշտվել։

Այս հանգամանքը պետք է հաշվի առնեն նաեւ մեր քաղաքական գործիչները, հատկապես նախընտրական փուլում։ Սա արդարության մասին է եւ ոչ մի կապ չունի մարքսիզմի, սոցիալիզմի կամ ուտոպիստական կոմունիզմի հետ։

Բժշկականը գերազանց ավարտած ուսանողը պետք է վստահ լինի, որ իր գիտելիքների շնորհիվ կարող է տեղավորվել արժանի աշխատանքի, առանց որեւէ միջնորդության։ Ցանկացած մասնագետ պետք է միայն աշխատասիրության, տաղանդի, ջանքերի շնորհիվ փայլուն կարիերա ունենա եւ մեծ բարձունքների հասնի՝ անկախ իր ունեցած կապերից։ Խոսքն արեւելյան արդարության մասին չէ, որ շահը կամ իշխանը մեծահոգաբար շնորհում է իրավունքներ կամ պաշտոններ, խոսքը նաեւ խորհրդային արդարության մասին չէ, որ բոլորը հավասարեցված լինեն՝ ուռավնիլովկան, իհարկե, արդարություն չէ։ Ուստի արդյունքում գիտության փոխարեն ունեին գողություն, պատմության փոխարեն՝ հորինված հեքիաթներ, պետության փոխարեն՝ վերակացու, իսկ բարեկեցության փոխարեն՝ դատարկ ճառեր եւ պրոպագանդա։ Վերը նշվածը մենք արդեն տեսել ենք ու մինչեւ կոկորդը կուշտ ենք։ Խոսքը հավասար իրավունքների եւ արդար մոտեցումների մասին է, որն օրենքներով չի կարող կարգավորվել, սա հասարակական ընկալումների խնդիր է, եթե կուզեք՝ արժեհամակարգի։ Օրենքով հնարավոր չէ մասնավոր ընկերության տնօրենին ստիպել, որ արժանիներին առաջ քաշի, ոչ թե իր բարեկամներին, հնարավոր չէ հիվանդանոցի տնօրենին պարտադրել, որ լավ բժիշկներին խրախուսի, ոչ թե իր մտերիմներին, հնարավոր չէ նախարարին պարտադրել, որ որոշումներ ընդունելիս խորհրդակցի լավ պատրաստված եւ տաղանդավոր մարդկանց հետ։ Հասկանալի է, կան ինչ-որ թեստեր, քննություններ, հարցաթերթիկներ, բայց դրանք միշտ կարելի է շրջանցել, կեղծել կամ խորամանկել։ Հասկանալի է, որ մասնավորը ոչ կոմպետենտ կադրերին առաջ քաշելով՝ հենց իր ընկերությանն է վնասում եւ իր եկամտին, նախարարն իր իմիջին է վնասում, եւ երկուսն էլ, վերջին հաշվով, դուրս են մղվում, բայց մինչեւ դա տեղի է ունենում, հազարավոր տաղանդավոր մարդկանց ճակատագրեր են խեղվում։ 

2018-ի հեղափոխության պատճառներից մեկն էլ հենց անարդարություններն էին, արտոնությունները եւ անաշխատ եկամուտները։ Պետք չէ մարդկանց նախանձ անվանել կամ չկամ համարել։ Տեսե՞լ եք երբեւէ, որ որեւէ հասարակ մարդ նախանձի Հենրիկ Մխիթարյանին կամ Արթուր Աբրահամին։ Չէ՞ որ մարդիկ երբեք չեն չարախոսում նրանց հարստության ու ունեցվածքի համար, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այդ մարդիկ վաստակել են իրենց կարողությունն ու փառքը, արժանի են իրենց ունեցածին։ Բայց եթե մարդիկ տեսնեն, որ Հենոն գոլ չի խփում, չի կարողանում վազել, բայց շատ լավ վարձատրվում է, այն էլ՝ պետությունից, իհարկե, մարդիկ կատեն նրան։

Մարդկանց պետք չէ հիմարի տեղ դնել եւ պիտակավորել, ավելի լավ է քաղաքական գործիչներն իրենք իրենց շտկեն, իրենց մոտեցումները վերանայեն ու այս հարցերին սկսեն նայել ժողովրդի աչքերով։ Թող նրանք փորձեն ինչ-որ բան փոխել մարդկանց կյանքում, գոնե սեփական օրինակով, այլապես նրանք հիմա պահանջողի դերում են միայն։ Ինչո՞ւ չես բավարար հայրենասեր, ինչո՞ւ չես ազգային ցնդած գաղափարներին մինչեւ վերջ նվիրված, ինչո՞ւ ես քո մասին այդքան շատ մտածում, ինչո՞ւ չես պետությանն ու ազգին նվիրվում։ Ո՞նց եք պատկերացնում, որ հասարակ մարդը պետք է ամեն քայլափոխի միայն վնասներ կրի եւ տանջանքներ, անարդարությունների հանդիպի ու լռի եւ ծառայի վեհ գաղափարներին՝ լինի հայրենասեր, ազգանվեր ու պետականամետ։ Այսինքն՝ հասարակ մարդը միայն տառապելո՞ւ իրավունք պետք է ունենա, իսկ իրենք՝ իրենց դղյակներում անհոգ կյանք վայելելո՞ւ, սրա՞նք են ձեր վեհ գաղափարները, սա՞ է համարվում ազգային գաղափարներով ապրել, ու դեռ մի բան էլ զարմանո՞ւմ եք, որ մարդիկ դարձել են անտարբեր։

Պողոս Պողոսյան