Դավադիր ու սադրիչ

Դավադիր ու սադրիչ

Հայաստանցիներին հիմնավորապես պառակտեցին, հուսալքեցին ու բարոյալքեցին, հիմա էլ անցել են արցախցիներին։ Նրանց, որպես հանրույթ, կազմալուծելուն։ Իսկ որոշ միամիտներ հույս ունեին, որ կամային, աշխատասեր, իրենց հողն ու ջուրը սիրող, միասնական արցախցիները կգան Հայաստան եւ մթնոլորտ կփոխեն, կստիպեն մորթապաշտ, նյութապաշտ որոշ խավերի վերանայել իրենց կենսակերպը։ Պայքարի նոր ալիք կբարձրացնեն Հայաստանում եւ իրենց բողոքն ուղիղ ու համարձակ ձեւով կարտահայտեն այս վիճակի գլխավոր մեղավորին՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ Բայց մարդիկ հազիվ էին ոտք դրել Հայաստանի հողին, ինտրիգների եւ դավադրությունների մեջ վարպետացած ՔՊ-ն ու նրա արբանյակները գործի անցան։ Նախ, մարդկանց վախեցրին, թե՝ կզրկվեք նյութական աջակցությունից, ՀՀ կառավարությունը ձեզ կպատժի, եթե պայքարեք։ Ապա սկսեցին ներշնչել, որ Արցախը ոչ թե Հայաստանի ապաշնորհ իշխանություններն են կորցրել, այլ Արցախում վերջին 10 օրը պաշտոնավարած մարդիկ, որոնք միամտություն ունեցան ամենածանր փուլում ստանձնելու երկրի ղեկավարումը։

Հետո սկսեցին սրել հայաստանցի-արցախցի հակասությունները եւ հայաստանյան ցածր խավին ներշնչել, որ նրանք եկել են ձեր տեղը նեղացնելու, ձեր հացը խլելու, ձեր անդորրը խախտելու։ Ապա գտան արցախցի մի խումբ սորոսականների, մի խումբ սադրիչների եւ կարիերիստների, որոնց ինչ-որ խոստումներ տվեցին եւ հանեցին փողոց՝ ուղարկելով Արցախի ներկայացուցչության մոտ՝ ակցիա անելու։ Թվում էր՝ այս օրերին միայն մի տեղ կա, որտեղ կարող էին ակցիաներ իրականացվել՝ Հանրապետության հրապարակը, սակայն այն պահից սկսած, երբ այդ հրապարակը դատարկվեց, պարզ էր, որ լցվելու է Արցախի ներկայացուցչության բակը, եւ սլաքներն ուղղվելու են Արցախի վերջին իշխանությունների դեմ։