Որպեսզի իր տերերի ձեռքերը չկեղտոտվեն, «Հանրապետությունը» սև գործերն իր վրա է ստանձնել

Որպեսզի իր տերերի ձեռքերը չկեղտոտվեն, «Հանրապետությունը» սև գործերն իր վրա է ստանձնել

Երեկվանից հասարակությունը քննարկում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ջրոցին ու ծեծկռտուքը, որն ուղեկցվեց տարատեսակ սեռական բնույթի հայհոյանքներով և վիրավորանքներով: Եթե մինչ օրս միայն Ազգային ժողովում էին նման տգեղ միջադեպեր տեղի են ունենում` տղամարդ պատգամավորների մասնակցությամբ, ապա հիմա Երևանի ավագանու նիստի միջադեպի գլխավոր հերոսը կանայք էին` «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը, որն առավել հայտնի է Նարե Սոսե անունով: 

Ամեն ինչ սկսվեց Նարինե Հայրապետյանի ելույթից: Ավագանու նիստի ժամանակ քննարկվում էր Երևանի որոշ փողոցների անվանափոխության հարցը, Նարինե Հայրապետյանը` Նարե Սոսեն հայտարարեց, որ Երևանի փողոցները պետք է անվանակոչվեն մեր հերոսների` Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի և այլոց անուններով: Ավագանու անդամը քննադատական հայտարարություններ արեց` բացառապես Քաղպայմանագրին ուղղված, բայց չգիտես ինչու նրա ելույթին հաջորդեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի ելույթը, ով հայտարարեց, որ ավագանու ամբիոնն անորակ բանաստեղծություններ արտասանելու հարթակ չէ և ընդդիմադիրներին սկսեց մեղադրել տերեր ունենալու մեջ: Այս հայտարարությունն էլ թեժացրեց մթնոլորտն, ինչից հետո սկսվեց ծեծկռտուք, ավագանու անդամներն իրար վրա ջուր շփեցին, հայհոյեցին, իրար մազ պոկեցին` բառի բուն իմաստով, հեռախոսներով հարվածեցին և այլն:

Կատարվածի վերաբերյալ զրուցել ենք ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի` Նարե Սոսեի հետ, ում ելույթից էլ սկսվեց այս տուրուդմփոցը:

- Նարե, երեկ տեղի ունեցած միջադեպը, կարծես, Ձեր ելույթի պատճառով էր: Բավականին սուր ելույթ ունեցաք, ինչը որոշ շրջանակների կարծիքով կապ չուներ Երևանի ավագանու նիստի օրակարգի հետ, այն քաղաքական ելույթ էր, այլ ոչ թե քաղաքային:

- Այո, իմ ելույթը քաղաքական էր, որովհետև մեր դաշինքը հիմնված է քաղաքականի վրա, այլ ոչ թե քաղաքայինի: Չի կարող լինել քաղաք, քաղաքի պաշտպանություն, քաղաքի բարեփոխում, քանզի մայրաքաղաքապետարանն անմիջական կապ ունի քաղաքականության հետ: Երևանն ուղղակի Հայաստանի քաղաք չէ, այն Հայաստանի մայրաքաղաքն է` երկրի գլուխը, գլխուղեղը: Եթե մարդու գլուխը չի աշխատում, չի էլ կարող մարմինը նորմալ գործել: Հիմնական խնդիրը սա է: Ինչ վերաբերում է այդ Անիի բորբոքվելուն, ապա նա ավելի շատ ոչ թե բորբոքվել էր, այլ հրահանգ էր ստացել իր տերերից: Որպեսզի իր տերերի ձեռքերը չկեղտոտվեն, «Հանրապետությունը» սև գործեր անելն իր վրա է ստանձնել: Ես իրենց վերաբերող ոչ մի խոսք չեմ ասել: Իմ ելույթի մեջ «Հանրապետություն» կուսակցության մասին գեթ մեկ բառ չի եղել: Անգամ նրանց անունը չեմ շոշափել: Մեր թիրախը ՔՊ-ն է: Այդ մասին բազմիցս եմ ասել, ճիշտ է գտնում ենք, որ «Հանրապետությունը» ՔՊ-ին ծառայում է, սակայն մեր թիրախը ՔՊ-ն է: Մեր խնդիրը թրքապաշտ, թրքահպատակ ՔՊ-ի հետ է: Եթե «Հանրապետություն» կուսակցությունն իրեն տեսնում է իշխանության կազմում, դա նշանակում է, որ Նիկոլի արարքների պատասխանատվությունը ևս իրենց վրա են վերցնում: Դա ի վնաս իրենց է, մենք նրանց հետ չունենք խնդիր: Իսկ Անի Խաչատրյանի հետ անգամ անձամբ ծանոթ չեմ, ուստի ոչ մի խնդիր չեմ էլ կարող ունենալ` անձնական դաշտում: Դա քաղաքական հարթակ է, ոչ թե անձնական:

- Ձեզ մեղադրում են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար:

- Ես ընդամենը պատասխանել եմ նրան, թե ինչու իր ասածները չի ձայնագրվել` չի ձայնագրվել, որովհետև լայվն իրենք են արել, մենք լրագրող չենք ունեցել:

- Այսինքն` սկզբում Անի Խաչատրյա՞նն է Ձեզ հայհոյել:

- Այո, նա հայհոյեց, ես էլ պատասխանեցի: Նա ասում է, որ երբեք հայհոյանք չի տվել, բայց նայեք իր կենսագրությանը և կհասկանաք: Ես երկնքից չեմ իջել, ազատամարտիկ եմ, բայց ես ուղղակի իր ասածներին եմ պատասխանել: Իր լեզվով եմ իր հետ խոսել:

- Նաև հիշեցրիք, որ ՔՊ-ի վարած քաղաքականության հետևանքով Շուշիում ազերիները միզում են սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի վրա, ինչը ևս «Հանրապետության» անդամներին խիստ վրդովվեցրեց:

- Այո, դա գաղտնի՞ք էր: Չգիտեի, որ գաղտնիք էր: Վրդովվեցին, որովհետև հասկացան, որ ճիշտ ենք ասում: Ճիշտը միշտ էլ դառն է լինում ու ցավոտ: Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ մի սխալ բան չենք ասել:

- Իսկ եթե «Հանրապետությունը» և ՔՊ-ն շարունակեն այս գործելաոճը:

- Ես չեմ արձագանքի նրանց: Ծառաների մակարդակին էլ չեմ իջնելու: Պարզապես ցույց տվեցի, որ ես էլ կարող եմ իրենց լեզվով խոսել: