Ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն մշակել միասնական ճանապարհային քարտեզ, այդ քարտեզով ներկայանան ժողովրդին

Ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն մշակել միասնական ճանապարհային քարտեզ, այդ քարտեզով ներկայանան ժողովրդին

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

- Երևան -Սևան մայրուղին էին այսօր փակել Գեղարքունիքի բնակիչները։ Երեկ Ալավերդի -Օձուն հատվածում էր ճանապարհը փակված: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս շարժումը տարածվի, թե՞ ռեժիմն ամեն ինչ կանի՝ խեղդելու համար ժողովրդական դիմադրությունը։ 

-Իհարկե, ռեժիմն ամեն ինչ կանի, որպեսզի դա չծավալվի և մեծ հավանականությամբ կդիմեն մասշտաբային ռեպրեսիաների։ Կծավալվի շարժումը, թե ոչ, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, կարծում եմ, միայն բողոքի ակցիաները քիչ են, պիտի նաև այլընտրանք առաջարկվի, իսկ այդ այլընտրանքը՝ քաղաքական այլընտրանքը, կա։ Եթե այդ շարժումը ձևակերպի պահանջները, թե կոնկրետ ինչ են պահանջում Հայաստանի իշխանություններից՝ դա կծավալվի։ Իսկ պահանջելու բան կա, օրինակ, կարող են պահանջել, որ հատվածային սահմանազատում-սահմանագծում տեղի չունենա, այլ խնդիրը կարգավորվի ամբողջությամբ, այսինքն, նախ վերջնականապես ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, տեսնեն, թե դա ինչ է և հետո՝ փուլ առ փուլ իրականացվի։ Կարծում եմ, դա լեգիտիմ պահանջ է բոլոր առումներով, այդ թվում միջազգային իրավունքի տեսանկյունից և Հայաստանին զերծ կպահի այսրոպեական վտանգներից։ Եթե այդպիսի հստակ պահանջ ձևակերպվի՝ բողոքի ակցիաներին զուգահեռ, մեծ հավանականությամբ այս շարժումը ծավալվելու լուրջ պոտենցիալ ունի։ 

-Իշխանություններն ասում են՝ սա զիջում է խաղաղության դիմաց։ 

-Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն։ Նրանք այս գործընթացը չեն ընկալում որպես դեպի խաղաղություն տանող ճանապարհին արված քայլ, նրանք փորձում են այս գործընթացն օգտագործել որպես դեպի հաջորդ, ավելի լեգիտիմ պատերազմ սանձազերծելուն ուղղված քայլ։ Նրանք այդ տեսանկյունից են մոտենում այդ հարցին։ Ադրբեջանում, բնականաբար, կլինեն ուժեր, որոնք կասեն, որ իրենց ամբողջ Արևմտյան Ադրբեջանն է պետք, բայց չեմ կարծում, որ այնտեղ նման մտահոգության հիմքեր կան, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ 

-ԵԿՄ-ի մեքենան արդեն երկրորդ անգամ քշել են բնակիչների վրա, երկու վիրավոր կա։ Իշխանությունները փորձում են բախումնե՞ր հրահրել։ 

-Չեմ կարծում, թե իշխանությունները փորձում են բախումներ հրահրել։ Իրենց առանձնապես չի էլ մտահոգում՝ բախում կլինի, թե չի լինի, իրենք կցանկանային այդ հարցը կարգավորել առանց բախումների։ Բայց եթե պիտի բախում լինի՝ իշխանություններն առանց աչք թարթելու կգնան բախումների, եթե պետք լինի՝ կկրակեն էլ մարդկանց վրա։ Բախումը նպատակ չի, բախումը միջոց է, որպեսզի ժողովուրդը չկարողանա խոչընդոտել իրենց ծրագրերի իրականացմանը։ 

-Հնարավո՞ր է, որ բախման պարագայում դիմադրությունը թեժանա, թե՞ հակառակ ազդեցությունը կլինի՝ մարդիկ կկոտրվեն։ 

-Սա այն հարցը չի, որ հնարավոր լինի միայն ժողովրդական ընդվզմամբ հարցը լուծել։ Սրա տակ պիտի լինի քաղաքական հստակ ծրագիր և նպատակ՝ այդ դեպքում դժվար կլինի կազմաքանդել այդ շարժումը։ Իսկ եթե դա լինի ընդամենը ինքնաբուխ, տեղային այսպիսի ակցիաներ, առանց հստակ քաղաքական այլընտրանքային ծրագրի՝ դա ավելի հեշտ կլինի պառակտելը։ Առավել ևս այն կարգախոսերը, այն խոսույթը, որը տարածվում է բողոքի ակցիաների շրջանակներում՝ դրա տակ էլ քաղաքական բան չկա, քաղաքական բովանդակություն չկա։ 

-Ընդդիմադիր դաշտը միավորվա՞ծ է այդ քաղաքական բովանդակությունը ձևավորելու համար։ 

-Խոսքը ֆիզիկական միավորման մասին չի․ ընդդիմությունը կարող է միավորվել հստակ ծրագրի և նպատակի շուրջ։ Եթե այդ ծրագիրը, նպատակը չկա, զուտ ֆիզիկական միավորումն անիմաստ է և հնարավոր էլ չի։ Այստեղ խնդիրն այն չի, որ ընդդիմադիր ուժերը գնան կանգնեն իրար կողքի, նրանք պիտի հանդիպեն ինչ-որ կաբինետում, քննարկեն միասնական ծրագիր, փորձեն ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, հետո այդ քարտեզով դուրս գան ժողովրդի առաջ՝ այ դա կլինի միավորում։ Ցավոք, այսօր դա չեմ տեսնում, չնայած չեմ բացառում, որ ինչ-որ անտեսանելի գործընթացներ ամեն դեպքում կան, ես չգիտեմ։ 

-Ձեր նշած քաղաքական օրակարգի ձևավորման դեպքում հնարավո՞ր է ուժայիններն անցնեն ժողովրդի կողմը։ 

-Եթե հստակ օրակարգ լինի, այո, չեմ բացառում, որ կանցնեն այդ օրակարգի շուրջ։ Քանի դեռ դա չկա, ես չեմ կարծում, թե երկիրը լավ վիճակում հայտնվի: Եթե ուժային կառույցները սկսեն չենթարկվել իշխանություններին, դա ուղղակի կբերի անարխիայի։ Այդ ճանապարհով գնալը շատ վտանգավոր կլինի։ Դրա համար գործընթացները պիտի հակառակ ուղղությամբ տանել, պետք է ստեղծել քաղաքական ծրագիր, որի հետևից, եթե գնան քաղաքական ուժերն ու ժողովրդի լայն զանգվածներով, այդ դեպքում բանակի և ուժային կառույցների հետևելն այդ ծրագրերին, դա կօգնի գործին և Հայաստանը ցնցումների մեջ չի գցի։ Իսկ առանց որևէ ծրագրի, հենց այնպես, դա արդեն կլինի ապստամբություն, Աստված մի արասցե, գուցե նաև քաղաքացիական պատերազմ, ինչը մեր իրավիճակում ուղղակի կործանարար կլինի։ 

-Եկեղեցու դերն ու մասնակցությունն այս իրադարձություններին ինչպե՞ս կգնահատեիք։ 

-Այն, որ եկեղեցին և առանձին եկեղեցականներ այսքան ակտիվացել են՝ լավ օրից չի։ Եթե մենք ունենայինք որակյալ քաղաքական դաշտ, որակյալ, պատասխանատու քաղաքական ուժեր, դրա կարիքը չէր լինի։ Այսինքն, ստիպված է դա եղել, ուրիշ համախմբող գործող, կառույց չկա և շատերի համար միակ հույսը մնացել է եկեղեցին։ Դե եթե ուրիշ դերակատարներ չկան, իսկ վտանգներն ակնհայտ են, ուրիշ ի՞նչ է մնում, պետք է որևէ համազգային կառույց փորձի իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Եթե լիներ, միանշանակ կարելի էր ասել, որ եկեղեցին այդտեղ անելիք չունի։ Բայց քանի որ այլ կառույց չկա, հասարակության մի զգալի հույսը մնում է եկեղեցին։