Այդ բանաձեւերն ունեն զրոյական հետեւանք

Այդ բանաձեւերն ունեն զրոյական հետեւանք

Եվրախորհրդարանն օրերս ընդունեց արտաքին քաղաքականության եւ ԵՄ անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձեւ. «Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված եւ անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի եւ գազի ներմուծումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը եւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»: 

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշում է. «Այդ բանաձեւերն առհասարակ ունեն զրոյական հետեւանք: Ոչ մի օգտավետություն էլ դրանք չունեն իրականում, ես չեմ հիշում նման օրինակ, որ ցանկացած նման որոշում հետագայում կիրառվի եւ Ադրբեջանին դրդի իրավիճակը շտկելու քայլերի: Եվրապառլամենտն իրականում ոչ մի պատժամիջոց էլ չի կիրառում եւ Ադրբեջանին ոչինչ չի պարտադրում: Ասեմ ավելին` Ադրբեջանն անգամ միջազգային դատարանի որոշումներն է անտեսում: Անկախ նրանից, թե Եվրոպան ինչ որոշումներ կկայացնի, ստեղծված իրավիճակը մեզ համար գնալով բարդանալու է, որովհետեւ Ադրբեջանին սանձահարող որեւէ ուժ գոյություն չունի: Երբ Եվրախորհրդարանն իր ասածները գործնականում անի, Ադրբեջանին ենթարկեցնի իր պահանջներին, այդ ժամանակ էլ կխոսենք այս մասին: Դեռ այս ընթացքում նման բան չի եղել: Միջազգային դատավճիռներին չենթարկվելն արդեն իսկ ավտոմատ պետք է տանի գույքի առգրավման ճանապարհով: Դուք հիշո՞ւմ եք գեթ մեկ դեպք, որ Եվրոպայի տարածքում ադրբեջանական գույք առգրավեն եւ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրեն: Եվրոպա Ադրբեջանի միջոցով գազ է մտնում, ակնհայտ է, որ այստեղ կա Ռուսաստանի ֆակտորը: Այսօր Եվրոպայի համար Ադրբեջանից գազ գնելն ամենակարճ ու մատչելի տարբերակն է: Արդյո՞ք Եվրոպան պատրաստ է հրաժարվել այդ ամենից, մի տեսակ կասկածում եմ»: 

Այդ դեպքում ո՞րն է այս ամենի իմաստը, Ադիբեկյանը շեշտեց. «Այստեղ արդեն հակառուսական պատժամիջոցների, քայլերի շղթաներից մեկն է առաջ գալիս: Փորձում են Հայաստանին հաճոյանալ, որպեսզի ՀՀ-ին կտրեն Ռուսաստանից: Եվրոպան ասում է` Հայաստան, տես քո օգտին ինչ լավ բանաձեւեր եմ ընդունում, մեզ հետ ընկերություն արա, Ռուսաստանի պորտալարը կտրի, զուտ փորձում են Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից կտրել: Այնպես չէ, որ ինձ կարելի է ռուսամետ անվանել, կամ էլ ես հայ-ռուսական հարաբերությունների երկրպագուն եմ, սակայն Ռուսաստանի պորտալարը կտրողները պետք է նախ լուրջ վերլուծություններ, ծանրութեթեեւ անեն իրավիճակը, նոր միայն որոշեն, թե որ համագործակցությունն է Հայաստանի համար առավել բարենպաստ, որն է Հայաստանի շահերից բխում: Սրանք սկզբից մի բան են անում, հետո ասում` վայ, չստացվեց: Ես թերահավատորեն եմ վերաբերվում Եվրոպայի թվացյալ հայամետությանը, որովհետեւ տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է նույն Եվրոպան լուռ նայում, թե ոնց են մեզ ռմբակոծում, ոնց են մեր գերիներին մորթում, ոնց էին շրջափակման մեջ արցախցիները սովամահ լինում եւ այլն: Հիմա հանկարծ հիշեցին, որ հայկական շահ կա: Ներող եղեք, ես չեմ հավատում»: