Սկանդալի մշակույթ

Սկանդալի մշակույթ

Մեզանում ընդունված է՝ սկանդալները պայթում, սակայն ոչ մի հետևանք չեն առաջացնում: Մինչդեռ սկանդալները երբեմն այնպիսի դրական լիցքերից են բաղադրված լինում, որ նրանց պայթելուց հետո ոչ միայն հետևանքներ, այլև արդյունքներ պիտի ակնկալվեին: 
Օրինակ՝ կրթական չափորոշիչների սկանդալից հետո հանրային սպասում ձևավորվեց, թե սկանդալը «պայթեցրած» մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, պայթյունի ձայնից ուշքի կգա և հետ կկանգնի իր ապազգային նկրտումներից, սակայն ոչինչ տեղի չունեցավ՝ ո՛չ հանրային քննարկման ներկայացված չափորոշիչները հետ կանչվեցին, ո՛չ չափորոշիչները ստեղծող փորձագիտական խմբերը վերակազմավորվեցին կամ գոնե «գլխատվեցին»... ոչ մի նման  բան:

Սկանդալը միանգամայն զուր պայթեց նաև Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակի անհեթեթ մեկնաբանության և նախագահի անհաղորդ կեցվածքի շուրջ՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցելության և տեղի ունեցած հանդիպումների առիթով: «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը». այս տգետ մեկնաբանությունն արագորեն տարածվեց լրատվամիջոցներով, հանրորեն ընկալվեց որպես սկանդալ  ու թեև իրավամբ պայթեց, սակայն նաև անհետևանք մարվեց. ԱՀ նախագահը նույնիսկ կեսբերան չհրաժարվեց իր խոսքաշատ խոսնակի խոսքերից: Կրկին ոչինչ տեղի չունեցավ: 
Ժողովրդավարական որևէ երկրում այսօրինակ սկանդալները դրական արդյունքներ կարձանագրեին հասարակական-քաղաքական կյանքի այս կամ այն ոլորտում, որովհետև դրանք երբեմն կուտակված խնդիրների «սեղմման» արդյունքում տեղի ունեցող «պայթյուններ» են, որոնցով հանրային-քաղաքական մթնոլորտը պարպվում է ստեղծված ներքին լարումներից և ինքնամաքրվում: 

Բերված  սկանդալներից առաջինի  արդյունքում, օրինակ, ԿԳՄՍ նախարարը եթե նույնիսկ հրաժարական չտար, ապա գոնե հանրակրթության համար առարկայական չափորոշիչներ և ծրագրեր կազմող փորձագիտական կոչված, իրականում ապազգային ինքնագործունեությամբ զբաղված խմբերի ղեկավարներին կհեռացներ այն գործերից, ուր վերջիններս  «գլուխներ» էին կարգված: 

Երկրորդ սկանդալի դեպքում, իբրև իրավիճակը փրկող քայլ, կհետևեր նախագահի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը (ոչ թե իր կամքին թողնված՝ հրաժարական տալ կամ չտալը): Սակայն դարձյալ ոչինչ տեղի չունեցավ. ամենայն հավանականությամբ՝ մարդը բարեհաջող կպաշտոնավարի մինչև... հաջորդ սկանդալ:

Ակնհայտ է, որ մասնավորապես քաղաքական սկանդալները վերջնարդյունքի ամլության պատճառով մեր իրականությունում այն աստիճանի են իմաստազրկվել, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի հարուցած վերոհիշյալ սկանդալի ժամանակ նույնիսկ պարզ հետաքրքրություն չձևավորվեց թե՛ ԱՀ նախագահի խուսափողական կեցվածքի, թե՛ նաև ՀՀ վարչապետի պահվածքի շուրջ, չնայած բառապաշարը, որով լրատվամիջոցներում ներկայացվում էր ԱՀ նախագահին «պատժելու» փաշինյանական զայրույթը, արտառոց էր, ոչ պատվաբեր թե՛ զայրույթի տիրոջ, թե՛ հասցեատիրոջ համար: Իսկ հանրային հետաքրքրություն չձևավորվեց, որովհետև հանրությունն արդեն սովորել է բացարձակ անհետևանք մնացող սկանդալներին. նրա համար սկանդալը այլևս որևէ խնդրի հանգուցալուծում չենթադրող իրավիճակ է:

Այո, մեզանում գոյություն չունի (գուցե երբեք էլ գոյություն չի ունեցել) սկանդալների հարուցած հաշվետվողականության սովորույթը. սկանդալի մշակույթը, ինքը ձևավորված չլինելով, «մեղավորների» համար չի ձևավորել հանրությանը հաշվետու լինելու պարտավորություն, որը նաև քաղաքական նորմալ վարքի խնդիր է: Վերոբերյալ օրինակներում «պատկան» սկանդալիստները, օրինակ, որևէ կերպ հաշվետու չեղան հասարակական ակնկալիքի առաջ՝ կոնկրետ այդ սկանդալների վերաբերյալ սեփական դատողությունները և համարժեք քայլերը ներկայացնելու առումով: 

Եվ սկանդալն ահա այսպես՝ իր դրական միտումներից զրկվելով, դառնում է ոչ այլ ինչ, քան սովորական ասեկոսե, որի հասարակական-քաղաքական նշանակությունը զրո է:
Զրոյական նշանակություն ունեցավ վերջին երկու տարիների (հետիշխանափոխական շրջանի) նույնիսկ ամենախոշոր սկանդալը՝ ԱԱԾ, ՀՔԾ պետերի և վարչապետի հեռախոսազրույցների գաղտնալսման պատմությունը: Ուրիշ երկրում դա կարող էր ոչ միայն նշված կառույցների ղեկավար պաշտոնյաների, այլ նաև երկրի առաջնորդի «գլուխ» արժենալ, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ ուոթերգեյթյան սկանդալն ի վերջո հրաժարականի պարտադրեց նախագահ Ռ. Նիքսոնին: Այդ սկանդալի հասարակական-քաղաքական նշանակությունն այնքան զորեղ էր, որ «ուոթերգեյթ» (Վաշինգտոնում գտնվող հյուրանոցային համալիրի անվանում) բառի վերջին՝ «գեյթ» արմատը (դարբաս, դուռ, մուտք, ելք, նիգ և այլն) նույնիսկ... արմատից «ընկավ»՝ վերածվելով ածանցի, որը հավելվելով բառին՝ վերջինիս հաղորդում է նաև իր բուն իմաստից բացարձակապես տարբեր՝ «սկանդալ» իմաստ, օրինակ՝ Իրանգեյթ (կապված պատանդների ազատման դիմաց Իրանին գաղտնի զենք վաճառելու Ռ. Ռեյգանի սկանդալային քաղաքականության հետ), Մոնիկագեյթ (Լևինսկիգեյթ, սեքսգեյթ)  (կապված ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի և Սպիտակ տան աշխատակցուհի  Մոնիկա Լևինսկու սկանդալային սիրավեպի հետ): Եվ վերջապես հայերիս համար ողբերգական՝ էյքսգեյթ (կացնասկանդալ), որը  հունգարացիների կողմից այդպես անվանվեց՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած տեղը գլխատած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատմության հետ: 

ՀԳ.: Անշուշտ, հետաքրքիր է նաև «սկանդալ» ֆրանսերեն բառի ստուգաբանությունը: Ծագում է հնդեվրոպական «սկանդ» (*skand) արմատից, որ նշանակել է «թռչել»: Եվ դա ուշագրավ է. սկանդալները նաև հնարավորություն են` թռչելու այն հիմնախնդիրների վրայից, որոնք կուտակվել են: Ասել է թե՝ արագորեն լուծելու դրանք:
Մեզանում, ցավոք, չեն լուծվում:

ՀԳ. 2: Հին սլավոներում «սկանդալ» նշանակել է նաև «թակարդ»: Բառի այս նշանակությունը նույնպես խորհրդանշական է. անձը հայտնվում է թակարդում, և թե ինչպե՛ս կազատվի կամ դուրս կգա այնտեղից՝ դրանով կբնորոշի ինքն իրեն:
Մեզանում մահու չափ վախենում են ինքնաբնորոշումից: