Ֆրանսիացի պատգամավորն Ասանժի համար դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին

Ֆրանսիացի պատգամավորն Ասանժի համար դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին

Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Առա՛ջ, Հանրապետությո՛ւն» խմբակցության պատգամավոր Սերեն Մոբորնը առաջարկել է բժշկական օգնություն ցուցաբերել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր, մեդիափորձագետ Ջուլիան Ասանժին: 

Հաղորդում է (16.01.2021) ռուսական «ՌԹ» հեռարձակողը՝ գրելով, որ այդ մասին նշված է Ֆրանսիայի Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիին ուղարկված նամակի մեջ:

Ուշագրավ է, որ 2020 թվականի հուլիսի 6-ից Ֆրանսիայի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դյուպոն-Մորետտին ժամանակին եղել է Ասանժի փաստաբանը։

Նամակում պատգամավորը գրել է, որ Ասանժի հետ կապված իրավիճակը անհանգստություն է առաջացնում իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում:

Մասնավորապես, անդրադառնալով լրագրողների վկայություններին՝ պատգամավորը հիշեցրել է, որ խիստ ռեժիմով բրիտանական  Բելմարշի բանտում, որտեղ այժմ պահվում է Ասանժը, անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին 160 բանտարկյալից 65-ի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ: «ՔՈՎԻԴ-19 ախտորոշվածներից ոմանք գտնվում են պարոն Ասանժի խցի մոտակայքում: Միևնույն ժամանակ, նա ինքն էլ տառապում է թոքերի քրոնիկ հիվանդությամբ, ուստի ռիսկային խմբի մեջ է. վիրուսը նրա համար էական սպառնալիք է ներկայացնում»,- ընդգծել է պատգամավորը:

Բացի այդ, Ասանժի շրջապատը, ըստ խորհրդարանականի, հայտնել է լուրջ հոգեբանական տրավմաների մասին, որի հետ լրագրողը բախվել է կալանքի տակ լինելու ընթացքում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ Մոբորնը հարցրել է Դյուպոն-Մորետտին, թե ինչ է մտածում Ասանժին բժշկական օգնություն ցուցաբերելու և լրագրողի համար համապատասխան բուժման համար վճարելու, ինչպես նաև հանրապետությունում նրան քաղաքական ապաստան տրամադրելու հեռանկարի մասին: