«Մալաթիայի» տոնավաճառը դեռ փակ կմնա

«Մալաթիայի» տոնավաճառը դեռ փակ կմնա

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր չի բացվի, քանի որ խախտումները վերացնելու աշխատանքները դեռ չեն ավարտվել: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ աշխատանքները որոշակի ժամանակ են պահանջում, այդ իսկ պատճառով դեռևս ավարտված չեն:

«Հավանաբար կավարտվեն այսօր, վաղը գուցե տոնավաճառն աշխատի, եթե ոչ, կարծում եմ՝ երկուշաբթի օրն ամեն ինչ ավարտված կլինի, գիշեր-ցերեկ աշխատում ենք այդ ուղղությամբ», -նշեց տոնավաճառի տնօրենը:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառը փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, իսկ ահա մնացյալ 5-ի ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք նաև, որ տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին բողոքի ակցիա իրականացրին, հայտարարելով, որ այս որոշումն անարդար է, ինչը պետք է անպայման վերանայել: